Մատչելիության հղումներ

Հայ-թուրքական հաշտեցման հանձնախումբը կարող է վերակենդանանալ, եթե թուրք անդամներից ոմանք փոխարինվեն





Հայ-թուրքական հաշտեցման հանձնախմբի անդամ, ռուսաստանաբնակ հայազգի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը, արտահայտելով հանձնախմբի բոլոր հայ անդամների կարծիքը, հայտատարում է, որ հանձնախմբի աշխատանքը շարունակելու համար ցանկալի է, որ թուրք անդամների կազմում փոփոխություններ կատարվեն:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Անդրանիկ Միհրանյանը ասաց, որ հանձնախմբի մի քանի թուրք անդամներ փորձել են օգտագործել հանդիպումները թուրքական շահը առաջ տանելու համար, ինչով խախտել են նախնական պայմանավորվածությունները: Ուստի հանձնախմբի աշխատանքը շարունակելու համար, ինչպես ասաց Միհրանյանը՝ «նախ մենք կցանկանայինք, որ նրանք ազատվեին մի քանի անդամներից եւ ընդգրկեին ուրիշ անդամների»:

Նա կոնկրետ անուններ չտվեց, բայց հայտնի է, որ նախկին դիվանագետներ Գյունդուզ Աքթանը եւ Օզդեմ Սամբերգը հայոց ցեղասպանության հարցում կոշտ դիրքորոշում ունեն եւ այս ընթացքում հրապարակային ելույթներ են ունեցել:

Անցած տարվա հուլիսին ստեղծված եւ դեկտեմբերին հայ անդամների նախաձեռնությամբ գործունեությունը դադարեցրած Հայ-թուրքական հաշտեցման հանձնախմբի աշխատանքը վերսկսելու հիմնական խոչընդոտը 1915 թվականի հայոց ցեղասպանության նկատմամբ ՄԱԿ-ի 1948 թվականի Ցեղասպանության մասին կոնվենցիայի կիրառելիության ուսումնասիրությունն է՝ Նյու Յորքում գործող Անցումային շրջանի արդարադատության միջազգային կենտրոնի կողմից:

Հանձնախումբը նախ միաձայն որոշել էր դիմել այդ կենտրոնին՝ ուսումնասիրությունն անցկացնելու խնդրանքով, ապա թուրք արդամները, արդեն միակողմանիորեն, խնդրել էին չանցկացնել այն, ինչն էլ պատճառ դարձավ, որպեսզի հայ անդամները դադարեցնեն իրենց մասնակցությունը հանձնախմբի աշխատանքներին:


Հայկական կողմը այսօր եւս գտնում է, որ ցեղասպանության հարցը միջազգային իրավունքի տեսանկյունից պետք է ուսումնասիրվի եւ Ցեղասպանության կոնվենցիայի կիրառելիության հարցը պետք է քննարկվի:

Անդրանիկ Միհրանյանի խոսքերով, թուրքական կողմից իսկապես փորձ կար հանձնախումբն օգտագործել այլ նպատակների համար՝ տարբեր երկրներում կասեցնել ցեղասպանութան ճանաչման գործընթացը:

Հանձնաժողովի ստեղծումից ի վեր Հայաստանում եւ սփյուռքում դրա դեմ ուղղված հիմնական փաստարկներից էր այն, թե տարբեր երկրների խորհրդարանները կհրաժարվեն քննարկել, ընդունել հայոց ցեղասպանությունը՝ պատճառաբանելով, թե պետք չէ խանգարել հայ-թուրքական երկխոսությանը:

Անդրանիկ Միհրանյանի կարծիքով, ցեղասպանությունը դատապարտող որոշումները, միեւնույն է, չեն կարող շոշափելի արդյունք ունենալ: Արդյունք կարող է ունենալ միայն իրավական որոշումը՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կամ միջազգային դատարանի որոշումները:



Նա ասաց, որ ցեղասպանության հարցի մասին խոսվել է ոչ միայն հանձնախմբում: Ստամբուլում կայացած հանդիպումների ընթացքում թուրք քաղաքական գործիչներ, պատմաբաններ, լրագրողներ նույնիսկ չեն բացառել ցեղասպանության փաստի ընդունումը: Սակայն, քաղաքագետի խոսքերով, նրանք վախենում են երկու բանից. «Նախ՝ դրամական փոխհատուցումից, որը հետեւանք կլինի ցեղասպանության ճանաչման, եւ երկրորդը՝ տարածքային կորուստների հեռանկարից»:

Թուրքիայի նախկին արտգործնախարար Մոմթազ Սոյսալը մասնավոր զրույցում ասել է, թե իրենց համար «հրեշավոր մի բան է», երբ մտածում են, որ հանկարծ կարող է իրականացվել Սեւրի պայմանագիրը եւ Անատոլիան կիսվի:

Անդրանիկ Միհրանյանի փոխանցմամբ, նրանք չեն հավատում Հայաստանի նախագահի հայտարարությանը, թե Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանությունը ճանաչելու դեպքում տարածքային պահանջներ չեն լինի: Թուրքիայում ասում են, թե Հայաստանի նախագահի դիրքորոշումը կարող է փոխվել, կամ հաջորդ նախագահը կարող է հայտարարել, թե Ռոբերտ Քոչարյանի հավաստիացումների համար ինքը պատասխանատու չէ:

Միհրանյանը գտնում է, որ հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը պետք է փաթեթով լուծվի: Քայլ առ քայլ առաջ շարժվելու քաղաքականությունը, որ իրականացվում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք, որեւէ արդյունք չտվեց:

Նրա փոխանցմամբ, Թուրքիայում ուզում են իմանալ, թե հայերի ցեղասպանության ճանաչելը ինչ հետեւանքներ կունենա. ո՞ր տարածքների, ի՞նչ չափի փոխհատուցման մասին կարող է խոսվել: Միհրանյանի կարծիքով, այս հարցերի նկատմամբ հայկական կողմը պետք է որոշակի դիրքորոշում ունենա:

«Ինձ թվում է, որ եթե այս հարցերը պարզված չլինեն, թուրքական կողմը ոչ մի դեպքում, նույնիսկ միջազգային համայնքի խիստ ճնշման տակ չի գնա այդպիսի ճանաչմանը», - ասաց Անդրանիկ Միհրանյանը: - «Սխալ կլինի ասել, թե նրանք սկզբունքորեն համաձայն են, նրանք ամեն ինչ կանեն, որ հայերի ցեղասպանությունը չճանաչվի: Բայց, մյուս կողմից, եթե ճանաչվի, նրանք կուզենային իմանալ, թե ի՞նչ սահմաններում է դա ճանաչվելու եւ ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ»:

Ռուսաստանցի քաղաքագետի կարծիքով, հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը կարող է նպաստել երրորդ ուժը: Պարզաբանելով իր տեսակետը, Միհրանյանը ասաց, որ եթե Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու համար նախապայմաններ է առաջ քաշել եւ 7 տարի շարունակ այդ նախապայմաններից չի հրաժարվել, ապա հիմա էլ չի հրաժարվելու:

«Եթե իհարկե, եւ սա շատ կարեւոր հարց է, Միացյալ Նահանգների՝ այս տարածք գալը հրատապորեն չպահանջի այստեղ կարգուկանոն հաստատել: Իսկ այստեղ կարգուկանոն հնարավոր չի հաստատել՝ չլուծելով Ղարաբաղյան հարցը եւ հայ-թուրքական հարցը»:

Դա, իհարկե, կախված կլինի Միացյալ Նահանգների շահագրգռվածությունից: Ըստ քաղաքագետի, ԱՄՆ-ը ուղղակի պետք է ստիպի, որ Թուրքիան, Ադրբեջանն ու Հայաստանը առաջարկվող բանաձեւը ոչ թե կամովին, այլ պարտադիր ընդունեն:

Միհրանյանը գտնում է, որ ուժերի հավասարակշռության դեպքում Հարավային Կովկասի խնդիրները չեն լուծվի: Հարցերը կլուծվեն, եթե տարածաշրջանում գերհզոր ուժ լինի: Նրա խոսքերով, Ռուսաստանը այժմ թուլացած է՝ խաղի մասնակից է, ներկա է, բայց իր ռեսուրսներով չի կարող խնդիր լուծել:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG