Մատչելիության հղումներ

Պաշտոնյաները պարզաբանում են Քոչարյանի հայտարարությունը


Նախագահ Քոչարյանը երեկ հայտարարել էր, թե այս տարվա առաջին եռամսյակում տնտեսության արդյունաբերական հատվածում 20 տոկոսի տնտեսական աճ է գրանցվել, ինչը շատերի մոտ զարմանք, մի մասի մոտ՝ հիացմունք, ոմանց մոտ էլ պարզապես տարակուսանք էր հարուցել։

Ազգային Վիճակագրական ծառայության ղեկավար Ստեփան Մնացականյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե նախագահը խոսել է ոչ թե երկրի Համախառն ներքին արդյունքի, այլ ընդամենը՝ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության վարչական մոնիթորինգի մեջ ընդգրկված 253 աշխատող ձեռնարկությունների ցուցանիշի աճի մասին։

Ինչ վերաբերում է պաշտոնական վիճակագրության տվյալներին, ապա, ըստ պարոն Մնացականյանի, ամփոփված են ընդամենը այս տարվա երկու ամիսների տնտեսական ցուցանիշները, որոնց համաձայն, երկրի համախառն ներքին արդյունքն աճել է 5,5 տոկոսով. արդյունաբերական արտադրանքը՝ առանց էներգետիկ ոլորտի, աճել է 20,5 տոկոսով։

«Համախառն ներքին արդյունքը մենք առաջին երկու ամսում ունեցել ենք շուրջ 6-6,5 տոկոսի չափ: Երկրորդ կիսամյակում մենք երեւի կպահպանենք անցյալ տարվա աճի տեմպը», - այսօր հրավիրած ասուլիսում ասաց առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Աշոտ Շահնազարյանը: Այսինքն՝ երկրորդ եռամսյակում ակնկալվում է համախառն ներքին արդյունքի 9 տոկոս աճ:

Փոխնախարարի խոսքերով, մոտ 3000 նոր ձեռնարկություն կբացվի այս տարվա ընթացքում փոքր եւ միջին բիզնեսի բնագավառում, դրանք կունենան 4-5-ական աշխատատեղ: Փոքր բիզնեսըի աճը առաջնային է, քանի որ այն պետք է ապահովի տնտեսության զարգացումը, սոցիալական լարվածության մեղմացումը: «Դա է մեր ապագան լինելու», - ասաց նա:

Խոչընդոտներ արդյունաբերության զարգացման համար օրենսդրական դաշտում Աշոտ Շահնազարյանը չի տեսնում: Խնդիրներն ավելի շատ կապված են «մենթալիտետի, վարչարարության, չինովնիկության հետ»:

Անցած ամիս բրիտանական «Էկոնոմիստ» հեղինակավոր հանդեսի փորձագետները կանխատեսել էին, որ այս եւ հաջորդ տարի տնտեսական աճը Հայաստանում կդանդաղի: Ընթացիկ տարվա համար հանդեսի փորձագետները կանխատեսել են 5 տոկոսի աճ, իսկ 2003-ին՝ 5,5-6 տոկոսի սահմաններում։

Այս կանխատեսումը «Էկոնոմիստ»-ի փորձետները փաստարկել էին նրանով, որ ոսկյա զարդերի եւ թանկարժեք քարերից պատրաստված իրերի նկատմամբ պահանջարկը միջազգային շուկաներում մնալու է ցածր մակարդակի, իսկ Հայաստանի տնտեսության առանցքային ճյուղը հենց ակնագործությունն ու ոսկերչությունն է:

«Էկոնոմիստ»-ի կանխատեսումները մասամբ իրականանում են. համենայնդեպս երկու ամսվա արդյունքներով տնտեսական աճը գրեթե մոտ է նրանց կանխատեսածին: Ինչ վերաբերում է ակնագործության բնագավառի անկմանը, ապա այստեղ, թերեւս, հակառակ գործընթացներն են տեղի ունենում: Հայկական ակնեղենի նկատմամբ պահանջարկը վերստին բարձրացել է։ Համապատասխանաբար ավելացել է թանկարժեք քարերի վերամշակումն ու արտահանումը։

«Անցյալ տարի վիճակը շատ վատացավ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ադամանդագործական «Դի-Սի-Էյ» ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աբրահամյանը: - «Իսկ այս տարի վատ չէ»:

Տնտեսության աճի վրա ակնագործության բնագավառի բարենպաստ ազդեցությունը փաստում են նաեւ տեղական փորձագետները՝ մասնավորապես, «ՍԵԴ-ՄԱՐՍԵԴ» խորհրդատվական ընկերության գործադիր տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: Նրա կարծիքով, սակայն, երկարաժամկետ տնտեսական աճի վրա ակնագործության ճյուղի ազդեցությունը սկզբունքային չէ, քանի որ հումքը ներմուծվում է, այստեղ վերամշակվում (ինչը կազմում է բավականին փոքր գումար) եւ արտահանվում:

Հայաստանի պաշտոնյաները վստահեցնում են, որ տնտեսական աճի երաշխիքը նոր աշխատատեղերի ստեղծումն է: Մինչդեռ, փորձագետը վերապահումով վերաբերում դրան:

«Նպատակ դնելով աշխատատեղերի բացումը, մենք կորցնում ենք Հայաստանի Հանրապետության հնարավոր տեխնոլոգիական զարգացման հիմքերը: Քանի որ տնտեսական աճի ապահովումը նոր աշխատատեղերի միջոցով չի նպաստում ժամանակակից տեխնոլոգիաների ներմուծմանը, հետեւապես Հայաստանը հետ է մնալու՝ երկարաժամկետ իմաստով», - ասաց Տիգրան Ջրբաշյանը:

Նրա կանխատեսմամբ, այս տարի դիտվելու որոշակի նվազում՝ կապված նաեւ նախընտրական շրջանի հետ, իսկ 2004-2005 թվականներին, ըստ Ջրբաշյանի, աճի տեմպերը առնվազն հավասար կլինի 2001 թվականին արձանագրվածին:


Ատոմ Մարգարյան եւ Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG