Մատչելիության հղումներ

Կառավարությունը փակում է ընտանեկան նպաստների գծով անցած տարվանից մնացած պարտքը


Վերջապես, կառավարությունը կարողացավ փակել դեռեւս 2000 թվականի վերջին երկու ամիսներից ժառանգած ընտանեկան նպաստների գծով պարտքը: Այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո հայտարարեց ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը։

«Հունվարին փակեցինք նոյեմբեր ամիսը, այսօր կփակենք նաեւ դեկտեմբեր ամիսը եւ նպաստների գծով այլեւս պարտք չենք ունենա», - ասաց նախարարը:

Վարդան Խաչատրյանի մատուցմամբ, կառավարությունն այսօր հաստատեց աղքատության ընտանեկան նպաստի եւ միանվագ դրամական օգնության նշանակման նոր կարգը: Վերջինս թե' նպաստի չափերի եւ թե' նպաստառուների քանակի զգալի փոփոխություններ է ենթադրում:

Դա, ըստ Վարդան Խաչատրյանի, բնական ընթացք է. «Մարդկանց եկամուտները պետք է ավելանան, եւ մարդիկ պետք է դուրս գան այդ նպաստների ցուցակից»:

Մոտավոր գնահատումներով, փոփոխությունների արդյունքում նպաստառուների համակարգից դուրս կմնա 15- 20 հազար ընտանիք: Միաժամանակ աղքատության բազային նպաստի գումարը ներկայիս 3000 դրամից բարձրացվեց 4000 դրամի, իսկ ընտանիքի մինչեւ 18 տարին չլրացած յուրաքանչյուր անդամին տրվող հավելումը ներկայիս 1300 դրամից հասցվեց 1500 դրամի։

Նորամուծություններից մեկն էլ այն է, որ մարտի 1-ից աղքատության բազային նպաստից դուրս տրվող 1300 դրամ հավելումից կզրկվեն մեծահասակները:

Այս տարվա սկզբից ծերության կենսաթոշակները միջին հաշվով 600-700 դրամով ավելանալու հետեւանքով շուրջ 12 հազար կենսաթոշակառուների ընտանիքներ հայտնվել են աղքատության նպաստների համակարգից դուրս մնացողների ցուցակում։ Այսինքն, ստանալով 700 դրամի հավելում իր բյուջեին, ընտանիքը կարող է կորցնել այդ գումարի տասնապատիկը կազմող եկամուտը: Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը դա բնական է համարում:

Սակայն, այստեղ, ըստ պաշտոնյաների, կոմպրոմիսային լուծում է գտնված. կենսաթոշակառուները նման դեպքում ոչ թե մեխանիկորեն դուրս են մնում ընտանեկան նպաստառուների ցուցակից, այլ ստանում են դրամական օգնություն միայն նոր բազային նպաստի չափով, այսինքն՝ 4000 դրամ։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG