Մատչելիության հղումներ

Արկադի Ղուկասյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի արտգործնախարարությունում


Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանը Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի արտգործնախարարության մի շարք պաշտոնյաների հետ: Հանդիպման ժամանակ, ըստ Ֆրանսիայուն Արցախի Հանրապետության ներկայացուցչության հաղորդագրության, արծարծվել են «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարներին վերաբերող հարցեր»:

Լեռնային Ղարաբաղի նախագահը Ֆրանսիա է ժամանել տեղի հայկական կազմակերպությունների հրավերով: Առիթը Ստեփանակերտում կառուցվող հիվանդանոցի շտապ օգնության բաժնի համար ձեռնարկված հանգանակությունն է: Բարեգործական միջոցառումների շնորհիվ հավաքվել է 33 հազար եվրո՝ անհրաժեշտ գումարի մեկ տասներորդը: Դրամահավաքը, սակայն, շարունակվում է, եւ ֆրանսիահայ կազմակերպությունները հուսով են, որ արդյունքը կբարելավվի:

Հանդես գալով հայկական ռադիոկայանով, Լեռնային Ղարաբաղի նախագահը կրկին շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ ընթացող բանակցություններում Ստեփանակերտի մասնակցության անհրաժեշտությունը:

«Աբսուրդ է ենթադրել, որ Ղարաբաղի ժողովուրդը կարող է մասնակցություն չունենալ իր սեփական ճակատագրի հարցում», - ասել է Ղուկասյանը: - «Սա հասկանում են բոլորը. եւ' Միացյալ Նահանգների ներկայացուցիչները... Սա հասկանում են եւ Ֆրանսիայի ու Ռուսաստանի ներկայացուցիչները... Վերջերս մենք Ստեփանակերտում հադիպեցինք Մինսկի խմբի համանախագահության հետ, եւ բոլորն էլ միանշանակ ասացին, որ առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության անհնարին է լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը»:

«Միջազգային համայնքը պետք է փոխի Արցախի հանդեպ իր տեսակետը», - հայտարարել է Ղուկասյանը ֆրանսիական մամուլի գործակալությանը: - «8 տարի է անցել Ադրբեջանի հետ մեր ստորագրած զինադադարից: Նոր իրադրություն է ստեղծվել, եւ մենք դեմոկրատականացում ենք իրականացրել... Ադրբեջանը պետք է հասկանա, որ 12 տարի է անցել անկախության հռչակումից, եւ ծնվել է Արցախում հայերի մի նոր սերունդ, որ այնտեղ գոյություն ունի երկու կողմերը բաժանող սահմանագիծ՝ երկու կողմերում երկու բանակներով եւ զինադադարի պահպանմամբ»:


Ռուզան Կյուրեղյան, Փարիզ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG