Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը բողոքում է «Առագաստ» սրճարանում ջազային երաժշտության համերգի անցկացման դեմ





Հիմնական ընդդիմադիր կուսակցությունները երկուշաբթի երեկոյան բողոքի ցույց էին կազմակերպել՝ ընդդեմ ջազային երաժշտության համերգի անցկացման Երեւանի «Առագաստ» սրճարանում, ուր անցած սեպտեմբերին նախագահ Քոչարյանի թիկնապահների կողմից ծեծելով սպանվել էր ջավախքաբնակ Պողոս Պողոսյանը:

Ավելի քան 200 մարդ ծաղիկներով ու մոմերով շրջապատել էին սրճարանը՝ դատապարտելով, իրենց համոզմամբ, Պողոսյանի սպանությունը ամենաբարձր մակարդակով կոծկելը:

Այսօրվա ցույցը վերջինն է ընդդիմության կազմակերպած բողոքի ցույցերի շարքում, որ սկիզբ է առել ապրիլի 2-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշմամբ «Ա1+» հեռուստաընկերությանը իր զբացեղրած կապուղուց զրկելու կապակցությամբ: Ընդդիմադիր 13 կուսակցությունների կազմակերպած հանրահավաքներում աստիճանաբար մամուլի ազատության վիճակի մասին մտահոգություններին զուգահեռ սկսկեցին հնչել հակաիշխանական կոչեր:

«Սա ավելի շատ ուղղված է մարդկանց խղճին», - ասաց Հայաստանի ժողովրդական կուսակցության խորհրդի անդամ Ստեփան Զաքարյանը: - «Նորմալ մարդը չի կարող ուրախանալ արյունոտ վայրում»:

Զաքարյանը նկատի ունի անցած տարվա սեպտեմբերի լույս 25-ի գիշերը «Առագաստ» սրճարանում ջավախքաբնակ Պողոս Պողոսյանի մահը: Վերջինիս անշնչացած մարմինը հայտնաբերվել էր սրճարանի զուգարանում՝ նախագահ Քոչարյանի հեռանալուց քիչ անց: Որոշ ականատես վկաներ ասել էին, թե Պողոսյանին ծեծելով սպանել էին անվտանգության աշխատակիցների արտաքինով մարդիկ:

Մեղադրանքը, սակայն, ներկայացվեց Քոչարյանի թիկնազորի միայն մեկ անդամի՝ Աղամալ Հարությունյան նկատմամբ: Դատարանը նրան դատապարտեց պայմանական պատժի՝ «անզգույշ սպանություն» հոդվածով:

Սպանվածի հարազատները եւ Մարդու իրավունքների պաշտպանության որոշ միջազգային կազմակերպություններ պնդում են, որ հանցագործությունը պատշաճ կերպով չի հետաքննվել ու դատարանի վճռով սահմանված պատիժը համարժեք չէ կատարված հանցագործությանը: «Հյուման Րայթս Ուաթչ» հեղինակավոր կազմակերպությունը մեղադրել էր Քոչարյանին հանցագործության բոլոր մասնակիցներին դատարանի առջեւ կանգնեցնելու խոստումը չկատարելու մեջ:

Պողոս Պողոսյանի եղբայրը՝ Անդրանիկ Պողոսյանը նույնպես մասնակցում էր այսօրվա բողոքի ցույցին: Նա կրկին իր դժգոհությունը հայտնեց անցած դատավարության կապակցությամբ: «Դա դատավարություն չէր», - ասաց նա: - «Դա խայտառակություն էր»:

«Սա բարոյական նշանակություն ունի», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ընդդիմադիր Ազգային ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Շավարշ Քոչարյանը: - «Չի կարելի երկրում անպատիժ մարդ սպանել»:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG