Մատչելիության հղումներ

Արմավիրի նախկին քաղաքապետը կարող է պատասխանատվության ենթարկվել ընտրախախտումների համար


Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմենուհի Զոհրաբյանը, հանձնաժողովի նախագահ Արտակ Սահրադյանը նամակ է հղել կառավարություն, որպեսզի Արմավիրի քաղաքապետի ընտրությունների ընթացքում ընտրացուցակային խախտումների համար պատասխանտվության ենթարկվի համայնքի ղեկավարը՝ Արմավիրի արդեն նախկին քաղաքապետ Հարություն Մխոյանը:

Արմավիրի քաղաքապետի՝ մարտի 10-ին անցկացված ընտրությունների արդարությունը կասկածի տակ առած թեկնածու Արայիկ Աղաբաբյանի իրավական միջոցները՝ ընտրությունների պաշտոնական արդյունքը փոխելու իմաստով, սպառված են: Առաջին ատյանի դատարանը չբավարարեց հայցը եւ ուժի մեջ թողեց Արմավիրի մարզային ընտրական հաձնաժողովի որոշումը՝ ընտրություններում հաղթող ճանաչել Արարատ Զաքարյանին:

Տեղական ընտրությունների դեպքում առաջին ատյանի դատարանի վճիռը վերջնական է եւ բողոքարկման ենթակա չէ: Սահմանադրական դատարանը տեղական ընտրությունների վեճեր չի լուծում, իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու մտադրություն Աղաբաբյանի նախընտրական թիմը եւ դատարանում նրա շահերը պաշտպանած Վարդան Զուռնաչյանը չունեն:

Այդուհանդերձ, նրանք այսօր ասուլիս էին հրավիրել՝ «հանրությանը իրական պատկերը ներկայացնելու»:

Բանախոսները միաբերան զգուշացրին, որ սա կարող է լինել առաջիկայում սպասվող համապետական քվեարկությունների մանրապատկերը, իսկ ժողովուրդն Արմավիրում, ըստ նրանց, հարյուրներով դատարանի շենքում եւ շրջակայքում մի քանի օր հավաքվելուց հետո, դատավճռից ու ընտրություններից ընդհանրապես հիասթափված է:

Ինչպես վկայեց Աղաբաբյանի շահերի պաշտպան Վարդան Զուռնաչյանը, տեղական այս ընտրարշավի ընթացքը ցույց տվեց, որ Հայաստանում ոչինչ չի փոխվել: «Կեղծիքները նույն ձեւով, նույն մեթոդներով՝ մի քիչ էլ կատարելագործված, կատարվում են», - ասաց փաստաբանը:

Արայիկ Աղաբաբյանի վկայությամբ, քարոզարշավից սկսած տեղական իշխանությունը՝ ի դեմս Արմավիրի մարզպետ Ալբերտ Հերոյանի, օգտագործել է հնարավոր բոլոր լծակները՝ իր նախընտրած թեկնածուի հաղթանակի համար:

Վկայակոչված խախտումների մեջ դարձյալ առյուծի բաժինն ընտրացուցակներինն է. անունների կրկնություններ, դատավճռով լրացուցիչ ցուցակներում նոր ընտրողների ընդգրկում, որոնց մեջ, ըստ Զուռնաչյանի, եղել են ընտրական տարիքը չլրացած եւ մահացած մարդիկ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նույնպես այս առիթով բողոքներ է ստացել եւ մարզային ընտրական հանձնաժողովին հանձնարական տվել միայն այն մասով, որով իրավասու է տեղական ընտրությունների դեպքում:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG