Մատչելիության հղումներ

Բուշը արտոնել է ռազմական օգնության տրամադրումը հակամարտող Հայաստանին եւ Ադրբեջանին





Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը այս գիշեր հուշագիր է հասցեագրել պետքարտուղարին, որով ճանապարհ է հարթում Հայաստանին, Ադրբեջանին եւ Տաջիկստանին ռազմական օգնություն ցուցաբերելու համար:

«Ես գտնում եմ, որ պաշտպանական հանդերձանքի եւ ծառայությունների տրամադրումը Հայաստանին, Ադրբեջանին եւ Տաջիկստանին կամրապնդի Միացյալ Նահանգների անվտանգությունը եւ կնպաստի աշխարհում խաղաղության հաստատմանը», - նշել է Ջորջ Բուշը, հորդորելով Քոլին Փաուելին փոխանցել այս տեսակետը Կոնգրեսին:

Այսպիսով նորանկախ Հայաստանի եւ Ադրբեջանի պատմության մեջ առաջին անգամ սկսվում է ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը երկու հակամարտող երկրներին:

Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռոս Ուիլսոնը, որը մի քանի օր առաջ այցելել էր Հայաստան, լրագրողների հետ զրույցում հիշեցրել է, որ երկու երկրներից յուրաքանչյուրին տրվելու է 4 միլիոն 4ՕՕ հազար դոլարի ռազմական օգնություն, ընդ որում՝ ոչ միատեսակ: Կողմերն իրենք են հստակեցրել, թե ինչի կարիքն ունեն, ԱՄՆ-ն էլ ղեկավարվել է յուրաքանչյուր երկրի առաջնահերթություններով:

Բաքվում լույս տեսնող "Զերկալո" թերթը, որը հրապարակել է ամերիկացի դիվանագետի պատասխանները, այս շաբաթ հարցազրույց է տպագրել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Նիկոլայ Գրիբկովի հետ, որը պնդում է, թե հակամարտության կողմերը մի քանի անգամ մոտ են եղել Ղարաբաղյան հարցի լուծմանը թե' 99 թվականի աշնանը, թե' դրանից առաջ, սակայն ամեն անգամ վերջին պահին ինչ-որ հանգամանք խանգարել է:

Գրիբկովի տպավորությամբ, Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիեւը շատ պատասխանատու են վերաբերում հարցին եւ անկեղծորեն ուզում են լուծել խնդիրը, սակայն երկու երկրների հանրությունը, ռուս դիվանագետի կարծիքով, ավելի արմատական մոտեցում է ցուցաբերում՝ ելնելով "Կամ ամեն ինչ, կամ ոչինչ" սկզբունքից, եւ նման տրամադրվածությունը Հայաստանում եւ Ադրբեջանում խորացնում է ընդդիմությունը, որը դեմ է իշխանության ցանկացած քայլի:

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Ռյաբովը կարծիք էր հայտնել, թե Ղարաբաղի հարցը պետք է լուծվի փուլ առ փուլ՝ նախ հայերը պետք է դուրս բերեն իրենց զորքերը գրավյալ տարածքներից, հետո միայն կսկսվի Ղարաբաղի կարգավիճակի քննարկումը: Երեկ «Էմ-Փի-Էյ» գործակալությանը տված հարցազրույցում Ռյաբովը վերահաստատել է իր դիրքուրոշումը՝ ասելով. - «Չեմ կարծում, թե փուլ առ փուլ տարբերակը հակասում է Մինսկի խմբի սկզբունքներին, չէ որ գլխավոր պրոբլեմը գրավյալ տարածքների ազատագրումն է»:

Մինչդեռ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել էր, թե նման մոտեցումը հակասում է համանախագահների մշակած սկզբունքներին:

Ո՞րն է ի վերջո Մինսկի խմբի եւ մասնավորապես ռուսական կողմի դիրքորոշումը: Այս հարցին խմբի ռուս համանախագահ Գրիբկովը պատասխանել է դիվանագիտորեն՝ բոլոր առաջարկներն էլ սեղանի վրա են մնում, կողմերը պիտի որոշեն, թե որն է ընդունելի:

Դեսպան Ռյաբովը, ի դեպ, Ադրբեջանին էլ առաջարկել է որպես պատասխան քայլ վերականգնել երկաթուղային երթեւեկությունը: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Նովրուզ Մամադովը երեկ հաստատեց, որ պաշտոնական Բաքուն համաձայն է՝ թող հայերը դուրս բերեն զորքերը Ղարաբաղին հարող ադրբեջանական տարածքներից, մենք էլ երկաթուղին կվերաբացենք, բայց Հայաստանի ղեկավարության ոչ կառուցողական դիրքորոշումը խոչընդոտում է այս նախաձեռնությանը:

Երեկ Ադրբեջանի խորհրդարանը հայտարարություն է արել գրավյալ տարածքների վերաբերյալ, պնդելով, թե հայերն այնտեղ լիովին ավերել են 500 պատմական հուշարձան, հնեաբանական 100 հուշարձան եւ 22 թանգարան: Այսօր ադրբեջանական պատվիրակությունը մեկնել է Ստրասբուրգ, որտեղ երկուշաբթի օրը բացվում է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը, եւ ադրբեջանցի պատգամավորները մտադիր են շրջանառության մեջ դնել իրենց Միլի մեջլիսի ընդունած այս փաստաթուղթը:

Եվ քանի որ Ստրասբուրգում է լինելու նաեւ հայաստանյան պատվիրակությունը, այսօր արդեն կարելի է կանխատեսել՝ հայ-ադրբեջանական վեճը մեկ շաբաթով տեղափոխվելու է Եվրոպա:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG