Մատչելիության հղումներ

Լրատվամիջոցների ներկայացուցիչները կրկին հայտարարություն են ընդունում ընդդեմ «ԶԼՄ-ների մասին» օրինագծի


Զանգվածային լրատվամիջոցների (ԶԼՄ) ներկայացուցիչներն ու Ազգային ժողովի երկու մշտական հանձնաժողովների նախագահները կառավարությանը մեղադրում են պայմանավորվածությունները խախտելու եւ «Զանգվածային լրատվամիջոցների մասին» օրենքի նախագիծը չնչին փոփոխություններով շրջանառության մեջ վերադարձնելու համար:

«Ո'չ գրաքննությանը» ակցիայի շրջանակներում Մամուլի ազգային ակումբը այսօր ընդունեց հայտարարություն, որով պնդում է «Զանգվածային լրատվամիջոցների մասին» կառավարության մշակած օրենքի նախագիծը շրջանառությունից հանելու պահանջը՝ «չոտնահարելու համար խոսքի, մամուլի ազատությունը, տեղեկատվություն ստանալու՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սահմանադրական իրավունքը»:

Մամուլի ազգային ակումբը փետրվարի 15-ին արդեն հանդես էր եկել օրենքի նախագիծը խիստ քննադատող եւ այն շրջանառության մեջ չդնել պահանջող հայտարարությամբ:

Կառավարության կողմից լրամշակված նախագիծը չնչին փոփոխություններ է կրել եւ, ըստ ակումբի վարչության անդամ Վարդան Վարդանյանի, «նույն փիլիսոփայությունը, գաղափարախոսությունը պահպանած փաստաթուղթ է հրամցվում»:

Վարդան Վարդանյանը ասաց նաեւ, որ իշխանությունները այդպես էլ չեն պատասխանել իրենց ամենագլխավոր հարցին, այն է՝ «ի՞նչ մտահոգություններից է ծնվել այս նախագիծը, ի՞նչ հարցեր լուծելու համար է: Ընդամենը նրա համար, որ Եվրախորհրդի առջեւ պարտավորությո՞ւն ենք ստանձնել»:

Իսկ «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը ասաց. - «Պատերազմը մեզ հայտարարված է, եւ մենք էլ մարտահրավերը ընդունել ենք: Մենք այդ օրենքով չենք առաջնորդվելու»:

Ինչ վերաբերում է Եվրախորհրդի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորություններին, ապա այդ կազմակերպության փորձագետներից մեկը՝ Ռամոն Սուարեսը այս ամսվա սկզբին Երեւանում ասաց. «Չեմ կարծում, թե հատուկ պարտավորություն է նշվել: Որոշ դրույթներ կային հեռուստատեսության մասին օրենքի, տեղեկատվության մատչելիության վերաբերյալ, ինչը կարելի է դիտարկել որպես պարտավորություն»:

Փորձագետները միանշանակ կերպով հայտարարել էին, որ նախագիծը «լավագույնը չէ», կան մի շարք դրույթներ, որոնք չեն համապատասխանում Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի եւ Եվրախորհրդի պահանջներին:

Օրենքի նախագիծը քննադատության էր արժանացել նաեւ Ազգային ժողովում ներկայացված գրեթե բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների կողմից:

Խորհրդարանի կրթության եւ գիտության մշտական հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանը ասաց, որ կառավարությունը խախտել է ձեռքբերված պայմանավորվածությունը, ըստ որի պիտի ձեւավորվեր աշխատանքային խումբ՝ գործադիր եւ օրենսդիր իշխանությունների, ինչպես նաեւ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների ներգրավմամբ:

Խումբը պիտի գոյություն ունեցող երեք նախագծերից (երկուսը՝ արդարադատության նախարարության եւ մեկը՝ Մամուլի ազգային ակումբի կողմից մշակված) կազմեր մեկը:

Ըստ Շավարշ Քոչարյանի, պայմանավորվածությունների խախտումը նշանակում է, որ «հետեւողականորեն փորձում են հրամցնել այս օրենքը՝ իբրեւ մահակ լրատվամիջոցների գլխին»:

«Այնպիսի տպավորություն է, որ մենք մեկ տարի առաջ դուրս ենք եկել Եվրախորհրդից, որոշել ենք նահանջել ժողովրդավարական արժեքներից եւ, որպես հետեւանք, բերում ենք այս օրենքը», - ասաց Շավարշ Քոչարյանը: Իսկ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը օրենքի նախագիծն անվանեց «օրենք գրաքննության մասին»:

Որոշվեց, որ վաղը լրատվամիջոցների լիազորված ներկայացուցիչները Շավարշ Քոչարյանի եւ Վիկտոր Դալլաքյանի հետ միասին կհանդիպեն նախագծի հեղինակ, արդարադատության փոխնախարար Աշոտ Աբովյանի հետ:


Անուշ Դաշտենց, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG