Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Զատկի տոնի առիթով «Օր» թերթը գրում է. «Եթե առհասարակ չհավատանք հարության գաղափարին՝ երկրի, ժողովրդի, յուրաքանչյուրիս, ապրելն ինքնին իմաստազուրկ կդառնա: Սակայն մենք ապրում ենք անհավասարության ժամանակներում: Անհավասարությունը հանգեցնում է անպատժելիության, սա էլ, իր հերթին, անարժեք է դարձնում հարության գաղափարը: Անպատժելիությունից ու ագահությունից շփացած, բարոյական-անբարոյականի, թույլատրելի-անթույլատրելիի, ազգային-ապազգայինի սահմանը կորցրած մեր իշխանավորներին կարո՞ղ եք պատկերացնել դեպի հոգու եւ խղճի հարություն տանող ճանապարհն անցնելիս»:

Ուղիղ 4 տարի առաջ Ռոբերտ Քոչարյանն ընտրվեց Հայաստանի նախագահ: «Հայաստանի Հանրապետություն» թերթի մատուցմամբ, Հայաստանը հիմա դեպի գործունակ ու արդյունավետ պետություն տանող ճանապարհին է՝ «ներքաղաքական կայունությամբ, քաղբանտարկյալների, գրաքննության բացակայությամբ, ազատ խոսքի երաշխիքով, երկրի նախագահի ու քաղաքական ուժերի երկխոսությամբ ու կուսակցությունների ազատ գործունեությամբ, սահմանադրական բարեփոխումներով... արտաքին հավասարակշռված քաղաքականությամբ (ղարաբաղյան կարգավորման գործընթացում արժանապատիվ պահվածքով եւ անհրաժեշտ ու արդարացի լուծման կայուն դիրքորոշմամբ), նաեւ՝ տնտեսական զարգացման դրսեւորումով»:

«Հայոց Աշխարհ» թերթի թվարկմամբ էլ, Ռոբերտ Քոչարյանի օրոք «հաջողվեց կոտրել Ղարաբաղյան հիմնահարցի լուծումը Հայաստանի զարգացման խնդիրներին զոհաբերելու ծանոթ մտածելակերպն ու քաղաքականությունը: Հաջողվեց հաղթահարել նախորդ ութ տարիներին իրականացված արատավոր սոցիալ-տնտեսական քաղաքականության ալիքի վրա ասպարեզ իջած, բայց 1998-ին պարտություն կրած ռեւանշիստական ուժերի դիմադրությունը եւ Հայաստանում հաստատել ներքաղաքական կայունություն: Հաջողվեց հունավորել Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացը, իսկ Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման բանակցություններում ձեռք բերել Ադրբեջանի համեմատ շատ ավելի շահեկան դիրքեր... Հաջողվեց աշխուժացնել Հայաստանի տնտեսության արտադրական հատվածը»:

Այսքանից հետո «Հայոց Աշխարհ»-ում եզրափակված է. «Նախագահական ընտրություններից մեկ տարի առաջ ակնհայտ է դառնում, որ առկա ձեռքբերումները ամրագրելու եւ անշրջելի դարձնելու համար նախագահն իրեն մնացած ժամկետը պարտավոր է ամբողջովին սպառել տնտեսական եւ սոցիալական խնդիրների լուծման բարդ ու դժվարին ճակատում իրականացվելիք հրատապ եւ անհրաժեշտ աշխատանքների մեջ»:

Որպես վառ վկայություն, որ Հայաստանը Ռուսաստան - Բելառուս միության շատ պոտենցիալ երրորդն է, վերջինիս պետքարտուղար Բորոդինը Ռուսաստանի հայերի համագումարում օրերս նշեց, որ միայն վերջին յոթ տարիների ընթացքում Հայաստանից Ռուսաստան է տեղափոխվել 700 հազար հայ, եւ հոգու խորքում մենք զգում ենք մեզ մեկ պետության զավակներ: «Առավոտ» թերթը այսօր արձագանքում է՝ հայերն արդեն իսկ Ռուսաստանի կազմում են. «Բացի Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունից, շուտով «ավագ եղբորը» պարտքի դիմաց կհանձնվեն մեր ձեռնարկությունները: Եթե մնացյալն էլ հանձնենք, լիարժեքորեն կարող ենք հավակնել ՌԴ մարզերից մեկի կարգավիճակին... Սակայն մի բան հաշվի չի առել Բորոդինը: Հայերը Ռուսաստան են վազում ոչ թե այդ երկրի անքակտելի մասնիկը զգալու պատճառով, այլ ուղղակի փախչում են իրենց երկրից, ուր ծաղկում են ապօրինությունը, չինովնիկների կամայականությունը, կաշառակերությունը եւ գործազրկությունը»:

«Հայաստանում պետությունը թալանողներից պրծում չունենք: Բորոդինին՝ իր ռուսաստանյան չափերի ախորժակով, դժվար դիմանանք: Մեզ մեր տեղական բռնապետ Քոչարյանն էլ բավական է: Կարող ենք առանց Լուկաշենկոյի յոլա գնալ: Բացի այդ, եթե որպես հիմք ընդունենք հայ արտագաղթողների թիվը, Հայաստանն ավելի շուտ ուզում է միանալ ԱՄՆ-ին: Լոսում Հայաստանից փախածների թիվը ավելի շատ է», - ամփոփել է «Առավոտ»-ը:

«Այսօրվա ծուլացած գորշությունը, որոշումներ կայացնող մարդկանց դեֆիցիտը ու հասարակական լիարժեք անտարբերությունը չափազանց վտանգավոր են, բայց միեւնույն ժամանակ՝ սա միանգամայն լուծում ունեցող իրավիճակ է», - ուրվագծում է «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը: - «Հայաստանում դաշտն ազատ է նոր, ուժեղ լիդերի համար... Եթե լինենք լավատես եւ կարողանանք հաղթահարել «պատահականության» վտանգը, ապա նորմալ մարդկանց ու մեկ մարդու՝ իշխանություն վերցնելը, ավելի քան երբեք, իրական է: Այսօր որոշում կայացնող մարդու դեֆիցիտը այնքան սուր է, որ առանձին վերցրած ոլորտում, տեսականորեն, եթե հայտվի նորմալ մեկը՝ շատ կարճ ժամանակում կհասնի արդյունքների. ասենք, մեկ նորմալ առողջապահության նախարար, կրթության նախարար, դատախազ, արդարադատության նախարար եւ այլն: Այլ հարց է, որ նման մարդը դուրս կմնա այս համակարգի տրամաբանությունից»:

Այս շաբաթն ավարտվեց ընդդիմադիր եռյակի մահվան մասին խոսակցություններով: Քանի որ եռյակի պառակտման ճանապարհին առաջին քարը նետվել էր «Ազգային միաբանության» կողմից, «Հայկական ժամանակ»-ը պարզաբանումների համար դիմել է Արտաշես Գեղամյանին: Վերջինս ասում է. «Եթե այսօր թե' ընդդիմությունը եւ թե' իշխանությունը խփում են ինձ, ուրեմն ճիշտը ես եմ: Ես տառանի նման առաջ եմ գնալու, եւ ինձ կանգնեցնել հնարավոր չի լինելու: Այսօր մի գերխնդիր կա՝ Քոչարյանը պետք է հեռանա իշխանությունից»:

«Եթե Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ձեռքը ճար լիներ՝ հիմա ինձ վաղուց էին հեռացրել», - շարունակում է Գեղամյանը: - «Նրանք լավ գիտեն, որ ես կանգ չեմ առնելու. այնտեղ էլ լավ տղաներ կան, որ ինձ զգուշացրել են. ասել են, Արտաշ, զգույշ մնա: Բայց էլ հապաղելու ժամանակ չկա»:

«Քոչարյանն այս անգամ զորբայությամբ չի հաղթելու, այս անգամ այդ տարբերակը չի գործելու, իսկ եթե կփորձեն զորբայություն անել, հավատացնում եմ, որ արյուն է թափվելու», - հեռանկար է տալիս Արտաշես Գեղամյանը:

Ինչպես փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը երեկ Արթիկի բնակչության հետ հանդիպման ժամանակ, ՀԺԿ - «Ազգային միաբանություն» հարաբերություններին ու այդ առումով Արտաշես Գեղամյանի որոշ հայտարարություններին վերաբերող հարցին ի պատասխան Ստեփան Դեմիրճյանը նշել է. «Այս ֆոնի վրա, երբ տեսնում ենք, թե երկիրը ինչ ծանր վիճակում է, ուղղակի խայտառակություն է, երբ զբաղվում են մանր-մունր կուսակցական խաղերով, կուսակցական փախցնելով... Առանձին գործիչների անզգույշ արտահայտություններին պետք է վերջ տանք, պետք է վեր կանգնենք այս խաղերից, ամոթ է»:

«Ազգ» թերթի մեկնաբանը արձանագրում է. «Հերթական անգամ անկանխատեսելի «Ազգային միաբանություն» կուսակցությունը փորձում է ապացուցել, որ ինքը վստահելի գործընկեր եւ դաշնակից չի կարող լինել»։ Ընդհանուր առմամբ, ընդդիմադիր ղեկավարները իրար ձեռք սեղմելու պատրանք են դեռեւս փորձում պահպանել, մյուս ձեռքով իրականում իրար կոկորդ են սեղմում: Ընդդիմությունը այդպես էլ չի կարողանում լուծել նույնիսկ իր շրջանակում միաբանության ու առաջընթացի հասնելու խնդիրը:

Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG