Մատչելիության հղումներ

Մայիսից կիրականացվեն Երեւան - Բյուսել - Լոս Անջելես կանոնավոր չվերթներ


Մայիսի 26-ին բելգիական «Վի-Ջի Էյրլայնզ» ընկերության «Էյրբաս 330» ինքնաթիռով կիրականացվի Երեւան - Բրյուսսել - Լոս Անջելես առաջին չվերթը: Ինքնաթիռի համատեղ շահագործման մասին համապատասխան պայմանագիր է կնքվել «Վի-Ջի Էյրլայնզ»-ի եւ «Հայկական ավիաուղիներ»-ի միջեւ:

«Վի-Ջի էյրլայնս»-ը երիտասարդ ավիաընկերություն է, որը ստեղծվել է անցած տարվա նոյեմբերին՝ սնանկ ճանաչված բելգիական ազգային փոխադրող «Սաբենա» ընկերության հիման վրա: Մայիսից ավիաընկերությունը սկսում է անդրատլանտյան թռիչքները երեք կետերով՝ Բոստոն, Նյու Յորք եւ Լոս Անջելես, վերջինը՝ «Հայկական ավիաուղիներ»-ի հետ համատեղ:

Ա330 ինքնաթիռն ունի 239 տեղ, թեեւ նախատեսված է 400 ուղեւորի համար: Լոս Անջելես չվերթի համար հայկական կողմին տրամադրվել է 100 նստատեղ՝ ներառյալ բիզնես-կարգի 10 տեղը:

Ինչպես այսօր հրավիրած ասուլիսում տեղեկացրեց Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Հովհաննես Երիցյանը, յուրաքանչյուր չվերթի համար հայկական կողմը նախապես պետք է վճարի 103 հազար դոլար, ընդ որում՝ ավիատոմսերի վաճառքով զբաղվող գործակալությունները պիտի վճարեն անմիջապես «Վի-Ջի Էյրլայնզ»-ին: Երիցյանի կարծիքով, դա կտրուկ կնվազեցնի նման գործակալությունների թիվը՝ մի քանի տասնյակից մինչեւ 4-5-ը:

Ըստ ստորագրված պայմանագրի, եթե Հայաստանից մեկնած ուղեւորին Միացյալ Նահանգների միգրացիոն ծառայությունները հետ ուղարկեն, ապա այդ ուղեւորի թռիչքի ծախսը պետք է հոգա «Հայկական ավիաուղիներ»-ը: Դա կարժենա մոտ 5000 դոլար, ինչը, Երիցյանի խոսքերով, «կստիպի ավելի զգույշ աշխատել»:

«100 տոկոս բեռնվածության դեպքում ավիաընկերությունը կունենա 30-35 հազար դոլարի եկամուտ ամեն չվերթից, իսկ 65 տոկոսից պակաս բեռնվածությամբ թռիչքն արդեն վնասով կլինի», - ասաց Հովհաննես Երիցյանը, ավելացնելով, որ կնքված պայմանագիրը շահեկան է հայկական կողմի համար:

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի խոսքերով, միայն բիզնես-կարգի 30 տեղերը, որի տոմսերը կվաճառվեն Բրյուսելում, եւ յուրաքանչյուր չվերթի համար մուծվելիք 103 հազար դոլարը չէ, որ հրապուրել է բելգիացիներին, այլեւ՝ վերստին շուկա մտնելու եւ անդրատլանտյան մեծ շուկայում տեղ գրավելու խնդիրն է դրված սնանկացումից հետո ոտի կանգնող «Վի-Ջի Էյրլայնզ»-ի առջեւ:

Սկզբնական շրջանում չվերթները կիրակացնեն բելգիական անձնակազմերը, սակայն հետագայում կներգրավվեն նաեւ հայ օդաչուները:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG