Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ռոբերտ Քոչարյանի նախագահության հինգ տարիներից չորսն արդեն պատմություն են դարձել, եւ այն, ինչ կիսատ է մնացել, սխալ է արվել կամ չի արվել չորս տարվա ընթացքում, դժվար թե ամբողջությամբ լրացվի մնացորդային մեկ տարվա ընթացքում», - կարծում է «Իրավունք» թերթի մեկնաբանը: - «Առավել եւս, որ այդ մեկ տարին նախընտրական է, եւ ամեն ինչ խցկվելու է վերընտրվելու գերխնդրի պրոկրուստյան մահճի մեջ»:

«Նախընտրական շրջանում տրված խոստումներից մեկն այն էր, որ նախորդ ռեժիմի գործունեությանը տրվելու է քաղաքական գնահատական: Դրա հետ կապված էին այն հույսերը, որ հնարավոր կլինի օբյեկտիվորեն գնահատել անցյալը, ձերբազատվել նրա ստվերոտ ու անընդունելի կողմերից ու վստահության մթնոլորտի պայմաններում քայլ առ քայլ հրաժեշտ տալ կիսաքրեական կլանային համակարգին, անցում կատարել դեպի պետականության նորմալ չափանիշներ: Սակայն դա տեղի չունեցավ, եւ արդունքը եղավ այն, որ Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը դարձավ ՀՀՇ-ական իշխանության իրավահաջորդը», - գնահատում է մեկնաբանը, եւ Ռոբերտ Քոչարյանի հիմնական նախընտրական խոստումներին անդրադառնալով՝ տալիս չորսամյա նախագահության նաեւ այսպիսի բացեր. - Աշխատատեղեր, լավագույն դեպքում, ինչքան փակվել են, այնքան էլ ստեղծվել են, «անկատար մնաց 2001 թվականին աղետի գոտում բնակարանային խնդրի վերջնական լուծումը... Սահմանադրության բարեփոխման խոստումը ստացավ բավականին տգեղ կատարում... Չորս տարվա ընթացքում ժողովրդի եւ իշխանության միջեւ եղած անջրպետը չվերացավ, այլ լավագույն դեպքում մնաց նույնը: Սոցիալ-տնտեսական բնագավառում լավագուն դեպքում ունենք աննշան տեղաշարժ: Ժողովուրդը նույն ձեւով, ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք, քվեարկում է ոտքերով եւ առանձնապես հույսեր չի կապում երկրի ապագայի հետ»:

«Օլիգարխիայի սանձազերծությունը, բարձրաստիճան չինովնիկների անգրագիտությունը, համատարած կոռուպցիան ճահճի նման կլանում են ցանկացած նախաձեռնություն եւ առաջընթացի փորձ», - ընդհանրացրել է մեկնաբանը:

«Հայկական ժամանակ» թերթի մատուցմամբ, «Ֆրանս Պրես» գործակալությանը տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը հերթական անգամ ցույց է տվել ցանկացած ցատկից հետո ոտքի վրա վայրէջք կատարելու բացառիկ ընդունակություն, մասնավորապես հրամցնելով, թե «հոկտեմբերի 27-ի գործով վեց ամբաստանյալ ազատ են արձակվել ոչ թե իր, այլ Ազգային ժողովի որոշմամբ»: Նախագահի արտահայտությունն էլ, թե «Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, որ արդյունքները հնարավոր չլինի օգտագործել ընտրարշավի ժամանակ», «Հայկական ժամանակ»-ին մղում է եզրակացնելու, թե «Քոչարյանն ինքն էլ լավ է գիտակցում սեփական վարկանիշի անփառունակ վիճակը եւ խաղում է ժամանակի վրա»:

«Իշխանություններին պարզապես անհրաժեշտ է, որ նախագահական եւ ԱԺ ընտրություններին նախորդող տեղական ինքնակառավարման ընտրությունները առավել քան խայտառակ ընթացք ունենան», - հավաստիացնում է «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը՝ վկայակոչելով անցած շաբաթ կայացած Արմավիրի քաղաքապետի ընտրությունները: - Այդ դեպքում, ասենք, «նախագահական ընտրությունները «նկարելը» բավական կհեշտանա, որովհետեւ նման ընտրություններից հետո հանրապետության ընտրողների մեծ մասը վերջնականապես ընտրություններից կհիասթափվի... Մասնակցության մակարդակը ցածր կլինի, իսկ այս դեպքում ընտրությունների «արդյունքներ նկարելը» էականապես հեշտանում է»:

«Բացահայտ կեղծիքներով ընտրված համայնքի ղեկավարները իշխանությունների տեսանկյունից մեկ առավելություն եւս ունեն՝ նրանց վերահսկելը շատ հեշտ է, որովհետեւ կասկած չունեն, որ ցանկացած պահի կարող են պաշտոնանկ արվել, նույնիսկ՝ դատվել», - ավելացնում է մեկնաբանը:

«Անկախացման տարիներին պետական համակարգի վերակառուցման ընթացքում իշխանությունը արեց եւ անում է հնարավորը՝ իր ուսերից «թոթափելու» համար քաղաքացիների նկատմամբ ունեցած պարտավորությունները», - ընդգծում է այսօր «Երկիր»-ի խմբագրականը: - «Սեփական ծառայությունն իբրեւ ապրանք գնահատող իշխանությունը անտեսում է նույն ծառայությունը մատուցած աշխատավորի վարձատրության կարեւորությունն ու անհրաժեշտությունը... Այս հանցավոր անտարբերության հետեւանքով միայնակ ու անօգնական է մնում աշխատավոր մարդը, որը, կքած պետության կողմից սահմանված նյութական պարտավորությունների տակ, հնարավորություն չունի նույնանման պատժամիջոցներ կիրառել պարտականությունը չկատարած պետական պաշտոնյաների, ասել է թե՝ նույն պետության դեմ»:

«Արդյունքում ունենք սեփական երկիրը չսիրող, հուսախաբ, սեփական իշխանությունից դժգոհ, նրան չվստահող հասարակություն», - եզրակացնում է «Երկիր»-ը:

«Ժամանակ» թերթի ձեւակերպմամբ, ամբոխը «պատրաստ է տարիների ընթացքում կուտակած իր չարության մաղձը թափելու, եթե վերջինիս համար գտնվի որեւէ պատրվակ, եւ այսօր նման պատրվակ են հանդիսանում ստապատիր կոմունիզմի աղբակույտի վրա աճած կեղծ դեմոկրատիայի բորբոսային սնկերը, որոնցով ահա ավելի քան մեկ տասնամյակ է, ինչ թունավորվում է մեր հասարակությունը»:

«Զգոնություն» վերնագրի տակ «Ժամանակ»-ը ամփոփել է. «Իրադրությունը փոխվել է, եւ նոր լույս է սփռվում ոչ հեռու պատմական անցյալի վրա, երբ կատարված հանցանքների համար պիտի պատասխան տրվի, քանզի շատ զոհերի դիակներ դեռեւս հող չեն դարձել»:

«Իրավունք» թերթի լրատվությամբ, Ռուսաստանում Հայաստանի դեսպան Սուրեն Սահակյանը արդեն մի քանի շաբաթ է, զրկված է դիվանագիտական անձեռնմխելիությունից այն բանից հետո, երբ Եվրոպայի երկրներից մեկը մեկնելիս օդանավակայանում բռնվել է մաքսանենգության փորձի վրա... Իսկ Հայաստանի իշխանությունները պատրաստվում են նրա փոխարեն դեսպան նշանակել Երեւանի կոնսերվատորիայի ռեկտոր Արմեն Սմբատյանին»: Այս վերջինը հաստատում է նաեւ «Ազգ» թերթը, նշելով, որ Արմեն Սմբատյանի դեսպան նշանակման վերաբերյալ համաձայնության՝ «ագրեմանի», դիմումը Ռուսաստանի արտգործնախարարությունում է:

Այս ողջ շաբաթվա ընթացքում բոլոր ռուսաստանյան թերթերն ու գործակալությունները՝ վկայակոչելով «լավատեղյակ աղբյուրները», հայտնում են, թե թուրքական հատուկ ծառայությունները Վրաստանի հայաբնակ շրջաններում լայնամասշտաբ սադրանք են նախապատրաստում։ Անդրադառնալով սրան, «Առավոտ» թերթը ընդգծում է. «Իրավիճակն իսկապես լուրջ է։ Սակայն չի բացառվում, որ Թուրքիայի այս ծրագրերի մասին լուրերը սադրանք են հենց Ռուսաստանի կողմից... Եթե հաշվի առնենք վերջին շրջանում բարդացած ամերիկա-ռուսական հարաբերությունները, նպատակն ակնառու է դառնում. Ռուսաստանը՝ կորցնելով Վրաստանում իր ազդեցությունը, փորձում է հայ-վրացական հարաբերությունները սրելով՝ ռեւանշ վերցնել։ Եվ ամենավտանգավորն այն կլինի, եթե Հայաստանի կամ Ջավախքի հայերը այդ խայծը կուլ տան»։

«Ազգ» թերթը երեկ տարածել էր, թե Միացյալ Նահագներում օրերս տեղի ունեցած հայ-թուրքական սիմպոզիումի ընթացքում մի թուրք լրագրող հայտարարել է, որ Թուրք-հայկական հաշտեցման հանձնաժողովը շուտով վերսկսելու է իր աշխատանքները՝ այս անգամ կազմի որոշ փոփոխությամբ, եւ հայկական կողմից ավելացել է Կարեն Դեմիրճյանի կրտսեր որդին՝ Սամվել Դեմիրճյանը: Վերջինս «Ազգ»-ին հերքում է ուղարկել՝ հայտնելով, որ այդ «բացահայտումը» իրականությանը բացարձակապես չի համապատասխանում:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG