Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Իրավունք» թերթում այսօր հերթական փորձն է՝ հաշվարկելու, թե նախագահական ընտրություններում ինչպիսի ռեսուրսների վրա պետք է հենվի հանրապետության նախագահը: Մեկնաբանը գրում է. «Անշուշտ, թիվ 1 հենարանը Սերժ Սարգսյանն է՝ ուժային եւ տնտեսական պոտենցիալով, սակայն դա ընդամենը 20-25 տոկոսի նախընտրական ռեսուրս է: Ակնհայտ է, որ ընտրություններում հաղթելու համար դա բավարար չէ, եւ Ռոբերտ Քոչարյանին անհրաժեշտ են լրացուցիչ հնարավորություններ: Իսկ լրացուցիչ ռեսուրսի դերում կարող են լինել կա'մ ՀՅԴ-ն (Դաշնակցությունը), կա'մ ՀՀԿ-ն (Հայաստանի հանրապետական կուսակցությունը)»: Վերջինիս հնարավորությունները, սակայն, երկու-երեք անգամ ավելի են:

Անդրանիկ Մարգարյանին հաջողվել է աստիճանաբար ստեղծել հսկայական նախընտրական ռեսուրսների պաշար իշխանության տարբեր օղակներում, եւ նրա դիրքերը գնալով, կարծես, ավելի են ամրապնդվում: Մեկնաբանի ընկալմամբ, հհշական ուժերի սկիզբ առած համախմբումն էլ «հաշվարկված է ոչ թե նախագահական ընտրություններում ինչ-որ հաջողության իրական ակնկալիքներով, այլ պարզապես հիմիկվանից լուծվում է խորհրդարանի ապագա կազմում հինգ տոկոսի արգելապատնեշը հաղթահարելու գերխնդիրը»:

«Առավոտ»-ի խմբագրի գնահատականով, «այսօրվա Հայաստանում բոլոր իշխանամետ ուժերը (անկախ նրանից, ինչպես են իրենք իրենց անվանում) իրականում պատկանում են ազգայնական-սոցիալիստական թեւին: Ազատական ընդդիմության համար դա ունի իր բացասական դրսեւորումները, բայց կարող է բացել նաեւ դրական հեռանկարներ»:

«Այժմ կա մարդկանց շերտ, որոնք ինչ-որ բանի տեր են, սկսած փոքր կրպակից, վերջացրած հսկայական գործարանով», - ընդգծում է խմբագիրը: - «Այդ շերտն այսօր թեեւ փոքր է, բայց բավականին ակտիվ, որովհետեւ կորցնելու բան ունի: Այդ մարդիկ պետությունից ոչ թե խնամք ու հովանավորություն են պահանջում (պալատական բիզնեսմեններին մի կողմ թողնենք), այլ խաղի հստակ ու միատեսակ կանոններ... Հասարակական հենց այդ խավն է ազատական ուժերի հնարավոր ընտրազանգվածը»:

«ՀՀՇ-ն վերադառնում է» վերնագրի տակ «Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանը առանձնացրել է. «ՀՀՇ-ն վերադառնում է, որովհետեւ արդարադատությունն ու հասարակությունը բավարար կամք չունեցան դատապարտելու նախկին իշխանության կուսակցության հանցագործությունները, վերադառնում է, որովհետեւ հասարակությունը դրան է արժանի եւ որովհետեւ պարզապես ոչ մի տեղ չէր էլ հեռացել: Ինչքան էլ հիմա դատողություններ լինեն, թե համաժողովրդական հիշողության կորուստ հնարավոր չէ, ոչ ոք չի կարող երաշխավորել, որ Ազգային ժողովի հաջորդ կազմում ՀՀՇ խմբակցություն չի լինի», - եզրակացրել է մեկնաբանը:

«Հայկական ժամանակ»-ում ներկայացվող ռետրո-վերլուծականում պնդում կա, թե «դեռեւս 1995 թվականին, հետագայում «հայտնի ուժերի» շարքում ընդգրկված գործիչներից մեկը Վ. Սիրադեղյանին առաջարկել է հանրապետության նախագահին մի քանի ամսով ուղարկել արտասահման՝ արձակուրդի: Եվ սա հեղինակ Ավետիս Հարությունյանին մղել է ենթադրելու, որ «այն, ինչ տեղի ունեցավ 1998-ին, նախատեսվում էր իրականացնել դեռեւս 1995-ին»: Ինչ վերաբերում է դրդիչ գործոններին, հեղինակը մասնավորապես նշում է. «Ազգային ժողովի ընտրություններին սպասվում էր, որ ՀՀՇ-ն առաջին անգամ կունենա մեծամասնություն... Պառլամենտը հնարավորություն ուներ դառնալու ավելի ազդեցիկ քաղաքական մարմին, քան մինչ այդ էր: Եվ քաղաքական համակարգը կդառնար անհամեմատ ամուր: Ասել է թե՝ ուժայինների քմահաճույքներից երկրի կայունությունը ապահովող: Իսկ այդ բանը, հասկանալի է, ընդունելի չէր ապագա ապստամբների համար»:

Նախկին ակտիվներից Ռաֆայել Ղազարյանը իրավիճակի ձեւավորումը տեսնում է այսպես. «Իշխանափոխությունից հետո առժամանակ «տազ արած» նախկին հանցախումբը, համոզվելով, որ իր աճեցրած սանիկները զերծ մնացին արդար դատաստանի առջեւ կանգնելուց, «յավաշ-յավաշ սիրտ առան» եւ դժգոհելով երկրի քայքայման մի փոքր դանդաղած տեմպերից, օրըստօրե աճող լկտիությամբ են ազդարարում ռեւանշի չմարող կիրքը... Այս ամենը կարելի էր բանի տեղ չդնել, եթե երկրում վիճակը բարվոք լիներ, սակայն շարունակվող արտագաղթի, հատկապես սահմանամերձ դատարկվող գյուղերում ծանր սոցիալական վիճակի առկայությամբ լռել՝ նշանակում է համաձայնել նրանց հետ»:

Այս մտահոգությամբ «Հայոց Աշխարհ»-ում սկսած իր հոդվածաշարում Ռաֆայել Ղազարյանը նախ վճռականապես առարկում է 1998-ը որպես հեղաշրջում որակելուն. «Իրականում հեղաշրջումը տեղի ունեցավ 96-ին, երբ Տեր-Պետրոսյանը իր «դրուժինայի» քաջարի ջանքերով յուրացրեց ուրիշի հաղթանակը: Դրա ամենահամոզիչ փաստարկը հենց անմիջական եւ, այո, իմպուլսիվ Վազգեն Սարգսյանի շպրտած մարտահրավերն էր. «100 տոկոս էլ հավաքեիք՝ չէինք թողնի...»: Նա, որպես ամենաեռանդուն մաքառող, գիտեր, որ իրական հաղթողը Վ. Մանուկյանն է»:

Ըստ Ռաֆայել Ղազարյանի, Տեր-Պետրոսյանի զգացումները մեր «ժողովրդի եւ նրա ապագայի հանդեպ տատանվում են անտարբերությունից արհամարհանք, իսկ երբ դադարեց լինել ժողովրդի կուռքը՝ ատեց եւ հեռանալիս չարագուշեց նրա ապագան, եւ տարբեր աթոռներին ծվարած իր թիմակիցներով աշխատում են, որ այն իրականանա: Ներկայիս ղեկավարությունն էլ, թվում է, անխոհեմաբար նպաստում է դրան»:

«Ազգ» թերթի մեկնաբանն այսօր անդրադարձել է, որ «պետական եկամուտների նախարարության եւ մաքսային պետական կոմիտեի հավաքած եկամուտները հունվար-փետրվար ամիսներին, մեղմ ասած, լավատեսական հույսեր չեն ներշնչում։ Չնայած փորձ է արվում, համեմատելով անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ, ցույց տալ, թե եկամուտների հավաքման առաջընթաց կա, իրականում պատկերը հակառակն է»։ Ո'չ անցյալ դեկտեմբերին ընդունված հարկային բարեփոխումների փաթեթը, ո'չ ներկայացված շուրջ տասը տոկոս տնտեսական աճը «իրականում ոչնչով չեն նպաստել հարկահավաքման բարելավմանը», - փաստում է մեկնաբանը, ամփոփելով. - «Պատահական չէ, որ վերստին սկսել են ուշանալ նպաստները, ձգձգվել աշխատավարձերի եւ թոշակների վճարումը։ Եթե հարկային մուտքերի աճ լիներ, ապա նման կացություն չէր ստեղծվի։ Իսկ կառավարությունը շարունակում է օլիմպիական հանգստություն պահպանել եւ ցույց տալ, թե այս ոլորտում իբր ամեն ինչ բարեհաջող է»:

«Իշխանական փողեր» խորագրի տակ «Հայկական ժամանակ» թերթը ուշադրություն է հրավիրում հետեւյալ գործընթացին. «Անցած տարվա վերջին եւ այս տարվա սկզբին իրենց սեփականատերերին փոխեցին մի քանի բանկեր... Իշխանական կլանների ձեռքն անցան ամենախոշոր բանկերը՝ «Հայխնայբանկը», «Ագրոբանկը» եւ «Արդշինբանկը»: Առաջին հայացքից սա անտրամաբանական է, քանի որ իշխանամետ գործարարները իրենց գումարները պետք է որ հեռու պահեին մի համակարգից, որտեղ վերջին 6-7 տարիների կտրվածքով աննախադեպ ցնցումներ են սկսվել: Բայց նրանք ինքնամոռացությամբ նետվեցին այս համակարգ, որը իրենց համար խամ ու խոպան է: Բնական հարց է առաջանում՝ ինչո՞ւ»:

Խնդիրը, ըստ «Հայկական ժամանակ»-ի այն է, որ «այդ բանկերը իրենց ունեցած մասնաճյուղերով ամենախոշորներն են Հայաստանում... Ընտրությունների նախօրեին նրանց մասնաճյուղերից յուրաքանչյուրը կվերածվի նախընտրական ստվերային շտաբի: Ընդ որում, այնպիսի շտաբի, որն ունի կանխիկ միջոցներ, ունի այդ կանխիկը վարկի տեսքով՝ որպես ընտրակաշառք բաժանելու հնարավորություն»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG