Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայաստանում խոսքի ազատությունը վտանգված չէ, եւ զանգվածային լրատվամիջոցների գործունեության համար ստեղծված են բոլոր պայմանները». սա էր հիմնական ասելիքը այն հայտարարության, որ երեկ ընդունել են ավելի քան 16 պետական ու պետականամետ լրատվամիջոցներ՝ արձագանքելով «Ա1+» հեռուստաընկերության շուրջ ստեղծված վիճակին: Հետաքրքիրն այն է», - առանձնացնում է «Հայկական ժամանակ»-ը, - «որ այս լրատվամիջոցները ժամանակին որեւէ կերպ չընդվզեցին «Ա1+»-ի փակման կապակցությամբ:

«Իշխանամետ լրատվամիջոցների հայտարարությունը» վերնագրի տակ «Առավոտ»-ն էլ հատուկ շնորհակալություն է հայտնում «Երկիր» թերթին, որը «վեր կանգնելով իր քաղաքական նախասիրություններից՝ այս պարագայում պարկեշտ եւ քաղաքացիական կեցվածք դրսեւորեց»:

«Առավոտ» թերթի մատուցմամբ, «Քոչարյանի գրպանում ապահով նստած ուժերն ու լրատվամիջոցներն առանձնապես մեծ ընտրություն չունեն. պիտի «համեստորեն» լռեն կամ նույնիսկ ողջունեն «Ա1+»-ի փակումը։ Սակայն մնացածներին միավորել առայժմ չի հաջողվել, որովհետեւ Քոչարյանի քարոզչությունը եւ անձամբ նախագահը «կուտը գցեցին»՝ սկսեցին ստեր տարածել, իբր «Ա1+»-ը ծառայում է «նախկիններին»: «Ա1+»-ի բնական մարդկային փոխազդեցությունն է՝ դա հերքել եւ հիշեցնել, որ «նախկինները» նույնպես փորձում էին փակել «Ա1+»-ը... Այդ հիշեցմանն ի պատասխան՝ «նախկինները» նեղացան ու հեռացան։ Խոսքի ազատության համար պայքարող քաղաքական ուժերի թիվը, այսպիսով, նվազեց»։

«Ցավալի կլինի, եթե Քոչարյանին իրոք հաջողվի իրար դեմ հանել հանուն խոսքի ազատության իրենց ձայնը բարձրացրած ուժերին», - շեշտադրում է «Առավոտ»-ի այսօրվա խմբագրականը՝ շարունակելով. - «Բաժանիր, որ տիրես։ Բոլոր դիկտատորների այս սկզբունքը Քոչարյանին շատ հոգեհարազատ է։ Նրա մտադրությունը թեեւ հասկանալի է, բայց՝ շատ պարզունակ։ Այն է՝ քաղաքական շահարկումների ու կուսակցություններին ուղղված մեղադրանքների միջոցով վարկաբեկել պայքարը հանուն ազատ խոսքի: Սակայն մենք՝ հասարակությունը, քաղաքացիներս նրանից պարզունակ կլինենք, եթե կուլ տանք այդ խայծը, եթե հրաժարվենք պայքարել մեր սահմանադրական իրավունքների համար՝ մտավախություն ունենալով մեղադրվել այս կամ այն ուժի հետ համագործակցելու մեջ»։

«Եվրոպական քաղաքակրթությունը պահանջում է ընդունել իրեն համապատասխան օրենքներ, եւ երբ նման պահանջ չի առաջանում տվյալ երկրի հասարակության եւ քաղաքական էլիտայի մոտ, ստացվում է արժեքային կոնֆլիկտ՝ կանխորոշված պարտությամբ», - անդրադառնում է այսօր «Հայկական ժամանակ» թերթը, որի հայացքով այս ուղղությամբ, արդեն իսկ, մեկ վտանգավոր քայլ արված է. «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքի ընդունումը կապել Եվրախորհրդի պահանջի հետ:

«Օրենքի ընդունումը անհրաժեշտ է առաջին հերթին մեզ: Գուցե՝ միայն մեզ», - ընդգծել է մեկնաբանը: - ««Այլընտրանքային ծառայության մասին» օրենքը այս պահին՝ մեր երկրի համար կարեւորագույն օրենքներից մեկն է, շատ ավելի կարեւոր, քան կարող են պատկերացնել շատ կուսակցություններ, կազմակերպություններ ու պատգամավորներ: Ճիշտ օրենքը կարող է օգնել այս պահին մեր երկրում անլուծելի թվացող մի շարք խնդիրների լուծմանը: Եվ հակառակը՝ սխալ օրենքը վտանգելու է շատ ոլորտներ: Առաջին հերթին՝ բանակին»: Մի խոսքով՝ «Կարեւոր է ճշտել օրենքի նպատակը, որը քաղաքական խնդիր է. խաբել մեզ եւ Եվրախորհրդի՞ն, թե՞ ընդունել անհրաժեշտ օրենք՝ մեղմելով մի շարք սոցիալական խնդիրներ, ու պայքարել կոռուպցիայի դեմ կրթական համակարգում, առողջապահական համակարգում եւ բանակում»:

«Հայոց Աշխարհ» թերթի խմբագիրը այդպես էլ չի կարողանում գտնել «ի՞նչ է գործում այս երկրում» հարցի պատասխանը՝ ընկնելով հետեւյալ մտորումների մեջ. «Շատ անգամ ենք գրել, թե ապրում ենք քրեականացված երկրում, թե հայրենի քաղաքական գործիչների վարքը զարմանալիորեն հիշեցնում է բանտերում ու գաղութներում քրեական աշխարհի առաջնորդների պահվածքը: Սակայն տեսեք, թե ինչ է ստացվում: Լրատվամիջոցները պարբերաբար «փչացնում են» այս կան այն քաղաքական գործչին (անկախ նրանից, դիմությո՞ւն է նա, թե՞ ընդդիմություն), տեղեկացնելով հանրությանը նրանց անօրինական գործողությունների, անմարդկային արարքների կամ հանցագործությունների մասին: Բայց ինքնասպան լինելու, սրտի պայթյունից մահանալու կամ գոնե արդարացի հատուցումից անհայտ ուղղությամբ փախչելու փոխարեն, նրանք շարունակում են մեր մեջ հանգիստ ապրել, գործի գնալ, մամուլի ասուլիսներ հրավիրել, հեռուստատեսությամբ ու հանրահավաքներում ելույթներ ունենալ: Իսկ նրանց գործընկերները, համակուսակիցները, ղեկավարներն ու ենթակաները հանգիստ շարունակում են հետները սեղան նստել, ձեռք մեկնել՝ բնավ չվախենալով փչանալուց: Այսպիսով, գողական օրենքներն այս երկրում չեն գործում: Չեն գործում նաեւ իսկական օրենքները: Մնում է միայն ենթադրել, թե ինչ է գործում այս երկրում»:

Քննելով Միացյալ Նահանգների անդրկովկասյան քաղաքականության նպատակները, «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը այսօր նախանշում է. իրադարձությունների ներկա ընթացքը վկայում է, որ «տարածաշրջանում Միացյալ Նահանգների ռազմական ներկայության փաստը չի կարող լոկալ բնույթ ստանալ եւ ծառայել Վրաստանում ահաբեկչության դեմ պայքարի հետ կապված ինչ-ինչ խնդիրների լուծման: Այն արդեն ներկայումս վերածվում է ինչպես ներանդրկովկասյան խնդիրների լուծման, այնպես էլ Անդրկովկասի հարեւանների հետ ունեցած հիմնահարցերի կարգավորման լուրջ լծակի»:

«Օգտվելով Միացյալ Նահանգների դիրքերի ամրապնդումից, թուրք-ադրբեջանական դիվանագիտությունը տնտեսական նախագծերի քողի տակ փորձում է իրականացնել տարածաշրջանի առկա ռազմաքաղաքական հավասարակշռության փոփոխության իր երազանքը՝ փորձելով խաղի մեջ ներքաշել նաեւ Վրաստանին», - ուրվագծել է մեկնաբանը: - «Տարածաշրջանում թուրքական ներկայության սպառնալիքը դառնում է այն ունիվերսալ «բոբոն», որը Հայաստանի վրա ներազդելու համար օգտագործում են եւ' ամերիկացիները, եւ' ռուսները, բայց նրանցից եւ ոչ մեկը առայժմ չի փորձում որեւէ քայլով աջակցել կամ խոչընդոտել տվյալ գործընթացին: Այս սպառնալիքը չեզոքացնելու համար Հայաստանն ունի գործողությունների մի քանի տարբերակ, սակայն քանի դեռ գերտերությունների խաղը ընթանում է Հայաստանին վերակողմնորոշելու (ամերիկյան) եւ որպես պատնեշ օգտագործելու (ռուսական) տարբերակների բախման հարթության վրա, հայկական կողմը ստիպված է պահպանել ներկա «սպասողական հավասարակշռությունը»՝ մինչեւ այն պահը, երբ գերտերությունների մրցակցության ընթացքն ինքը կթելադրի լավագույն եւ նվազագույն կորուստների հանգեցնող լուծումը»:

Անդրադառնալով օրերս հնչած որոշ հայտարարությունների, «Ազգ» թերթի մեկնաբանը սահմանել է. «Թել Ավիվը չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը, եթե անգամ Թուրքիայի վարչապետը Իսրայելին մեղադրի պաղեստինցիների «ցեղասպանություն» իրականացնելու մեջ»:

«Իսրայելը եւ Թուրքիան ռազմավարական դաշնակիցներ են, եւ այդ դաշնակցությունը... չի խաթարվի, քանի դեռ տեղի չեն ունենում աշխարհաքաղաքական փոփոխություններ՝ ի վնաս Թուրքիայի, Իսրայելի եւ ԱՄՆ-ի։ Հակառակը՝ այդ փոփոխություններն ավելի կենսական են դարձնում Վաշինգտոն-Թել Ավիվ-Անկարա ռազմավարական դաշնակցությունը։ Չի բացառվում, որ ԱՄՆ հրեական որոշ շրջանակներ, իսրայելցի որոշ նախարարներ ակնարկեն Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին, ինչն արել են նախկինում։ Ավելին չպետք է ակնկալել», - եզրափակել է մեկնաբանը։


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG