Մատչելիության հղումներ

Վաղվա հանրահավաքի կազմակերպիչները ղեկավարվելու են «ժողովրդի պահանջով»


Ընդդիմադիր 14 կուսակցությունները մտադիր են հետեւողականորեն շարունակել իրենց պայքարը, մինչեւ չկատարվեն անցած ուրբաթ հանրահավաքում հրապարակված պահանջները: «Ա1+»-ի հեռարձակումը վերականգնելուց բացի, պահանջները, ըստ էության, վերաբերում են խոսքի, մամուլի ազատության, քաղաքական ազատ մրցակցության ապահովմանը:

Անցած ուրբաթ հանրահավաքի կազմակերպիչները ձեռնպահ մնացին դեպի նախագահի նստավայր կամ Ազգային ժողով երթ անցկացնելուց: Վաղը նրանք որոշել են առաջնորդվել ժողովրդի պահանջով: «Ինչ կպահանջի ժողովուրդը, այն էլ կանենք», - ասաց «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Ալբերտ Բազեյանը:

Անցած հանրահավաքում հնչած պահանջների վերաբերյալ նախագահ Քոչարյանը այս շաբաթվա սկզբին ասաց, որ դրանք իր սահմանադրական լիազորությունների հետ կապ չունեն: Ի պատասխան, այսօրվա ասուլիսում Ալբերտ Բազեյանը ասաց, որ ըստ Սահմանադրության, հանրապետության նախագահն է ապահովում օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բնականոն գործունեությունը:

«Մենք ակնկալում ենք, որ նախագահը պետք է համապատասխան հանձնարարականներ տա այն կառույցներին, որոնք կատարել են օրինազանցություններ», - ասաց Բազեյանը: Եթե նման հանձնարարականներ չլինեն, ապա, նրա խոսքերով, «պետք է արձանագրել, որ Ռոբերտ Քոչարյանը չի կատարում Սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունները»:

Ըստ էության, կազմակերպիչները չեն էլ սպասում, որ անցած հանրահավաքում ներկայացված պահանջները բավարարելու համար երկրի նախագահը հանձնարարականներ կտա: Ալբերտ Բազեյանը այսօր համոզմունք հայտնեց, թե «Ա1+»-ը փակելը նախագահ Քոչարյանի «կամքն էր, ցանկությունը եւ հանձնարարականը»:

Նախկին քաղաքապետը հանրապետության գործող նախագահին մեղադրեց նաեւ ընդդիմադիր կուսակցությունների գործունեության հնարավորությունները սահմանափակելու մեջ:

«Դահլիճներ չտրամադրելու որոշումը եւս գալիս է հանրապետության նախագահի նստավայրից: Ես ինքս տեղյակ եմ եղել նման գործընթացներին, երբ հավաքում էր մարզպետներին, այդ թվում՝ նաեւ քաղաքապետին, եւ տալիս էր նման հանձնարարականներ, որպեսզի ընդդիմադիր կուսակցություններին արգելեն դահլիճներում հասարակության հետ հանդիպել», - ասաց Երեւանի նախկին քաղաքապետը:

Այսպիսով, «Ա1+»-ի կապակցությամբ սկսված այս տարվա առաջին հանրահավաքներով ընդդիմությունը պահանջում է վերացնել ազատ արտահայտվելու սահմանափակումները: Նախընտրական տարվա համար սա լուրջ եւ կարեւոր նշանակություն ունի:

Ընդդիմությունը, պատգամավոր Արշակ Սադոյանի ձեւակերպմամբ, ընտրել է մարտնչող ժողովրդավարության ճանապարհը՝ հանրահավաքներ, բողոքներ: Վերջնական նպատակը երկրում արդարության, կարգ ու կանոնի հաստատումն է՝ այսօրվա պահանջները այդ ճանապարհի առաջին քայլերն են:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG