Մատչելիության հղումներ

Բեթղեհեմում վիրավորված հայ հոգեւորականի վիճակը կայուն է



Շրջափակված Սուրբ Ծննդյան տաճարը


Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարում երեկ վիրավորված հայ հոգեւորականը վիրահատության է ենթարկվել: Նրա վիճակը կայուն է, եւ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Արիս եպիսկոպոս Շիրվանյանը Երուսաղեմից:

Այսօր առավոտյան նա Երուսաղեմի Հայոց Պատրիարքի հետ այցելել է 22-ամյա Արմեն Սինանյանին, որը գտնվում է Երուսաղեմի Հադասսա համալսարանի հիվանդանոցում:

Միաժամանակ Սուրբ Աթոռ Մայր Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանան «Ազատություն» ռադիոկայանին հեռախոսով հայտնեց, որ Ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդը մտադիր է Էջմիածնում հանդիպել Սինանյանի ծնողներին, որոնք բնակվում են Սյունիքի մարզի Քարահունջ գյուղում:

Բեթղեհեմի տաճարում, որտեղ իսրայելցիների կողմից պաշարված է մոտ 200 պաղեստինցի զինյալ, այժմ մնում է 4 հայ հոգեւորական, որոնցից մեկը մոտ 90 տարեկան է, իսկ մյուսը վատառողջ է: Սակայն, Արիս սրբազանի վկայությամբ, նրանք մտադիր չեն լքել տաճարը: Պաղեստինցիների հետ հայ հոգեւորականները շփումներ չունեն:

Արիս սրբազանը հայտնեց նաեւ, որ իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ իրենք առաջարկել են ապահովել պաղեստինցիների անվտանգ տեղափոխումը Գազայի շրջան, սակայն իսրայելցիները չեն ընդունել առաջարկը: Հայ հոգեւորականի կարծիքով, իսրայելցիները մտադիր են շարունակել Բեթղեհեմի տաճարի շրջափակումը, հյուծել պաղեստինցիներին եւ ստիպել նրանց հանձնվել:

Իսրայելցիները թույլ չեն տալիս սնունդ եւ դեղամիջոցներ մատակարարել Սուրբ ծննդյան տաճար, եւ պաշարվածների, այդ թվում նաեւ տարբեր կրոնները ներկայացնող հոգեւորականների վիճակը շատ ծանր է, վկայեց Արիս սրբազանը:

Այսօր Հորդանան է ժամանել ԱՄՆ-ի Պետքարտուղար Քոլին Փաուելը, որն այնուհետեւ Իսրայելում հանդիպելու է վարչապետ Արիել Շարոնին եւ պաղեստինցիների առաջնորդ Յասեր Արաֆաթին: Արիս եպիսկոպոս Շիրվանյանը հույս հայտնեց, որ հնարավորություն կունենա հանդիպելու Քոլին Փաուելի հետ եւ փոխանցելու հայ եկեղեցու մտահոգությունները:

Մերձավոր Արեւելքում ահագնացող իրավիճակի կապակցությամբ այսօր մտահոգություն է հայտնել Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը:

«Մեզ անհանգստություն են պատճառում վերջին զարգացումները Բեթղեհեմում, հատկապես՝ Ս. Ծննդյան տաճարի շարունակվող պաշարումը, ուր ապաստան են գտել բազմաթիվ քաղաքացիական անձիք, այդ թվում նաեւ՝ ծագումով հայ», -ասված է հայտարարության մեջ: - «Մեզ համար խիստ մտահոգիչ է հատկապես վերջին իրադարձությունը` կապված տաճարում ապաստանած հայ հոգեւորականի վիրավորման հետ, որը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ ծառայում է հայկական եկեղեցում», - ասված է հայտարարության մեջ:


Արմեն Դուլյան, Պրահա եւ Լեոնիդ Զիլֆուղարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG