Մատչելիության հղումներ

Վատացել է Սամվել Բաբայանի առողջական վիճակը


«Խիստ վատացել է Սամվել Բաբայանի առողջությունը: Անհապաղ պետք է Սամվելին տեղափոխել Երեւան, ըստ որում՝ ռազմական գոսպիտալ», - այսօր հայտարարեց «Իրավունք եւ միաբանություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը:

Նա կոչ արեց նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ «շտապ հանձնարարություններ տալ հերոսի կյանքը փրկելու համար», ավելացնելով. - «Այլապես ամբողջ պատասխանտվությունը կընկնի այս վարչակազմի վրա»:

«Ռոբերտ Քոչարյանը քաջատեղյակ է, որ Սամվել Բաբայանը ոչ մի առնչություն չուներ 2000թ. մարտի 22-֊ի դեպքերի հետ եւ գիտի, որ Բաբայանը երբեք թույլ չէր տա պարտվողական քաղաքականություն վարել Ղարաբաղի հարցի լուծման ժամանակ», - շարունակեց Արտաշես Գեղամյանը: - «Առաջիկայում իշխանափոխությունից իսկույն եւեթ կպարզվի, թե ովքեր էին թե' «27»-ի հետեւում կանգնած, թե մարտի 22-ի ստեփանակերտյան դեպքերի հետեւում կանգնած մարդիկ»:

Գեղամյանը մանրամասներ չհաղորդեց, ասելով միայն, որ Բաբայանի առողջական խնդիրները թոքերին են առնչվում, եւ որ իրենք դիմելու են Կարմիր Խաչին:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը ներկայումս 14 տարվա ազատազրկման մեջ է՝ 2000 թվականի մարտի 22-ին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ կազմակերպելու համար: Բաբայանը իրեն մեղավոր չի ճանաչել:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG