Մատչելիության հղումներ

Գրադարանները ստացան «Եվրասիա» հիմնադրամի դրանաշնորհներն ու սերտիֆիկատները


Այսօր «Եվրասիա» հիմնադրամի հայաստանյան գրասենյակում տարածաշրջանային ընդգրկում ունեցող «Հասարակական երկխոսություն» տեղեկատվական արշավի շրջանակներում մարզային վեց գրադարաններ ստացան 10 հազար դոլար ընդհանուր արժողության էլեկտրոնային սարքավորումներ, ինչպես նաեւ սերտիֆիկատներ հանձնվեցին մասնագիտական վերապատրաստում անցած գրադարանային աշխատողներին:

Շահառուները Արմավիրի, Գյումրու, Վանաձորի, Կապանի եւ Նոյեմբերյանի մարզային գրադարաններն էին: Համակարգչային տեխնիկան, տեսագրող, ձայնագրող, պատճենահանող, տպող սարքերը, ծրագրի հեղինակների մտահղացմամբ, պետք է բարելավեն տեղեկատվության փոխանակումն ու ստացումը հանրապետության մարզերում: Իբրեւ լրացուցիչ օգնություն գրադարանների ֆոնդը կհամալրվի 500 անուն նոր գրականությամբ։

Սերտֆիկատները մրցույթի հաղթողներին հանձնեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Օրդուեյը։ Գնահատելով նմանօրինակ ծրագրերը, դեսպանն ասաց, թե իրենք կարեւորում են տեղերում մարդկանց քաղաքացիական ակտիվության բարձրացումը:

«Մենք պատրաստ ենք արդեն այս տարի նմանատիպ ծրագրերի վրա ծախսել 100 միլիոն դոլար», - ասաց Ջոն Օրդուեյը, ավելացնելով, որ դպրոցների եւ գրադարանների ինտերնետային կապով ապահովումը ֆինանսավորվելու է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջոցների հաշվին։

Դեսպանի խոսքերով, ամերիկյան կառավարության օգնության հաշվին իրականացվող ծրագրերը, այդ թվում՝ «Եվրասիա» հիմնադրամի միջոցով, իրենք համարում են հասարակական ներդրումներ ու ցանկանում են, որ դրանք շարունակական լինեն:

«Մարդկային ռեսուրսների մեջ արվող ներդրումները Հայաստանում ճիշտ են օգտագործվում, եւ կարծում եմ, որ այդ յուրահատկությունը
հետագայում էլ կպահպանվի», - ասաց Օրդուեյը: Գրադարանների տեխնիկական օժանդակության ծրագիրը այս դեպքում զուգակցվել է Ամերիկայի Հայկական համագումարի հասարակական կազմակերպությունների աջակցման կենտրոնի կազմակերպած հատուկ դասընթացներով։

Անցած տարի «Եվրասիա» հիմնադրամի դրամաշնորհներ էին տրվել 10 մարզային անկախ հեռուստակայաններին։

«Եվրասիա» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արտաշես Ղազախեցյանի մատուցմամբ, հայաստանյան գործունեության ողջ ժամանակահատվածում «Եվրասիա» հիմնադրամը տարբեր ծրագրերի վրա ծախսել է ավելի քան 15 միլիոն դոլար, որի մոտ երկու երրորդը ուղղվել է փոքր ու միջին բիզնեսի օժանդակությանը:

Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG