Մատչելիության հղումներ

Բրիտանացի մասնագետները գտնում են, որ ներդրումների համար Հայաստանը այնքան էլ հրապուրիչ չէ


Մեծ Բրիտանիայում լույս տեսնող «Էկոնոմիստ» պարբերականի հետազոտող խումբը երեկ հրապարակած իր զեկույցում այսպես է նկարագրում հայաստանյան պայմանները: Բնակչության փոքրաթիվությունը եւ ցածր գնողունակությունը անհրապույր են դարձնում Հայաստանը օտարերկրյա ընկերությունների համար, մինչդեռ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից իրականացվող շրջափակումը դժվարացնում է Հայաստանից ապրանքների արտահանումը:

Բրիտանացի փորձագետները,սակայն, վերապահում են անում՝ Թուրքիան ստիպված կլինի մեղմացնել սահմանափակումները, երբ Հայաստանը դառնա Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ: Իսկ դա, ըստ հայաստանցի պաշտոնյաների, տեղի կունենա արդեն այս տարի:

Անգլիացի մասնագետները չեն շրջանցել նաեւ ղարաբաղյան գործոնը: Տարածաշրջանի կայունության հետ կապված մտահոգությունները կմնան այնքան ժամանակ, քանի դեռ չի լուծվել Լեռնային Ղարաբաղի խնդիրը, գրում են նրանք, փաստելով՝ Քոչարյանն ու Ալիեւը ցանկանում են վերընտրվել 2003 թվականին, ուստի ղարաբաղյան կարգավորման հեռանկարն աղոտ է:

Ինչ վերաբերում է Հայաստանի ներքաղաքական կայունությանը, ապա «Էկոնոմիստ»-ի հետազոտող խումբը հիշեցնում է՝ հոկտեմբերի 27-ին տեղի ունեցածից հետո քաղաքական կայունությունը Հայաստանում խարխլվել է, Քոչարյանը աջակցության պատկառելի հենք չունի, իսկ խորհրդարանում նրա հակառակորդները վերջերս փորձել են սկսել նախագահին պաշտոնազրկելու գործընթացը:

Միաժամանակ բրիտանացի փորձագետները նշում են նաեւ դրական պահերը: Հայաստանը ավարտում է «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքի իրագործումը էներգակիրների իր հիմնական մատակարար Ռուսաստանի հետ, Համաշխարհային բանկը տրամադրում է հերթական տրանշը՝ բյուջեին սատարելու նպատակով եւ վերջապես մակրոտնտեսական ցուցանիշներն էլ վատը չեն՝ անցած տարի գրանցվել է անկախություն ձեռք բերելուց հետո ամենաբարձր տնտեսական աճը՝ 9,6 տոկոս, առաջիկա երկու տարիներին այն կկազմի 5-5,5 տոկոս, իսկ սղաճը՝ 3-3,5 տոկոս:

Դրա հետ մեկտեղ բյուջեի պակասորդը Հայաստանում այս երկու տարիներին կազմելու է համախառն ներքին արդյունքի 11 տոկոսը, իսկ դա ամենաբարձր ցուցանիշներից մեկն է տարածաշրջանում, եւ, գումարվելով մեծ արտաքին պարտքին, կարող է վտանգել մակրոտնտեսական կայունությունը: Ավելին, ֆինանսական միջոցների պակասը Հայաստանում լրացվում է հիմնականում սփյուռքից ստացվող փոխանցումների, այլ ոչ թե ուղղակի օտարերկրյա ներդրումների հաշվին:

«Էկոնոմիստ»-ի մասնագետները կանխատեսում են, որ մինչեւ 2005 թվականը օտարերկրյա ներդրումներն ամեն տարի կկազմեն մոտ 130 միլիոն դոլար:

Ադրբեջանի հետ Հայաստանը, իհարկե, չի կարող համեմատվել, եւ դա հասկանալի է՝ Բաքվում մեծ նավթ կա: Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա անգլիացի փորձագետների կարծիքով, ներդրումներն այդ երկրում ավելի շատ են լինելու, քան Հայաստանում՝ տարեկան 160 միլիոն, սակայն դա էլ մեկ շնչի հաշվով կազմում է ընդամենը 29 դոլար, ինչը Արեւելյան Եվրոպայում ամենացածր ցուցանիշներից է:

Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ ծանոթ չէ բրիտանացիների այս վերջին գնահատականներին, բայց, Քարնեգիի հաստատության եւ «Ուոլ սթրիթ ջորնալ» թերթի համատեղ հետազոտության համաձայն, ԱՊՀ-ի երկրներից Հայաստանն ամենաբաց, ամենաթափանիկ, ամենաբարենպաստ պայմաններն ունի օտարերկրյա ներդրումների համար:

Նախարարի կարծիքով, Հայաստանը օտարերկրյա ներդրողներին կարող է հրապուրել քաղաքական կայունությամբ, ազատական օրենսդրությամբ, դրամի գրեթե անփոփոխ փոխարժեքով:

«Էկոնոմիստ»-ի փորձագետները նույնպես հավաստում են, որ Հայաստանը ներդրումների հարցում լիբերալ քաղաքականություն է վարում, բայց ավելացնում են՝ դրա հետ մեկտեղ Հայաստանում գոյություն ունեն բյուրոկրատական խոչընդոտներ, ոչ պատշաճ օրենսդրություն, կամային հարկային ստուգումներ եւ տարածված կաշառառություն:

Եզրակացությունն այսպիսին է՝ կան ոլորտներ, որոնք օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ են՝ մետաղագործություն, ակնագործություն, հանքային ջուր, գինու եւ կոնյակի արտադրություն, սակայն Հայաստանի ընդհանուր պատկերը նպաստավոր չէ:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG