Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Դեպի ապրիլի 24՝ այս վերջին տարվա նոր զարգացումների համատեքստում «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը շեշտադրելի է տեսնում հետեւյալ հարցադրումները. «Ո՞վ է հորինել այն զառանցանքը, որ հանուն աշխարհում ու տարածաշրջանում տեղի ունեցող դարակազմիկ իրադարձություններին մեր մասնակցության, պարտավոր ենք մի կողմ դնել ազգային նպատակներն ու պահանջները եւ առաջին հերթին՝ Ցեղասպանության ճանաչման հարցի հետապնդումը: Եվ ինչո՞ւ հանուն այդ նույն կարգախոսների իրականացման եւ իր պետության լիարժեք ժողովրդավարացման, Թուրքիան ինքը չի նախաձեռնում Հայոց ցեղասպանության ճանաչման գործը»:

«Հայոց պետությունն իր օրենքի ուժով ու դիվանագիտական հմտությամբ պետք է շարունակի մեր պայքարը՝ Հայոց ցեղասպանության վերջնական ճանաչման համար», - սահմանվում է «Հայոց Աշխարհ»-ում: - «Հավատը մեր պատմության հանդեպ եւ մեր ողբերգությանը տեր կանգնելու վճռականությունը հաղթանակ եւ միայն հաղթանակ են խոստանում ցեղասպանությունից վերապրելով պետություն ստեղծած, ազգերի համաշխարհային հանրությամ մեջ իր տեղը գրաված եւ այդ բարձունքից իր դատը հետապնդող մեր պետությանն ու ժողովրդին»:

«Ազգ» թերթի անդրադարձում ձեւակերպված է. «Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի ժխտողականությունը մնում է անփոփոխ, պարզապես փոփոխության է ենթարկվում թուրքական կեղծարարությունը, իսկ դրա հիմքում դրվում են «հայերի գազանությունների» մասին տարաբնույթ հրատարակությունները»։ Ընդամենը շահարկումների դաշտը լայնացնելու, կոտորածները կասկածի տակ դնելու եւ Հայոց ցեղասպանության միջազգային գործընթացը կասեցնելու խայծ են դիտվում եւ Թուրիայից հնչող կոչերը՝ գնալ գիտաարխիվային հետազոտությունների ուղիով:

Վերջին մեկ դարի փուլային մատուցմամբ հասնելով այսօրվան, «Հայաստանի Հանրապետություն» թերթը հավաստում է. «Աշխարհն ընթանալու է դեպի վեհի, բարոյականի, հավատի վերածնունդ, որովհետեւ այլ ելք պարզապես չունի, այնքան որ շատ են իր ուսերին ծանրացած կեղծիքն ու հոգեւոր եւ նյութական մրուրները, որոնցից հրաժարումով, մաքրվելու գնով միայն հնարավոր կլինի փրկել պատմական, գոյապահպանական, ազգային-ազատագրական, տնտեսական բազում խնդիրներով ծանրաբեռ Երկիր մոլորակը... Հուսանք եւ հավատանք... Հիշենք եւ հիշեցնենք լադսոնի խոսքը. փրկել Հայաստանը նշանակում է փրկել քաղաքակրթությունը»:

«Հայկական ժամանակ» թերթի մատուցմամբ, ապրիլի 24-ը նախեւառաջ մեր ամոթն է, մեր քաղաքական մտքի տկարությունը ու մեր անմրցունակությունը ժողովուրդների, գաղափարների ու հակասությունների հորձանուտում:

«Հիմնականում ցեղասպանությունն իսկապես շարունակվում է, եւ խնդիրն ամենեւին էլ թուրքերը չեն, ոչ էլ իշխանությունները: Հայ քաղաքական միտքն ավելի առաջադեմ չէ, քաղաքացին ավելի լայնախոհ չէ, քան 1915-ին», - գրում է այսօր «Հայկական ժամանակ»-ը: - «Մենք արդեն մի քանի դար ապրում ենք ցեղասպանության ռեժիմով, ուստի ցեղասպանությունը մեր ամենամեծ ձեռքբերումն է: Եթե չլիներ այն, ի՞նչ պիտի ունենայինք մենք աշխարհին ասելու, ի՞նչ հարց պիտի քննարկեինք նրանց օրենսդիր ու գործադիր մարմինների հետ: Ցեղասպանությունը մեր ամենամեծ ձեռքբերումն է լինելու, եւ մենք՝ ցեղասպանվողի լավագույն դերակատար, քանի դեռ չենք փորձել հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել եւ ինչու, քանի դեռ մենք ինքներս մեզ այլ դեր չենք վերապահել, քան ցեղասպանվողի կամ ցեղասպանողի դերակատարումը»:

Ըստ «Առավոտ» թերթի, «Ա1+»-ն էր այն փոքր կաթիլը, որ թեեւ նախկինում կատարված ցինիկ հանցագործություններին զիջում է իր ծանրությամբ, սակայն լցրեց ժողովրդի համբերության բաժակը: «Իշխանությունը սկսել է վախենալ քաղաքացիներից: ուցե դրա հետեւանքով սկսի նաեւ հարգե՞լ նրանց», - բխեցրել է «Առավոտ»-ը:

Մինչդեռ «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանի ընկալմամբ, «Ա1+»-ի բացումը պահանջող 14 կուսակցությունների շարժումը կարելի է համարել ավարտված: «Պայքարը հանուն խոսքի ազատության կարող է զարգանալ միայն մեկ ուղղությամբ՝ «Ա1+»-ը կբացվի միայն իշխանափոխության դեպքում», - առանձնացնում է մեկնաբանը: - «Բայց 14 կուսակցություններից իշխանափոխության մասին հստակորեն արտահայտվում էին միայն «Հանրապետություն» կուսակցությունը եւ ՀԺԿ-ական Արամայիս Բարսեղյանը: Մյուսները, եթե անգամ ավելի խիստ բառեր են օգտագործում, ասենք՝ գլխատենք դավաճաններին կամ բզկտենք թալանչիներին, ապա ուղղակի ընդդիմադիր երեւալու եւ հրապարակում հավաքված բազմությանը դուր գալու համար: Նրանցից շատերը ներքուստ դեռ կապված են Քոչարյանի եւ նրա վարչակարգի հետ». երկակի խաղերը շարունակում են ծաղկել:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG