Մատչելիության հղումներ

Դատախազությունն ու ներքին գործերի նախարարությունը միմյանց են մեղադրում երեկվա միջադեպի կապակցությամբ


Երեկ հետկեսօրից հետո գլխավոր դատախազության շենքի առջեւ ներքին գործերի փոխնախարար Հովհաննես Վարյանի եւ Երեւանի Շենգավիթ համայնքի ավագ քննիչ Արսեն Բեգինյանի միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքը թե' գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Գուրգեն Ամբարյանը, թե' ներքին գործերի նախարարության լրատվական վարչության պետ Արտակ Վարդազարյանը բնորոշեցին որպես «տհաճ միջադեպ, ընդհարում դատախազության աշխատակցի եւ ներքին գործերի նախարարության աշխատակիցների միջեւ»:

Երկու գերատեսչությունների ներկայացուցիչներից բաղկացած համատեղ հանձնաժողով է ստեղծվել եւ իրականացվում է ծառայողական քննություն:

Միջադեպի միայն երկու մասնակցի անուն է առայժմ շրջանառվում՝ ներքին գործերի փոխնարար Հովհաննես Վարյան եւ Երեւանի Շենգավիթ համայնքի ավագ քննիչ Արսեն Բեգինյան:

Տեղի է ունեցել հետեւյալը. ավտոտեսուչը քննիչին արգելել է մեքենան կանգնեցնել գլխավոր դատախազության շենքի առջեւ, քանի որ կից՝ Վճռաբեկ դատարանի շենքում ընթանում էր «Հոկտեմբերի 27»֊-ի գործով դատավարությունը, իսկ այդ ընթացքում շենքի շուրջ անվտանգության հսկողությունն ուժեղացվում է:

Երկու կողմերը տարբեր կերպ են մեկնաբանում, թե ինչպես է դրան արձագանքել քննիչը: Դատախազությունն ասում է՝ մեքենան այլ տեղում է կանգնեցրել՝ հետ եկել ու ոստիկանին հարցրել, թե ինչու իրեն հայհոյեց: Ներքին գործերի նախարարությանը մոտ կանգնած աղբյուրներն ասում են, թե քննիչը բոլորովին էլ չի ենթարկվել, մեքանան չի տեղափոխել եւ ինքն է նախահարձակ եղել:

Դատախազությանը մոտ կանգնած աղբյուրները հաստատում են, թե քննիչ Բեգինյանը ոչ միայն վնասվածք է ստացել՝ առնվազն դեմքի եւ վզի շրջանում՝ տեսանելի, եւ դատաբժշկական հետազոտման է ներկայացել, այլեւ՝ որ նրա հագուստը ծեծի ընթացքում պատառոտել եւ հագից հանել են: Ըստ նույն աղբյուրի, միջադեպի վայրում պարտականությունների բերումով տասնյակից ավելի ոստիկան է եղել, որոնց մի մասը մասնակից է եղել ծեծկռտուքին:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում ներքին գործերի փոխնախարար Հովհաննես Վարյանը հաստատեց, որ նույնպես վնասվածքներ ունի, բայց չկամեցավ որոշակիացնել:

Կողմերին մոտ կանգնած աղբյուրները հերքեցին, թե միջադեպը երկու գերատեսչությունների՝ դատախազության եւ ներքին գործերի նախարարությունների միջեւ ինչ֊-ինչ հակամարտության արդյունք է:

Ամեն դեպքում, երկու կողմի՝ իրենց անունը հրապարակել չկամեցած աղբյուրների ասածներից պարզ դարձավ, որ միջադեպի մեկնաբանությունն առնվազն իրարից ջրբաժանել է այս երկու գերատեսչությունները:

Ծառայողական քննությունն ընդհանրապես կարող է ավարտվել քրեական գործի հարուցմամբ կամ վարչական տույժի կիրառմամբ՝ նկատողություն, պաշտոնի իջեցում, պաշտոնից ազատում...

Ներքին գործերի լրատվական վարչության պետ Արտակ Վարդազարյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե կարող է միջադեպը հանգեցնել փոխնախարարի պաշտոնանկությանը, պատասխանեց. - «Չեմ կարծում, թե տվյալ դեպքում փոխնախարարի մեղքը այնպիսին է, որ նման ելքի հանգեցնի»:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG