Մատչելիության հղումներ

Թուրքիան հայտարարում է, թե բացելու է անցած դարասկզբի արխիվները


Ստամբուլ, 20-ը ապրիլի («Ռոյթերս»). - Թուրքիան շաբաթ օրը հայտարարել է, որ հազվադեպ հնարավորություն կընձեռի գիտնականներին ուսումնասիրելու իր արխիվները, ինչը, թուրքերի կարծիքով, կհերքի պնդումները, թե անցած դարասկզբին Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ ցեղասպանություն է իրականացվել:

Մինչեւ հիմա այդ ժամանակաշրջանի արխիվները գրեթե փակ էին:

«Մեր արխիվները բաց են այդ նպատակով գիտական հետազոտությունների համար», - ասել է Թուրքիայի նախագահ Ահմեդ Սեզերը Անկարայում տեղի ունեցող գիտաժողովի մասնակիցներին ուղղված նամակում: Գիտաժողովում թուրք գիտնականներն ու պաշտոնաթող դիվանագետները քննարկում են ցեղասպանության վերաբերյալ հայերի պնդումները:

Թուրքիան պնդում է, որ նման գազանություններ չեն եղել, պարզապես Օսմանյան կայսրության փլուզման ժամանակաշրջանում պարտիզանական կռիվների ընթացքում երկուստեք եղել են զոհեր: «Պատմական հարցերը պետք է ուսումնասիրվեն ու քննարկվեն պատմաբանների կողմից», -թուրքական լրատվամիջոցների մեջբերմամբ, երկօրյա գիտաժողովի մասնակիցներին ասել է Թուրքիայի վարչապետ Էջեւիթը:

Թուրքիայի վարչապետը կրկին հնչեցրել է իր երկրի զայրույթը ի շահ հայերի պնդումների եվրոպական մի շարք երկրների խորհրդարաններում տեղի ունեցած քվեարկությունների կապակցությամբ: «Հայկական սփյուռքի ճնշման ներքո որոշ երկրների խորհրդարաններում շարունակվող գործընթացները, ամեն ինչից զատ, քամահրական են պատմության եւ պատմաբանների հանդեպ», - ասել է Էջեւիթը:

Փետրվարին թուրք քաղաքական գործիչները խիստ քննադատության էին ենթարկել Եվրոխորհրդարանին՝ 1915 թվականին հայերին կոտորելու մեջ թուրքերին մեղադրող բանաձեւ ընդունելու համար՝ դա անվանելով «տգեղ հարձակում» Եվրամիության անդակցության թեկնածուի հանդեպ: Անցած տարի Ֆրանսիայի խորհրդարանի կողմից հայանպաստ բանաձեւի ընդունմանն ի պատասխան Թուրքիան ժամանակավորապես դադարեցրել էր ֆրանսիական ընկերությունների հետ ունեցած ռազմական պայմանագրերի գործողությունը:

Էջեւիթը վերջերս հարուցել էր հայերի ու հրեաների զայրույթը, երբ Իսրայելին մեղադրեց պաղեստինցիների նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու մեջ: Հետագայում, սակայն, նահանջեց՝ հայտարարելով, թե իրեն սխալ են հասկացել:

Երկու տարի առաջ Միացյալ Նահանգների կոնգրեսը քվեարկության չդրեց հայկական մեղադրանքները ճանաչող բանաձեւը այն բանից հետո, երբ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը նախազգուշացրեց, որ դա կվնասի ԱՄՆ-ի անվտանգության շահերին Միջին Արեւելքում, ուր ՆԱՏՈ-ի անդամ Թուրքիան է Միացյալ Նահանգների առանցքային դաշնակիցը: Հայկական հզոր լոբբին, որը ներկայացնում է ԱՄՆ-ում ապրող մոտ 1 միլիոն հայերին, այդուհանդերձ, փորձում է ճնշում գործադրել նախագահ Բուշի վարչակազմի վրա՝ հարցը կրկին բարձրացնելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG