Մատչելիության հղումներ

Համաշխարհային բանկի փորձագետի կարծիքով, թեեւ Հայաստանի արտաքին պարտքի վիճակը բարելավվել է, այն շարունակում է մնալ աղքատ երկիր


Շաբաթ օրը Վաշինգտոնում կայացել է Արժույթի միջազգային հիմնադրամի արտարժույթի եւ Ֆինանսների կոմիտեի նիստը, որի ընթացքում հաստատվել է ԱՊՀ առավել աղքատ յոթ երկրների արտաքին պարտքի կրճատման եւ աղքատության նվազեցման ծրագիրը։ Այդ փաստաթղթով դոնորները խոստացել են վերակառուցել, իսկ որոշ երկրների դեպքում նաեւ՝ մասամբ դուրս գրել գոյացած պարտքերը՝ եթե շահառու երկրները ավելի հետեւողական լինեն տնտեսական բարեփոխումների մեջ։

ԱՊՀ երկու երկրների պարագայում արդեն վերջնական հստակություն կա. դոնորների «Փարիզյան ակումբ»-ի շրջանակներում կվերակառուցվեն Վրաստանի եւ Ղըրղզստանի արտաքին պարտքերը, դրանց վճարումը կհետաձգվի 10ը տարով՝ առանց դուրսգրման իրավունքի։ Տաջիկստանը եւ Մոլդովան, ըստ փաստաթղթի, եւս կարող են նման օգնության հավակնել։

Համաշխարհային բանկի՝ Հայաստանի գծով գլխավոր փորձագետ Լեւ Ֆրենկմանի մատուցմամբ, ԱՊՀ առավել աղքատ երկրների յոթնյակը ձեւավորվել է 1999-ի վերջին, երբ Հայաստանի արտաքին պարտքը որոշ մտահոգություն էր հարուցում: Մասնավորապես՝ արտահանումը արտաքին պարտքի համեմատ շատ փոքր էր, այսինքն՝ ներմուծվող ապրանքների դիմաց արտարժույթով վճարելու երկրի հնարավորությունները սակավ էին։ Ու դա հիմնական փաստարկն էր, որի պատճառով Հայաստանը մտավ նշված յոթնյակի մեջ:

Եվ ինչպես հաճախ պատահում է միջազգային պրակտիկայում, երբ որեւէ երկիր մտնում է ինչոր ցուցակի մեջ, դրանից դուրս գալը շատ դժվար է, հատկապես սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո, երբ նշված երկրների պարագայում առաջին պլան մղվեց աղքատության կրճատման խնդիրը:

«Իսկ այստեղ Հայաստանը լուրջ խնդիրներ ունի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց Լեւ Ֆրենկմանը: - «Նույն ցուցակում է նաեւ Ադրբեջանը, որը թեեւ արտաքին պարտքի վճարման հետ ոչ մի խնդիր չունի, սակայն, նրա բնակչության մեծամասնությունը նույնպես ապրում է աղքատության գծից ցածր»։

Հայաստանի արտաքին պարտքի դիրքը այժմ անհամեմատ լավ վիճակում է, քան 1999ին, բացի այդ, գույքով Ռուսաստանի պարտքի մարման դեպքում վիճակը էլ ավելի կլավանա։ Այդուհանդերձ, Հայաստանը, ըստ փորձագետի, շարունակում է մնալ աղքատ երկիր, ու թեեւ այստեղ արտաքին պարտքի ճգնաժամ կամ պարտքի դուրսգրման խնդիր չկա, այդուհանդերձ, մասնավոր փոխառությունների ստացման պատրանքներ էլ չպետք է լինեն:

«Այստեղ չպետք է իլյուզիաներ լինեն, միեւնույն է, Հայաստանը վարկունակ չէ մասնավոր կապիտալների շուկայում, եւ Արժույթի հիմնադրամը միանգամայն իրավացիորեն խորհուրդ է տալիս հայկական կառավարությանը առաջիկա երեք տարիներին առեւտրային փոխառությունների հույսեր չփայփայել, նույնիսկ եթե տնտեսության ներկայիս դրական միտումները պահպանվեն», ասաց Լեւ Ֆրենկմանը.

«Իբրեւ Համաշխարհային բանկի հաճախորդ Հայաստանը մոտ հեռանկարում կարող է դառնալ, այսպես ասած, խառը վարկավորում ստացող երկիր եւ օգտվել ոչ միայն աղքատ երկրների համար նախատեսված երկարաժամկետ ու անտոկոս վարկերի պատուհանից, այլեւ բարձր վարկային ռեյտինգ ունեցող երկրներին տրվող ավելի թանկ վարկերի պատուհանից», շեշտեց Համաշխարհային բանկի փորձագետը։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG