Մատչելիության հղումներ

Մուշեղ Սաղաթելյանը շարունակում է հերքել մեղադրանքները


Հայաստանի ներքին գործերի նախարարության կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի դատավարությունում այսօր շարունակում էր ցուցմունքներ տալ ամբաստանյալը: Նա հերքեց բոլոր դրվագներով իրեն ներկայացված մեղադրանքները եւ պահանջեց, որ իրեն հարցաքննեն «Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված մասով:

«Որպես «Հոկտեմբերի 27»-ի կազմակերպիչներ ես կասկածում եմ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին: Եվ քննիչը հրաժարվում է այդ մասով ինձանից բացատրություն վերցնել ու այդ մասով հարցաքննություն կատարել», - ասաց Մուշեղ Սաղաթելյանը:

Կալանավայրերի վարչության նախկին պետը պնդեց, որ շարունակելու պայքարել այդ ուղղությամբ:

«Ուզում եք հարյուր տարի դատեք, ուզում եք գնդակահարություն տվեք, մինչեւ վերջ ես պայքարելու եմ», - ասաց նա, չհամաձայնելով պետական մեղադրող Կորյուն Փիլոյանի առարկությանը, թե դա գործի հետ կապ չունի:

նդապետների ձերբակալման ու ծեծի ենթարկելու մեղադրանքի դրվագով ցուցմունք տալիս Սաղաթելյանը նշեց, որ 1995 թվականի հունիսին գնդապետների հետ հանդիպման գնացել են երեքով՝ ինքը, Վազգեն Սարգսյանը, եւ վերջինիս թիկնապահ Մովսես եղանգուլյանը: Սաղաթելյանը պատմեց, որ Վազգեն Սարգսյանի հետ այդ օրը տանն է եղել, երբ Արծրուն Մարգարյանը եկել է ու ասել, որ Բուսաբանական այգի են տարել ներքին գործերի նախարարության նախկին բարձրաստիճան սպաներին, ովքեր հանրահավաքների ժամանակ համակարգի աշխատակիցներին կոչ էին անում չենթարկվել իշխանություններին:

Ու թեեւ Սաղաթելյանի խոսքերով, «Վազգենը նման բաներ չէր սիրում», իրենք այնուամենայնիվ գնացել էին Բուսաբանական այգի, ուր սպաների հետ ունեցած զրույցը «բարեկամական է եղել»: Ինչ վերաբերում է ծեծին, ապա ամբաստանյալը հերքեց, թե ծեծել է նրանց:

Նույն ձեւով Սաղաթելյանը հերքեց, թե ծեծի ենթարկել 1996 թվականի սեպտեմբերի 25-ին (նախագական ընտրություններից հետո) բերման ենթարկվածներից որեւէ մեկին: Առհասարակ Սաղաթելյանը չհիշատակեց գեթ մեկ դրվագ, որտեղ ինքը ծեծել է կամ ականատես է եղել, թե ինչպես են ծեծել «հեղաշրջման փորձի կամ մասսայական անկարգության մասնակիցներին»:

Դատական նիստը կշարունակվի ապրիլի 29-ին:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG