Մատչելիության հղումներ

Քոչարյանի հարցազրույցը ավստրիական «Դի Պրեսսե» թերթին


Ավստրիական «Դի Պրեսսե» լրագիրը այսօր զետեղել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը: Այն հիմնականում արտացոլում է շաբաթներ առաջ նույն թերթում արտահայտված մտահոգությունը՝ Կովկասում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ սկսված ազդեցության գոտիների մրցակցության շուրջ:

Քոչարյանի հետ հարցազրույց վարող լրագրողը՝ երկու շաբաթ առաջ այս խնդիրը բարձրացրած հոդվածի հեղինակ Վիլանդ Շնայդերը, հավանաբար միտում ուներ այս հարցազրույցով եւս զարգացնել իր արծարծած թեման: Նախագահ Քոչարյանի պատասխանը, հավանաբար, դժվարություն կստեղծի մեր տարածաշրջանի մասին գրող Շնայդերի համար՝ այսուհետ էլ աներեր թմբկահարել Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջեւ մրցակցության թեման «Դի Պրեսսե»-ի էջերում:

«Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ մրցակցություն չկա» վերնագրով հարցազրույցում, պատասխանելով Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջեւ Կենտրոնական Ասիայում եւ Կովկասում իբր սկսված ազդեցության գոտիների մրցավազքին վերաբերող հարցին, Հայաստանի նախագահը ասել է. - «Այն, ինչ այժմ դիտարկվում է Կենտրոնական Ասիայում Աֆղանստանի հետեւանք է: Կովկասում ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Ֆրանսիան, այսպես կոչված, Մինսկի խմբի շրջանակներում լավ համագործակցում են միմյանց հետ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման շուրջ: Դրանում ես ոչ մի անառողջ մրցակցություն չեմ տեսնում այս տերությունների միջեւ: Նաեւ, ինչ վերաբերում է մեր տարածաշրջանի այլ մասերին, կարծում եմ, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համար ավելի մեծ գործունեության շրջանակ կա միմյանց լրացնելու, քան հակադրվելու համար: Հայաստանը շատ լավ հարաբերություններ ունի եւ' Ռուսաստանի, եւ' ԱՄՆ-ի հետ: Այս երկու երկրներն էլ կարեւոր են մեզ համար: Այս երկու երկրներից ոչ մեկն էլ մեզ չի ասել. կամ մենք՝ կամ մյուսը: Բնականաբար մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ ավելի խորն են՝ պատմական պատճառներով: Դա վերաբերում է նաեւ ռազմական հողի վրա մեր հարաբերություններին»:

Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հակամարտության հնարավոր լուծմանը, Քոչարյան ասել է. «Ես չեմ կարող որեւէ կոնկրետ լուծման մասին խոսել, քանի որ լուծումը կարող է միայն կողմերի միջեւ բանակցության արդյունքը լինել: Մենք արդեն երկար տարիներ բանակցում ենք, սակայն դեռեւս լուծման չենք հասել»:

«Արդյո՞ք Հայաստանի համար լուծում կարող է լինել իր զորքերը Լեռնային Ղարաբաղից պարզապես դուրս բերելը, եւ տարածաշրջանը Ադրբեջանին հետ տալը» հարցին Հայաստանի նախագահը պատասխանել է. - «Ոչ, հաստատ ոչ»:

Ավստրիական թերթի վերջին հարցին, թե «Արդյոք երկյուղ ունե՞ք, որ Ադրբեջանը փորձի Լեռնային Ղարաբաղը ուժով հետ վերցնել», Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է այսպես. - «1994 թվականի մայիսից Ադրբեջանի հետ հրադադար է հաստատվել: Թեեւ մանր միջադեպեր եղել են, սակայն հրադադարի նշանակալի խախտում չի եղել: Հրադադարը պահպանվում է, թեեւ տարածաշրջանում միջազգային խաղաղապահ զորքեր չկան: Հրադադարը հիմնված է Հայաստանի եւ Ադրբեջանի ուժային հավասարակշռության վրա: Այն հիմնված է նաեւ այլեւս չկռվելու՝ հակամարտող կողմերի կամքի վրա: Եթե այս գործոնները փոփոխվեն, կարող է նոր բախում սկսվել: Սակայն, մենք հույս ունենք բանակցային լուծում գտնել այս գործոնները փոփոխվելուց առաջ»:


Գոհար Գասպարյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG