Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Քաղաքական ֆալստարտ» վերնագրի տակ «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը արձանագրում է, որ Հայաստանում սկիզբ է առել այն գործընթացը, որը սովորաբար ծավալվում է ընտրություններից 2-3 ամիս առաջ: Ուրեմն, դեռ ինչ է մեզ սպասում առաջիկա մեկ տարում: Մեկնաբանի հայացքով, «ով էլ լինի հաջորդ նախագահը, քվեների ինչպիսի պաշարով էլ հաղթի իր հակառակորդներին... միեւնույն է նախագահական ընտրապայքարի մեկամյա տանջալից մարաթոնը հաղթահարելուց հետո հայտվելու է չափազանց ծանր վիճակում... Բոլոր թեկնածուների հեղինակության ու վարկի անկումն էլ ուղղակիորեն անդրադառնալու է պետական ողջ իշխանության հեղինակության վրա»:

«Մեզանում այնքան է նվազել ու ցամաքել «քաղաքականություն» կոչվող բարդ երեւույթի իրական բովանդակությունը, որ այն սկսել է ինքնաբերաբար նույնանալ իշխանությանը անմիջականորեն տիրանալու կամ այն պահպանելու խնդրի հետ», - ընդհանրացված է «Հայոց Աշխարհ»-ում: - Եվ հիմա «ըստ էության, պարապ-սարապ նստած ու մեկ-մեկ էլ դատարկ ու բովանդակազուրկ քաղաքական հայտարարություններ անող կուսակցությունների ու անհատ գործիչների բազմությունը անհամբեր սպասում է տարբեր շոուների, որոնց ժամանակ միանգամից իրենց ձիերի վրա կհայտնվեն վաղուց արդեն քաղաքական դիակ դարձած մանր ու մեծ գործիչները»:

«Աստվածաշնչում ասված է. «Ամեն իշխանություն Աստծուց է»: Հետեւելով հայրենի իրավապահներին, ակամայից գալիս ես այն եզրակացության, որ իշխանությունը կարող է լինել նաեւ Աստծո պատիժ», - այս պատկերավորմամբ է «Հայոց Աշխարհ»-ի խմբագիրը կրկին անդրադարձել, որ մեր երկրում իրավապահները պարբերաբար այնպես են վարկաբեկում իշխանությունը, որ ամենաարմատական ու անհաշտ ընդդիմադիրները նրանց խորապատկերի վրա մանուկներ են:

«Հայաստանում այսօր ամենախոշոր ու հզոր կուսակցությունը գրանցված չէ, դա նոմենկլատուրան է», - «Գոլոս Արմենիի» թերթում իր հերթին առանձնացնում է նախագահին կից Մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ Սուրեն Զոլյանը: - «Նրանք հիանալի կարողանում են առաջ տանել սեփական շահերը, թելադրել իրենց կամքը»: Զոլյանի ընդգծմամբ, ընդհանրապես քաղաքացիները պիտի սովորեն ինքնուրույն պաշտպանել սեփական շահերը. - «Հենց դա կլինի մեր հասարակությունում լայնորեն տարածված կամայականությունների լավագույն հակակշիռը»:

«Պետք չէ պատրանքներ ունենալ. «Ա1+»-ը փակելու դեմ քաղաքական ու լրագրողական «տուսովկայում» շատ քչերը կընդդիմանան», - նախանշում է այսօր «Առավոտ»-ը: - Հեռուստադիտողներն էլ իրենց տեղից չեն շարժվի: «Մեր իշխանությունը ղեկավարվում է ոչ թե բանականությամբ, այլ գավառական-ասիական զոռբայությամբ, որը շատ պարզորոշ երեւում է եվրոպական թիկնոցի եւ «մրցույթ», «մրցակցություն» երեսպաշտ բառերի տակ», - որակում է «Առավոտ»-ի խմբագիրը: - «Որքան էլ ձեւեր թափեն, ճշմարտությունը ոչ մեկից չես թաքցնի»:

«Հայկական ժամանակ»-ի թղթակիցը փոխանցում է, թե «անկախ իշխանամետության աստիճանից, «Ա1+»-ի վերաբերյալ բոլոր խորհրդարանական ուժերը միակարծիք էին՝ «Ա1+»-ը մեզ պետք է»:

Իսկ հանրապետության նախագահի խորհրդական Ալեքսան Հարությունյանը «Հայոց Աշխարհ» թերթում ասում է. «Այսօր աղմկում եւ խոսքի ազատության պաշտպանների պատմուճանով հանդես են գալիս այն քաղաքական գործիչները, որոնք ժամանակին փակեցին ոչ միայն իմ մասնակցությամբ ստեղծված «Հայլուր» հեռուստալրատվական ծրագիրը, այլեւ բազմաթից թերթեր: Ավելին՝ աղմկուն են այն մարդիկ, որոնք ոչ մի լավ բան չկարողացան ստեղծել, այդ թվում եւ լրատվության ոլորտում»:

«Եթե «Ա1+»-ը ցանկանում է, որ հասարակության կողմից չընկալվի որպես այդ ուժերի խոսափող, ապա պետք է թերեւս շահագրգռված լինի, որ դրանք իրեն չպաշտպանեն: Քանզի միայն դրանց պաշտպանությունը բավական է ցանկացած մարդու վարկաբեկելու համար», - գնահատել է Ալեքսան Հարությունյանը: - «Այսօր մրցույթի շուրջ բարձրացված այդ աղմուկը ուղղակի պարզ շանտաժ է, ճնշման փորձ հանձնաժողովի վրա»:

«Բավական է ցանկացած ոլորտի ձեռնարկատեր, հատկապես եթե փոքր կամ միջին բիզնեսի ներկայացուցիչ է, գովազդ պատվիրի որեւէ լրատվամիջոցում, անմիջապես հայտնվում են «քաջարի» հարկային տեսուչները եւ փորձում պարզել, թե ինչպե՞ս է առանց իրենց հետ «կիսվելու» տնտեսվարող սուբյեկտը համարձակվել ապրանք կամ ծառայություն գովազդել, ի՞նչ միջոցներով է թողարկվել կամ բերվել տվյալ ապրանքը եւ այլն։ Իհարկե, նման ստուգումից հետո գովազդ պատվիրելու ցանկությունը տնտեսվարող սուբյեկտը եթե ոչ առհավետ, ապա երկար ժամանակով կկորցնի»։ Անդրադառնալով այս երեւույթին «Ազգ» թերթի մեկնաբանը ի մի է բերել. - «Խոսել գործարար մթնոլորտի բարելավման կամ ազատ մամուլի առկայության մասին բոլոր իշխանավորներն էլ սիրում են... Բայց, դատելով այն փաստից, որ այսօր գովազդատուները խուսափում են գովազդ տեղադրելուց, ինչը կասեցնում է նրանց բիզնեսի զարգացումը, իսկ թերթերը չեն ստանում իրենց անկախության եւ զարգացման գլխավոր երաշխիք՝ գովազդներից ստացվող միջոցները, կարող ենք եզրակացնել, որ իշխանությունները հանդես են գալիս խոչընդոտողի դերում»։

«Հայաստանի խնդիրների լուծումները պիտի գտնվեն ներսում եւ, մասնավորապես, երիտասարդների կողմից», - «Ազգ»-ի հարցազրույցում բանաձեւել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Կյունին: - «Եթե խնդիրները, որոնք պիտի լուծի Հայաստանը՝ որպես խորհրդայինից ազատական տնտեսության անցնող մի երկիր, բարդ են, ապա ախտորոշումը պարզ է. Հայաստանին անհրաժեշտ են ներդրումներ եւ ղեկավար կադրեր»։ Ընդհանուր առմամբ, դեսպանի խտացմամբ, «Հայաստանի տնտեսական ապագան սերտորեն կապված է քաղաքական կարեւոր խնդիրների հետ»։


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG