Մատչելիության հղումներ

Իրանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան՝ քննարկելու համագործակցությունը ռազմական բնագավառում





Երկուշաբթի օրը երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար, ծովակալ Ալի Շամխանին երկու հարեւան երկրների միջեւ ռազմական կապերը ամրապնդելու մտադրություն հնչեցրեց: Նա նաեւ նշեց, որ Իրանը դեմ է Վրաստանում ամերիկյան զինվորական ներկայությանը:

«Մենք տարածաշրջանի բոլոր երկրների հետ լավ հարաբերություններ ունենք», - «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների ասաց նա: - «Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական, մշակութային բնագավառում մեր հարաբերությունները առանձնահատուկ են: Դրանք բխում են երկու երկրների շահերից, եւ, փաստորեն, ցանկանում ենք հարաբերություններ զարգացնել նաեւ պաշտպանական բնագավառում», - ավելացրեց նա՝ հատուկ շեշտելով, որ դրանք ուղղված չեն լինի որեւէ երրորդ երկրի դեմ:

Ալի Շամխանին համոզմունք հայտնեց, որ Իրանի եւ հարավկովկասյան երկրների միջեւ հարաբերությունների զարգացումը կնպաստի տարածաշրջանում կայունության եւ խաղաղության ամրապնդմանը:

Իրանի պաշտպանության նախարարը դեմ արտահայտվեց մեր տարածաշրջանում՝ Վրաստանում հակաահաբեկչական գործողությունների ուղղությամբ վրացական ստորաբաժանումներին խորհրդատվական եւ ուսուցողական օգնություն ցուցաբերելու նպատակ հետապնդող ամերիկյան զինվորական ներկայությանը:

«Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությունն է՝ միշտ մերժել տարածաշրջանից դուրս գտնվող ուժերի ներկայությունը Իրանին սահմանակից տարածաշրջաններում: Արդեն փորձ ունենք նման միջամտական ներկայության, որ ունեցել են որոշ ուժեր Պարսից ծոցում», - ասաց ծովակալ Շամխանին:

Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը Իրանը հիշատակել էր համաշխարհային «չարիքի առանցքը» կազմող երեք երկրների շարքում:

Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը անցած շաբաթավերջին հայտարարել էր, թե ամերիկյան զինվորական ներկայությունը Վրաստանում չի ապակայունացնի տարածաշրջանը: Հայաստանը ջանում է միաժամանակ լավ հարաբերություններ պահպանել Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Իրանի հետ:

Այսօր ծրագրված են Ալի Շամխանիի բանակցությունները Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ: Կստորագրվի փոխըմբռնման հուշագիր:

Վաղը Իրանի պաշտպանության նախարարը հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահի, արտգործնախարարի, Ազգային ժողովի պաշտպանության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի հետ:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG