Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Կարեն Դեմիրճյանի ծննդյան 70-ամյակի առիթով հիշատակումներ այսօր «Հայաստանի Հանրապետություն» եւ «Հայկական ժամանակ» թերթերում են: Առաջինում նրա կյանքի ուղին հուշագրողը ամփոփում է հետեւյալ ձեւակերպմամբ. «Դեմիրճյանը եղավ իր ժամանակի հնարավորությունները, թերեւս, լավագույնս օգտագործողը»:

Իսկ «Հայկական ժամանակ»-ը նշում է. «Նրան մեր օրերում հիմնականում հիշում են որպես Սովետական Հայաստանի ղեկավար: Դեմիրճյանը, սակայն, նաեւ Երրորդ Հանրապետության քաղաքացին է ու քաղաքական գործիչը: Խոստովանենք, որ նրա ներկայությունը մեր քաղաքական դաշտում էապես կփոխեր մթնոլորտը եւ անգամ միջկուսակցական պայքարին բոլորովին այլ երանգ կտար, հաստատ կփոխվեր նաեւ քաղաքական բառապաշարը: Բայց ավա՜ղ... այսօր մենք հոգնել ենք այն ամենից, ինչ տեղի է ունենում Հայաստանում: Այսօր մենք ավելի շատ ենք զգում Սերոբիչի կարիքը»:

Երեկ Ազգային ժողովում տապալված արտահերթ նիստի մթնոլորտից «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը խորհրդարանի ու մասնավորապես խորհրդարանական մեծամասնության նվաստացուցիչ բնութագրումներ է փոխանցում, որոշ պատգամավորների վճիռը՝ այսուհետ իրենց հերթին բոյկոտել բոլոր քվեարկությունները՝ «որպեսզի կառավարությունն ու նախագահն իրենց ուզած օրենքները չկարողանան անցկացնել», եւ ավարտում է այսպես. «Մեր խորհրդարանն այս անգամ եւս չդավաճանեց Քոչարյանին ծառայելու իր դավանած սուրբ սկզբունքին»:

Ընդդեմ Հեռուստառադիոյի ազգային հանձնաժողովի՝ «Ա1+»-ի հայցի երեկվա դատաքննությունից էլ «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը մատուցում է. «Ապօրինությունների շարքում իր արժանի տեղը գրավեց նաեւ դրանց դեմ պայքարի համար կոչված մարմինը` տնտեսական դատարանը... Կյանքը ցույց է տալիս, որ ապօրինություն անելիս առանձնապես հզոր փաստարկների կարիք չի էլ զգացվում»:

«Ըստ ամենայնի, իշխանությունները դեռ չեն որոշել ինչպես վարվել «Ա1+»-ի հետ, ուստի եւ դատը ձգձգում են», - ենթադրում է «Առավոտ»-ի մեկնաբանը: Իսկ խմբագրականում առանձնացված է. «Հասարակության արձագանքը «Ա1+»-ին եթերից զրկելու հետ կապված, ըստ երեւույթին, սպասվածից ավելին էր: Այդ է վկայում իշխանությունների բռնած դիրքը. նախ գրոհում էին, իսկ այժմ գերադասում են պաշտպանվել»:

«Որոշ իմաստով իշխանական քարոզչությունը ճիշտ է: Մեր օրենսդիրները, Եվրախորհրդի պահանջով, հապճեպ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքն ընդունելուց առաջ պետք է հոգ տանեին, որ հետագայում այն չարաշահումների առիթ չդառնար ու չօգտագործվեր նախագահի ճաշակով», - անդրադարձել է «Առավոտ»-ը: - «Դա կանխատեսելու համար պատգամավորները ո'չ ժամանակ, ո'չ էլ խորաթափանցություն ունեցան: Բայց ճիշտ է նաեւ այն, որ մեր երկրում, որտեղ գործադիր իշխանությունը փաստորեն միակն է, անգամ ամենակատարյալ օրենքը կարող է գործիք դառնալ այդ իշխանությունների ձեռքում: Այնպես որ, Ազգային ժողովի հասցեին հնչող մեղադրանքները պարզապես էժան դեմագոգիա են»:

Երեկվա դատական ընթացքից տպավորությունները «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը ամբողջացրել է հետեւյալ դիտարկմամբ. «Եթե մայր օրենքը վատն է, դա դեռ չի նշանակում, որ ազգային հանձնաժողովը կարող է արհամարհել կամ խախտել դրա ինչ-ինչ դրույթներ ու հոդվածներ: Մինչդեռ վատ օրենքով առաջնորդվելը շփոթում են այն խախտելու հետ»:

Եթե, մեկնաբանի ձեւակերպմամբ, «արդեն տաղտկալի է այս խաժամուժին հետեւելն ու լսելը», - ապա «Հայոց Աշխարհ»-ի խմբագրի զգացողությունները առավելապես զվարճամետ են. «Հհշամետ մամուլում երեկ հրապարակված իշխանամետ լրատվամիջոցներին դատապարտող հայտարարությունը կարող է հարուցել լոկ ծիծաղ», «Մի՞թե զվարճալի չէ, որ հանուն խոսքի ազատության, «Արմատ»-ի հետ միասին պատրաստ են խարույկ բարձրանալ ամբողջ երկու կոմունիստական թերթ՝ «Հայաստանի կոմունիստ»-ն ու «Պրավդա Արմենիի»-ին», «Իսկ մի՞թե պակաս զվարճալի է, որ խոսքի ազատությունը պաշտպանելու նետվեցին ինչ-որ «Պիոներ կանչ» կամ, մեղա Տեր, «Արտասահմանյան գրականություն» հանդես»:

«Հայաստանի կոմունիստ» թերթն այսօր իր ճակատին «Ամե՞նքդ եք ոտքի, մարդ քնած չկա՞» վերնագրի տակ բանաձեւել է. «Ժողովրդի համբերության բաժակը լցվել է: Իշխանություններից օտարված աշխատավորների հոծ խմբերը կրկին ծովացել են Թատերական հրապարակում՝ հուսալով ու ակնկալելով փրկություն: Իսկ ովքե՞ր են փրկիչները: Կրկին կխաբվի՞ ժողովուրդը, թե՞ այս անգամ կգործի սոցիալական արդարության վերականգնման տրամաբանությունը»:

Նույն թերթում տպագրված է Կոմկուսի կենտկոմի երկրորդ քարտուղար Սանատրուկ Սահակյանի մեծածավալ ելույթը իրենց վերջին պլենումում, որն ավարտվում է այսպես. «Եվ վերջում՝ երջանկությունը ընկեր Ստալինի գնահատմամբ. «Ինձ համար երջանկությունը վրեժ է եւ փոխհատուցում նրանցից, ովքեր մեզ ճնշել են, վրեժ եւ փոխհատուցում նրանցից, ովքեր մեզ ստորացրել են, վրեժ եւ փոխհատուցում նրանցից, ովքեր մեզ դավաճանել են»:

Անդրադառնալով մարտ ամսին Միչիգանի համալսարանում կազմակերպված հայ-թուրքական գիտաժողովին հետեւած «Ակոս» պարբերականի գլխավոր խմբագիր Հրանտ Տինքի մեկնաբանություններին, «Ազգ» թերթի մեկնաբանն այսօր առանձնացրել է. «Դրանք հաստատում են այն հաշվարկների առկայությունը, որոնք Տեր-Պետրոսյանի քաղաքականություն վերադարձի վրա են արվում»: Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունները «ամեն կերպ փորձում է ծառայեցնել իր ազգային շահերին», եւ այդ զարգացումները ուղղակի փոխկապակցվում են նման հաշվարկների հետ:

Իսկ «Ակոս»-ի գլխավոր խմբագիրը գիտաժողովին ու դրանում Ժիրայր Լիպարիտյանի զեկույցին նվիրված հոդվածում գրել է. «Հայոց աշխարհը նրա խելքով առաջնորդվելու խիստ կարիքի մեջ է։ Ինչպես հայտնի է, Լիպարիտյանը Հայաստանի նախկին նախագահ Տեր-Պետրոսյանի գլխավոր խորհրդականն էր, եւ, ինձ թվում է, նրանք երկուսով քաղաքական ասպարեզի ամենաակտիվ դերակատարության գլխավոր թեկնածուներն են։ Ինձ թվում է, Տեր-Պետրոսյանի վերադարձի հասունացման ժամկետը լրանում է»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG