Մատչելիության հղումներ

Ի պաշտպանություն «Ա1+»-ի հերթական հանրահավաքում գերիշխում են իշխանափոխության կոչերը





Մի քանի հազար մարդ էր այսօր հավաքվել Ազատության հրապարակում՝ ի պաշտպանություն «Ա1+»-ի հերթական հանրահավաքի, ուր արդեն գերիշխում էին իշխանափոխության կոչերը:

Հանրահավաքների այս ալիքը, որ սկսվեց ի պաշտպանություն իր զբաղեցրած կապուղուց զրկված «Ա1+» հեռուստաընկերության՝ վերջինս վերաբացելու պահանջով, ավելի ու ավելի է քաղաքականացվում: Այսօրվա հանրահավաքում արդեն գրեթե բոլոր ելույթներում պահանջվում էր իշխանությունների հրաժարականը:

Նշվում էր, որ իշխանությունները արդեն զբաղվում են ընտրություններով, եւ այդ խնդիրները լուծելու համար անհրաժեշտ էր փակել «Ա1+»-ը, խոչընդոտել ընդդիմության եւ հանրության շփումներին:

Ի պատասխան իշխանությունների քննադատությանը, թե ընդդիմությունը ծրագիր չունի, Ալբերտ Բազեյանը իր ելույթում ասաց, որ իրենց հիմնական ծրագիրը կուսակցություններին, քաղաքացիներին համախմբելն է եւ այդ իշխանություններին հեռացնելը, այնուհետեւ արդար ընտրությունների միջոցով օրինական իշխանություն ձեւավորելը:

Մամուլում արդեն նշվել է, որ ընդդիմության նման ակտիվացումը նրբորեն հաշվարկված է եղել իշխանությունների կողմից. «Ա1+»-ի փակումը բողոքի ալիք կբարձրացնի, որը կմարի մինչեւ ընտրությունները:

«Առաջնահերթ խնդիրը ներկա վարչախմբի հեռացումն է՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, եւ օրինական իշխանության ձեւավորումը», - «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում ասաց Ալբերտ Բազեյանը: - «Մենք հիմա բանակցություններ ենք վարում մեզ հետ համագործակցող կուսակցությունների հետ: Եվ քանի որ ռեժիմը հաշվի չի նստում ժողովրդի կարծիքի հետ, չի ուզում երկխոսության մեջ մտնել իր ընդդիմախոսների հետ, հավանաբար, մենք այդ կուսակցություններին եւս կբերենք մեր քաղաքական պահանջի ձեւավորմանը»:

Ալբերտ Բազեյանը ասաց նաեւ, որ իրենց համար ցանկալի է, որ իշխանափոխությունը տեղի ունենա արտահերթ ընտրությունների միջոցով:

«Գործող վարչախումբը կենտրոնացրել է բոլոր վարչական լծակները, երկրի ֆինանսական ռեսուրսները, լրատվական դաշտը, որպեսզի ապահովի իր վերընտրությունը», - ասաց Ալբերտ Բազեյանը, իշխանափոխության գործում կրկին կարեւորելով ժողովրդի ակտիվության գործոնը:

Իր ելույթում «Հանրապետություն» կուսակցության ղեկավարներից, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը ասաց, թե Ռոբերտ Քոչարյանը չպետք է հասնի մինչեւ 2003 թվականի նախագահական ընտրություններ:

Հանրահավաքն ավարտվեց երթով, սակայն ոչ թե դեպի նախագահական նստավայր, այլ՝ Երեւանի կենտրոնական փողոցներով՝ «ժողովրդի ակտիվությունը խթանելու նպատակով», ինչպես ասաց Ալբերտ Բազեյանը:

Հանրահավաքի մասնակիցներին կոչ արվեց ապրիլի 22-ին մասնակցել «Առագաստ» սրճարանի մոտ կազմակերպվող բողոքի ցույցին: Այդ օրը սրճարանում ձազ երաժշտության փառատոն է անցկացվելու, սակայն ընդդիմությունը գտնում է, որ չի կարելի փառատոն կազմակերպել մի սրճարանում, ուր անցած տարվա սեպտեմբերին մարդ է սպանվել, եւ հանցագործության մեջ մեղադրվող նախագահի թիկնազորի անդամները արժանի պատիժ չեն ստացան:

Կոչ արվեց նաեւ ապրիլի 23-ին բողոքի ցույց կազմակերպել տնտեսական դատարանի շենքի մոտ, ուր շարունակվելու է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշումը անվավեր ճանաչելու՝ «Ա1+»-ի հայցով դատավարությունը:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG