Մատչելիության հղումներ

Աժ փոխխոսնակը դժգոհ է ԵԽ-ում Հայաստանի պատվիրակության գործունեությունից


Ազգային ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը այսօր ասել է, թե Հայաստանում դեռեւս հարկ եղած չափով չի կարեւորվել Եվրախորհրդին (ԵԽ) անդամակցելու հանգամանքը: Նա նաեւ քննադատեց ԵԽ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակությանը՝ անդամությամբ ընձեռված հնարավորությունները լիարժեք կերպով չօգտագործելու համար:

«Մեր որոշ պատվիրակությունների թվում է, թե անդամակցությունը ուղղակի մի ասպարեզ է եւս, որտեղ կարող են գնալ, նստել-սպասել, երբ ադրբեջանցիները Ղարաբաղի կամ այլ հարցի վերաբերյալ ելույթ կունենան, եւ իրենք էլ պատասխան կտան», - շաբաթ օրը ասաց Տիգրան Թորոսյանը: - «Պրիմիտիվ պատկերացում է մեր գործունեության վերաբերյալ»:

Ազգային ժողովը փոխխոսնակը ասաց, որ նկատի չունի ԵԽ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանին, այլ՝ ողջ պատվիրակությանը: Նրա խոսքերով, Հայաստանը մինչեւ այժմ որեւէ լուրջ նախաձեռնությամբ հանդես չի եկել, ինչը թերահավատություն է առաջացնում ԵԽ-ում Հայաստանի, իսկ Հայաստանում՝ եվրոպական այդ կառույցի նկատմամբ:

Երկրի զարգացման համար ներկա փուլում Տիգրան Թորոսյանը առանձնացրեց պետական կառավարման համակարգի բարեփոխումը: Այլապես, նրա խոսքերով, մեզանում շարունակում է գործել կառավարման խորհրդային համակարգը՝ առանց զսպիչ մեխանիզմների: Իսկ դրանց բացակայության պայմաններում ծաղկում են կաշառակերությունը, դրամաշորթությունը եւ բացասական այլ երեւույթներ: Ելքը Թորոսյանը ձեւակերպեց այսպես՝ պաշտոնյան պիտի ստանա արժանապատիվ աշխատավարձ, լինի պաշտպանված եւ պատասխանատու:

Խոսելով առաջիկա ընտրությունների մասին (աշնանը տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների, իսկ 2003-ի գարնանը՝ նախագահական եւ խորհրդարանական հերթական ընտրությունները), Տիգրան Թորոսյանը առաջնահերթ է համարում ազատ եւ արդար ընտրությունների ապահովումը:

«Մեր տասը տարվա ընթացքը ցույց տվեց մեկ բան. յուրաքանչյուր քիչ թե շատ ողջամիտ մարդ կամ քաղաքական ուժ պատրանքներ չպետք է ունենա, որ անարդար ընտրություններով հաջողություն կունենա», - ասաց խորհրդարանի փոխնախագահը, նշված նպատակին հասնելու ճանապարհին առանձնացնելով, մի կողմից, ընտրությունների արդարությունը օրենսդրորեն ապահովելու հրամայականը, իսկ մյուս կողմից՝ քաղաքական ուժերի փոխադարձ հանդուրժողականության անհրաժեշտությունը:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG