Մատչելիության հղումներ

Կարճվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրի դեմ հարուցված քրեական գործը


Երեւանի Կենտրոն եւ Նոր-Մարաշ համայնքների դատախազի ավագ օգնական Սերգեյ Աբրահամյանը երեկ որոշում է կայացրել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ Հովհաննես Երիցյանին դիտավորյալ վիրավորանք հասցրած լինելու մասին ապացույցներ ձեռք բերելու անհնարիության պատճառով:

Նիկոլ Փաշինյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ այսօր իրեն եւ իր փաստաբաններին հրավիրել են համայնքի դատախազություն, ծանուցել որոշման մասին եւ հանձնել փաստաթղթի պատճենը:

Քրեական գործը «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի դեմ հարուցվել էր մարտի 1-ին քրեական օրենսգրքի «վիրավորանք» հոդվածի հատկանիշներով՝ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Հովհաննես Երիցյանի դիմումի հիման վրա:

«Հայկական ժամանակ» օրաթերթի անցած տարվա նոյեմբերի 6-ի համարում տպագրված «Երկու խորհրդակցություն» հրապարակման հետգրությունը («Երեկ «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագրի մոտ տեղի ունեցավ շտապ խորհրդակցություն, որի ընթացքում գլխավոր խմբագիրը լրագրողներին հանձնարարեց շուտափույթ պարզել եւ զեկուցել, թե ինչպես են դեգեներատները հայտնվում պետական կառավարման համակարգում»), ինչպես նշված էր Փաշինյանի փաստաբանների՝ մարտի 19-ի բողոքում, որեւէ ձեւով ուղղված չի եղել որեւէ քաղաքացու, այդ թվում՝ հայցվոր Հովհաննես Երիցյանի դեմ:

Դատավոր Գայանե Կարախանյանը մարտի 19-ին դռնփակ նիստից հետո մերժել էր փաստաբանների բողոքը՝ նախաքննական մարմնին հանձնարարելով շարունակել քննությունը:

Վերջին երկու տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանին երկրորդ անգամ էր ներկայացվել նման մեղադրանք: Առաջին անգամ նա դատապարտվել էր պայմանական ազատազրկման:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG