Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Անդրադառնալով Ռուսաստանում արձանագրվող հակահայ դրսեւորումներին, Լեզվաբանական համալսարանի ռեկտոր, նախագահին առընթեր մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ Սուրեն Զոլյանը «Հայոց Աշխարհ» թերթում ասում է. «Հայաստանի արձագանքը պետք է շատ ավելի լուրջ լինի... Ռուսաստանի դաշնային իշխանությունների բարի կամքին ապավինելը տվյալ դեպքում բավարար չէ. անհրաժեշտ է դիմել իրավական մեխանիզմների օգնությանը: Սահմանադրական ու գերագույն դատարանները, Ռուսաստանի իշխանությունները չեն կարող չգիտակցել, որ ավելի լավ է կամայականությունները կանխել ազգային մակարդակով, քան թույլ տալ, որ գործը հասնի եվրոպական դատարան, քանզի այդ պարագայում պատասխանը միանշանակ ի վնաս Ռուսաստանի է լինելու: Իսկ ընդհանրապես պետությունը պարտավոր է պայմաններ ստեղծել, որ մեր քաղաքացիները վերադառնան Հայաստան ոչ թե այն պատճառով, որ դրսում նրանց ճնշում են, այլ որովհետեւ Հայաստանում պայմանները ավելի նպաստավոր են... Մեր հայրենակիցների շահերը առավելագույնս պաշտպանված կլինեն, եթե այստեղ՝ Հայաստանում պայմաններ ստեղծվեն արժանապատիվ ապրելու համար»:

Ըստ «Իրավունք» թերթում ներկայացվող վերլուծականի, «Ռոբերտ Քոչարյանը, իր նախագահության 4 տարիների ընթացքում, ձգտելով լինել բոլորից խորամանկ եւ ոչ մեկի նկատմամբ չպահպանել առարկայական պարտավորություններ, արդյունքում հայտնվեց այն վիճակում, երբ չունի հուսալի ներքաղաքական եւ արտաքին քաղաքական հենարաններ: Ճիշտ է, առկա են բազմաթիվ ու բազմապիսի ապաքաղաքական հենարաններ՝ հիմնականում որեւէ գաղափարախոսություն չճանաչող եւ երկրի ճակատագրի նկատմամբ անտարբեր օլիգարխներ, սակայն դրանք ունեն մի ընդհանուր հատկություն՝ անձնական շահի գերակայություն: Իսկ դա ենթադրում է նժարի ծանր կողմը շատ արագ տեղափոխվելու հանգամանք»:

«ոլոս Արմենիի» թերթի մեկնաբանի հայացքով, մեր ժողովուրդը հակված է համակերպվելու ցանկացած անհեթեթության, եւ հհշական ուժերի քայլերն ու քարոզչությունը՝ սկզբում շոկ առաջ բերելով, հետո դառնում են սովորական ու ընդունելի. «Այսպես, այդ ուժերը արդեն հասել են ամենագլխավորին՝ ժողովրդին համոզել են, որ իրենք կարող են վերադառնալ, եւ դա նորմալ է»:

Այս առումով մեկնաբանը մասնավորապես երկու շեշտադրում ունի. «Մարդկանց թվում է, թե ներկա իշխանության հասցեին ցանկացած բացասական դրսեւորում քայլ է դեպի կուշտ ապագան, այլ ոչ թե երկու քայլ ետ՝ դեպի հհշական ամենաթողությունը»: Եվ երկրորդ. «Որեւէ մեկը չպետք է հավատա, թե իշխանությունը նախատեսվում է այս օրերին Ազատության հրապարակի հարթակում խմբվող նվազ գործիչների համար»:

Ի պատասխան նախորդ հանրահավաքում Աշոտ Մանուչարյանի հայտարարությանը Ռոբերտ Քոչարյանի՝ ՀՀՇ անդամ լինելու մասին, ՀՀՇ լրատվական կենտրոնը տարածել է պարզաբանում, ուր ընդգծված է. «Մեր տարակուսանքն ենք հայտնում, իբր Քոչարյանի եւ նրա վարչախմբի դեմ հրավիրված հանրահավաքներում նախկին իշխանությունների եւ Հայաստանի Հանրապետության հիմնադիր նախագահի դեմ հնչող հայհոյախառն ելույթների առիթով, քանզի պետական հեղաշրջմամբ իշխանության գալուց ի վեր հենց սա է եղել եւ առաջիկայում սա է մնալու Քոչարյանի եւ նրա վարչախմբի միակ փրկօղակը»:

«Իրավունք»-ի հարցին՝ նախագահական ընտրություններում դնելո՞ւ է իր թեկնածությունը, պատգամավոր, ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) նախագահ Վազգեն Մանուկյանը պատասխանել է. «Ես հակված են դնելու իմ թեկնածությունը: Կցանկանայի, որ շատ ուժեր միավորվեին, բայց միավորվեին ոչ թե անպայման այս նախագահին փոխելու միտումով, այլ համախմբված լինեին ինչ-որ գաղափարների, ծրագրերի, նպատակների շուրջ: Անընդհատ մեզ մոտ չլինի այնպես, որ մեկը վատն է, իրեն գցում ենք, այլ նաեւ լինի, որ , չէ, մենք սրան ենք բերում, որովհետեւ սա նրանից լավն է: Եթե այդ սկզբունքը աշխատի 2003-ին, ինձ թվում է՝ մեր պետության համար շատ ավելի օգտակար կլինի»:

«Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին հրապարակային ելույթներն ու հայտարարությունները վկայում են, որ նախկին արտգործնախարարը վերադառնում է քաղաքական բեմահարթակ՝ նպատակ ունենալով ակտիվորեն մասնակցել 2003-ի ընտրական գործընթացներին», - եզրակացրել է «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը, եւ այսօր գնահատում է. - «Քաղաքական գործընթացների մասնակիցը դառնալու, հասարակական-քաղաքական մտքի բյուրեղացմանը նպաստելու Րաֆֆի Հովհաննիսյանի անկեղծ ցանկությունը կարող է նպաստել Հայաստանում ծավալվող քաղաքական պայքարը բնականոն հուն տեղափոխելու, ծայրահեղ բեւեռացումներն ու բախումները բացառելու գործին: Բայց երբ նման հայտը տեղափոխվի գործնական հարթության վրա, ապա ակնհայտ կդառնա, որ ներկայումս առաջարկվող ընդհանուր գաղափարների հետ միասին անհրաժեշտ են նաեւ կոնկրետ լուծումներ՝ Ղարաբաղի հարցում, Ցեղասպանության ճանաչման խնդրում եւ ամենակարեւորը՝ սոցիալ-տնտեսական քաղաքականության մեջ: Տեսական հարթության վրա միմյանց հետ դյուրին կերպով հաշտեցվող գաղափարները եւ կյանքի բարդ ու հարափոփոխ ընթացքը հաճախ նվազագույն աղերսներ անգամ չունեն միմյանց հետ»:

«Հայկական ժամանակ» թերթը ուշադրություն է հրավիրում, որ իշխանամետ հեռուստատեսությունները «Ա1+»-ի փակումից հետո սկսել են եթերում տեղ հատկացնել ընդդիմությանը, եւ սա էլ դիտվում է «Ա1+»-ը չվերաբացելու իշխանությունների ծրագրի մեջ. «Այն, որ պետականամետների մենյույում հայտնվել են ազատ խոսքի որոշ երանգներ, պարզ ու հստակ ապացուցում է, որ հասարակության ընդդիմադիր գոլորշին մասամբ բաց թողնելու առաքելությունը նրանք վերցնում են իրենց ուսերին: Սա, թերեւս, արվում է նաեւ նրա համար, որ հանրությունը չնկատի «Ա1+»-ի փակումը եւ ժամանակի հետ ընդհանրապես մոռանա այդ մասին»:

«Այբ-Ֆե» լրատվական թողարկման 5-ամյակին նվիրված «Առավոտ»-ի ներդիրում ներկայացվող հարցազրույցում «Ա1+»-ի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը ասում է. «Ես ցավում եմ իմ կոլեգաների համար: Նրանք չորրորդ իշխանությունից տեղափոխվեցին միանգամից առաջին իշխանություն: Նրանց թվում է, թե հիմա գտնվելով առաջին իշխանության փեշի տակ՝ հանգիստ կարող են ապրել»:

«Ընդհանրապես մեր երկրի պրոբլեմը Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը չեն, իշխանությունն ու ընդդիմությունը չեն», - գրում է այսօր «Առավոտ»-ի խմբագիրը: - «Խնդիրը մեր արժանապատվության պակասն է, որի պատճառով ցանկացած իշխանավոր իրեն անպատժելի է զգում: Երբ «Ա1+»-ում քննարկվում էր՝ գնալ, թե չգնալ նախագահի մոտ, «Այբ-Ֆե»-ի երեխաները մեկ-մեկ մոտենում էին ինձ եւ ականջիս փսփսում. «Չենք ուզում աջը համբուրենք, չենք ուզում թրի տակով անցնենք»: Եկեք մեր արժանապատվության աստիճանով գոնե մի քիչ նմանվենք այս երեխաներին»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG