Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայոց Աշխարհ» թերթի արձանագրմամբ, «ընդդիմության ներսում ներկայումս գոյություն ունեցող հակասությունների գունապնակը իր մեջ ներառում է այնպիսի սկզբունքային խնդիրներ, ինչպիսիք են Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման եւ դրա հետ կապված՝ Հայաստանի հետագա զարգացման ուղիների, այդ թվում եւ արտաքին կողմնորոշումների հիմնահարցը: Եվ այս առումով ակնհայտ են լուրջ տարաձայնություններ ինչպես ներկայումս ՀՀՇ-ի շուրջ համախմբվող աջ ուժերի եւ «Սոցիալիստական Հայաստան»-ի, այնպես էլ ՀՀՇ-ի եւ նրա մարտական թեւի մի հատվածի ծնունդը հանդիսացող «Հանրապետության» միջեւ»:

Այս ելակետից մեկնաբանը շարունակում է. - «Նման պայմաններում միանգամայն տրամաբանական է թվում այն վարկածը, որ ՀՀՇ-ն եւ նրա շուրջ համախմբվող աջ ուժերը ընտրությունների նախօրեին փորձելու են գտնել մի այնպիսի փոխզիջումային բանաձեւ եւ դրա կիրարկման գործի համար պիտանի քաղաքական առաջնորդ, որն ի վիճակի կլինի համահարթել առկա տարաձայնությունները եթե ոչ «հանուն», ապա գոնե «ընդդեմ» բանաձեւի միջոցով: Այդպիսի, առայժմ զուտ տեսական հնարավորության կրողը կարող են լինել աջ կամ ձախ կենտրոնամետ ուժերի՝ «Հանրապետության» եւ ՀԺԿ-ի առաջնորդները... Այդ գործիչները կարող են տեղավորվել նաեւ ավանդական արեւմտամետների (ՀՀՇ) եւ ավանդական ռուսամետների («Սոցիալիստական Հայաստան») արանքում, հանգամանք, որն ունի ոչ պակաս կարեւոր նշանակություն»:

Ի սկզբանե դիրիժորական փայտիկը վերապահելով ՀՀՇ-ին, «Հայոց Աշխարհ»-ը առավել հավանական է տեսնում Ստեփան Դեմիրճյանի թեկնածությունը՝ հետեւյալ սցենարով. նախ, ողջ ընդդիմադիր դաշտը կինքնադրսեւորվի՝ «ասպարեզ նետելով ոչ թե մեկ, այլ 5-6, հնարավոր է նաեւ 10-12 թեկնածու... «Իքս» պահին՝ ընտրություններից 10 օր կամ մեկ շաբաթ առաջ, փորձ կարվի սեփական քաղաքական սկզբունքները ստորադասել «պահի հրամայականներին», որոնք իրականում կհանդիսանան ՀՀՇ-ի ծրագիր-մինիմումի՝ ներկա իշխանություններից ազատվելու խնդրի լուծման միջոցները»:

«Իրականում այս իշխանությունը շատ թույլ է եւ գոյատեւում է միմիայն իրավապահ պատժիչ մահակի եւ բյուրոկրատական համակարգի օգնությամբ», - «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցում ասում է «21-րդ դար» կուսակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանը, որը, ինչպես հայտնի է, մտնում է ՀՀՇ: Շահնազարյանի համոզմամբ, «եթե մեր հասարակության քաղաքացիական ակտիվությունը բարձրանա, եթե Շարժման սկզբունքներին եւ գործելակերպին հավատարիմները համախմբվեն ու վերականգնեն Շարժման ոգին, ապա ինչպիսի ուժային մեթոդներ ու կեղծիքներ էլ Քոչարյանը կիրառի, նրա շանսերը զրո են»:

Ազգային անվտանգության պետական վարչությունում Շահնազարյանի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը հաճախ է ցնցող բացահայտումներ անում՝ ասելով, որ այդ պաշտոնում աշխատելիս իրեն հայտնի են դարձել նախորդ իշխանավորների կատարած հանցագործություններ: Շահնազարյանն այսօր արձագանքում է այսպես. «Եթե այդ հայտարարությունները համապատասխանում են իրականությանը, ապա պատասխանատվության պետք է ենթարկվի նաեւ տվյալ հայտարարությունների հեղինակը՝ ժամանակին համապատասխան միջոցներ չձեռնարկելու համար: Իսկ եթե իրականությանը չեն համապատասխանում, ուրեմն պատասխանատվություն պետք է կրի միայն այդ հայտարարությունների հեղինակը: Եվ եթե առ այսօր որեւէ մեկը իրավական պատասխանատվության չի ենթարկվել, ուրեմն գործ ունենք ներկայիս իշխանությունների բազմաթիվ քաղաքական պատվերներից մեկի հետ»:

«Խոսակցությունները այսպես ասած՝ «հօգուտ չքավորների» զզվեցրել են բոլորին, բացի միջազգային կազմակերպությունների ու հայրենական կառավարական կառույցների աշխատակիցներից, որոնք զգալի աշխատավարձ են ստանում հենց այդ խոսակցությունների համար», - անդրադառնում է այսօր «Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանը: - «Իրականում ոչինչ չի փոխվում եւ չի էլ կարող փոխվել մի երկրում, որն ասես հավերժ քարացել է 10 դոլարանոց թոշակի ու 20 դոլարանոց աշխատավարձի վրա: Անհույս աղքատությունը հոգեմաշ է անում ոչ միայն ինքնին, այլեւ մշտական մտավախությամբ, որ տարբեր վերացուցակավորումների հետեւանքով եղած չնչինից էլ կզրկվես: Իրավիճակը փոխելու առաջին լուրջ քայլերն անելու համար պետք է դադարեցնել ձեւեր թափելը, թե պայքարում ենք կոռուպցիայի, գողության, անօրինականության դեմ: Ի վերջո, աղքատներին մի բան տալու համար պետք է այդ ինչ-որ մի բանը ինչ-որ մեկից վերցնել», - ընդգծում է մեկնաբանը: - «Ըստ փորձագետների, մեր երկրում 20 տոկոս ամենահարուստների ու ամենաաղքատների եկամուտների տարբերությունը ավելի քան 32 անգամ է: Մինչդեռ հայտնի է սահմանումը, որ 25 անգամ գերազանցելու դեպքում հեղափոխական վիճակ է ստեղծվում»:

«Այնպես որ», - ամփոփված է «Գոլոս Արմենիի» թերթում, - «քանի դեռ աղքատները չեն վճռել, որ եկել է «վերցնելու եւ բաժանելու» ժամանակը, դա քաղաքակիրթ կերպով պիտի անի կառավարությունը»:

«Անպատասխան սեր» վերնագրի տակ է «Առավոտ»-ն այսօր անդրադարձել հայ-ռուսական զգացմունքներին՝ առաջադրելով. «Չարժե՞, որ Հայաստանը վերանայի իր չափից դուրս խանդավառ հարաբերությունները միջազգային ասպարեզում ուժը կորցնող Ռուսաստանի հետ: Պե՞տք է շարունակել մեր ստրատեգիական համագործակցությունը այն պետության հետ, որի թուլացման մասին խոսում են անգամ ռուսաստանյան քաղաքական գործիչները։ Սրանք այն հարցերն են, որոնց շուրջ պարտավոր են խորհել մեր քաղաքական ուժերն ու ղեկավարները»։

Զարգացող փոփոխականության ֆոնի վրա «Ազգ» թերթի մեկնաբանն էլ տարակուսում է, որ «պաշտոնական Երեւանը նոր տեղաշարժերի կապակցությամբ որեւէ դիրքորոշում չի հայտնել»։ Այս առնչությամբ կրկին շեշտված է. «Ցանկացած նորմալ երկրում անվտանգության խնդիրները քննարկվում են անկախ գործող անվտանգության խորհրդում, որի վրա է դրված որոշելու արտաքին քաղաքականության եւ անվտանգության հիմնական չափորոշիչները, առաջնահերթությունները։ Հայաստանում նման կառույց գոյություն ունի միայն ֆորմալ առումով, որն ընդհանրապես չի գործել։ Այս պայմաններում այժմ պարզապես օդից կախված է մնում՝ որտեղ եւ կոնկրետ ում պատասխանատվությամբ են ընդունվում ռազմավարական նշանակության որոշումները»։


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG