Մատչելիության հղումներ

Նորապատ եւ Ջանֆիդա գյուղերում լարվածությունը չի թուլանում


Արմավիրի մարզի Ջանֆիդա եւ Նորապատ գյուղերում վիճակը շարունակում է լարված մնալ ապրիլի 30-ին Նորապատի գյուղապետ Զորիկ Բադալյանի սպանությունից հետո:

Ներքին գործերի նախարարության մամուլի եւ հասարակության հետ կապերի վարչության պետ Արտակ Վարդազարյանի տվյալներով, հնարավոր բախումները կանխելու եւ լարվածությունը չեզոքացնելու նպատակով գյուղերում տեղակայված են ներքին գործերի հատուկ ստորաբաժանումներ:

Դատախազության տվյալներով, նախաքննության ընթացքում կատարված խուզարկություններով Ջանֆիդա գյուղի բնակիչների մոտ զենք է հայտնաբերվել: Ապօրինի զենք պահելու փաստի առնչությամբ հարուցվել է առանձին քրեկան գործ: Ձերբակալված է եւս 4 մարդ:

Ըստ գյուղացիների, Արմավիրի գյուղմթերքների շուկայի շուրջ ծագած խնդիրը վերաճել է թշնամության եւ դարձել սպանության պատճառ: Նրանց վարկածով, հենց շուկայի պատճառով են սպանել Բադալյանին: Գյուղացիներից մեկը «Ազատություն» ռադիոկայանին պատմեց, որ վիճահարույց շուկան տնօրինում էր Երկրապահ կամավորական միության անդամ Ռուստամ Գասպարյանը, իսկ սպանության մեղադրանքով ձերբակալված Գագիկ Պետրոսյանը Գասպարյանի մտերիմն է եւ նույնպես ԵԿՄ անդամ:

ԵԿՄ փոխնախագահ Մյասնիկ Մալխասյանը ասաց, թե գործի մանրամասներին ծանոթ չէ, սակայն տեղյակ է, որ «այս պատմությունը խորքային պատճառներ ունի»:

Նախաքննությունը շարունակվում է, որեւէ վարկած պաշտոնապես չի հրապարակվում:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG