Մատչելիության հղումներ

Թուրքիայում բացվեց Հայաստանի մշտական ներկայացուցչությունը Սեւծովյան տնտեսական համագործակցությունում


Ինչպես այսօր հաղորդում է Հայաստանի արտգործնախարարության հասարակայնության հետ հարաբերությունների վարչությունը, Ստամբուլում փետրվարի 28-ին բացվել է Սեւծովյան տնտեսական համագործակցությունում (ՍԾՏՀ) Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունը: Սա Հայաստանի առաջին դիվանագիտական առաքելությունն է Թուրքիայում:

Բացման արարողությանը ներկա են եղել ՍԾՏՀ գլխավոր քարտուղարը, Ստամբուլում հավատարմագրված դիվանագետներ եւ գլխավոր հյուպատոսներ, թուրքական իշխանության ներկայացուցիչներ, այդ օրերին պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Ադրբեջանի, Ռուսաստանի, Ռումինիայի եւ Բուլղարիայի խորհրդարանների փոխնախագահները, ինչպես նաեւ ներկայացուցիչներ հայկական համայնքից:

Անցած սեպտեմբերին ՍԾՏՀ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ նշանակված Արսեն Ավագյանը իր բացման խոսքում ընդգծել է Հայաստանի դերը տարածաշրջանային տնտեսական համագործակցության մեջ եւ այն կարեւորությունը, որը Հայաստանը տալիս է այդպիսի բազմակողմ գործընթացներին:

1992 թվականին ստեղծված Սեւծովյան տնտեսական համագործակցության նպատակը, որի 11 անդամների թվում են Հայաստանը, Թուրքիան եւ Ռուսաստանը, անդամ երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների զարգացումն է:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG