Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Մինչ հանրապետական դատախազությունը հերթական անգամ հանցագործությունների դեմ պայքարի առաջադեմ արդյունքներ ներկայացրեց, «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանի տարակուսած հայացքը չի կտրվում կոռուպցիայի դեմ հայկական պայքարի յուրահատկություններից: «Ժամանակ առ ժամանակ ինչ-որ բան է մեզանում պատահում, մի տեսակ յուրակերպ են դասավորվում աստղերը երկնքում, եւ իշխանությունը սկսում է ճառաբանել կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության մասին», - գրում է նա: - «Բնականաբար, ստեղծվում են ինչ-որ աշխատանքային խմբեր, մշակվում ծրագրեր ու օրինագծեր, բայց հմայախոսություններից ու ինչ-որ մշուշոտ ակնարկներից այն կողմ գործը չի գնում»:

Որովհետեւ «իշխանությունը փորձում է համոզել հասարակությանը, թե ձուկը հոտում է պոչից: Այո, ասում եմ մեզ, կոռուպցիան մեզանում իսկապես գոյություն ունի, եւ այդ մասին բոլորս գերազանց գիտենք: Սակայն գոյություն ունի միջին եւ ստորին օղակներում, իսկ այ վերինները եւ դրանց մոտ կանգնած իշխանական կառույցները Կեսարի կնոջ պես զերծ են կասկածներից: Ստացվում է, որ, օրինակ, նախարարներն ու մարզպետները ասես ընտրովի լինեն. իսկը հրեշտակներ: Իսկ այ նրանց շուրջ սատանան գիտի, թե ինչ է կատարվում»:

«Յուրաքանչյուր իշխանամետ կուսակցություն շատ լավ գիտակցում է, որ շարքային ընտրողը ընտրությունների ժամանակ իրեն ձայն չի տա... Յուրաքանչյուր իշխանամետ քաղաքական գործիչ հայտնվում է դժվար երկընտրանքի առաջ. ի՞նչ անել, որ հնարավոր լինի եւ' իշխանություններին ծառայել, եւ' ընտրությունների ժամանակ ընտրողների քվեն ստանալ»: Նախընտրական խոհերի այս ելակետից «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը շարունակում է. «Իհարկե, իշխանությունները կօգնեն, բայց ո՞ր մեկին, այնքան շատ իշխանամետ կուսակցություններ կան, որ դրանց բոլորի պահանջները բավարարելու համար կպահանջվի 10 բանակ, նույնքան ոստիկանություն, անվտանգության ծառայություն եւ դատախազություն: Բայց չմտածեք, թե խնդիրը լրիվ անլուծելի է... Թաղային հեղինակություններից, պուզատիներից, պպզողներից ու ավտարիտետներից մեր խորհրդարանը մաքրելու կոչ անող քաղաքական գործիչները... այժմ հասկացել են, որ իրենց փրկությունը հենց այդ նույն թաղային հեղինակություններն են... Հիմա իշխանամետ կուսակցությունները սկսել են թաղային հեղինակությունների մի իսկական որս»: Մեծ ակնկալիքներ կան, որ դրանք, իրենց ընտրողներին այս կամ այն կողմ բաժանելիս, կոչ անեն քվեարկել նաեւ որեւէ կուսակցական ցուցակի օգտին, եւ այդպես պատգամավոր դառնալու, ամբիոնից կրկին քաղաքական դաշտի մաքրության ու պետականամետության թեմաներով ճառելու հնարավորություն կստանան նաեւ հին ծանոթ դեմքերը:

Մարտի 13-ին Երեւանի պետական համալսարանում առաջին անգամ տեղի կունենան ռեկտորի ընտրություններ, եւ դրանք, ըստ «Հայկական ժամանակ»-ի, խոստանում են վերածվել խայտառակության: Ներկայիս ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը իր ընտրությունն ապահովելու համար «բոլոր հարցերը հասցրել է լուծել մինչեւ ընտրությունները», - փոխանցում է թղթակիցը: - Համալսարանական կառույցները միաձայն նրան են առաջադրել, եւ սա «առնվազն տարօրինակ է, քանի որ համալսարանական մեծամասնությունը դժգոհ է պարոն Մարտիրոսյանից»:

Բերված է եւ ռեկտորի ընտրությունները կազմակերպող եւ անցկացնող հանձնաժողովի նախագահ, իրավաբանական ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի խոսքը. «Եթե որեւէ մեկը զգար, որ ինքը ընտրվելու հնարավորություն կունենա, անպայման կդներ իր թեկնածությունը»: Բայց առավել ուշագրավը, թղթակցի ընդգծմամբ, հետեւյալն է. Ռադիկ Մարտիրոսյանը ռեկտորի թեկնածու առաջադրվելու իրավունք չունի, քանի որ 65 տարեկանն անց է, այնպես որ նա լեգիտիմ լինել չի կարող:

Պաշտպանության նախարարի վերջին հայտարարությունը, թե «խաղաղությունը գին ունի, եւ այդ գինը կարող է լինել որոշ տարածքների վերադարձը»՝ առաջացրել է արցախյան պատերազմի մասնակից մի քանի կազմակերպությունների զայրույթը, որը դրսեւորվեց նրանց երեկվա հայտարարությամբ: Անդրադառնալով սրան, «Հայկական ժամանակ»-ը ավելացնում է. «Նկատի ունենալով, որ հայտարարության տակ ստորագրել է նաեւ ԼՂՀ ԱԺ-ի ներկայացուցիչը, իսկ ԼՂՀ արտգործնախարարը վերջերս հայտարարեց «ոչ մի թիզ հող» կարգախոսը, ակնհայտ է դառնում, որ Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում Հայաստանի եւ Ղարաբաղի իշխանությունների միջեւ տարաձայնություններ կան»:

Ադրբեջանի «Մուսաֆաթ» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ Հաջիզադեն «Առավոտ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է. «Տարածքները պետք է վերադարձվեն առանց նախապայմանների: Լեռնային Ղարաբաղը որեւէ այլ կարգավիճակի չի կարող հավակնել, քան Ադրբեջանի կազմում լինելով որոշակի ինքնավարություն ստանալն է»: Նա ասել է նաեւ, որ «եթե ամեն ինչ մնա ինչպես որ կա, կամ եթե Ադրբեջանին ինչ-որ կերպ ստիպեն կորցնել իր տարածքները՝ ոչ մի համաձայնության մասին խոսք լինել չի կարող: Մեր ժողովուրդների միջեւ փոխադարձ վիրավորանքի վիհը կմնա, եւ Հայաստանը դարձյալ սովից կմեռնի ինչ-որ անհասկանալի Ղարաբաղի համար»:

«Առավոտ»-ում այսօր հարցազրույց է ներկայացված եւ Ադրբեջանի Մարդու իրավունքների կենտրոնի նախագահ Զեյնալովի հետ, որը մասնավորապես ընդգծում է. «Լճացման ներկա համատեքստում չափազանց տարօրինակ է թվում պաշտոնական բանակցողների՝ իրենց երկրների «երրորդ սեկտորից» անջատվածությունը: Վերջիններն արդեն բավական հաշտվել են միմյանց հետ եւ սկսել են զգուշավոր համագործակցությունը: Փոխանակ օգտվեն թարմ գաղափարներից, կառավարությունները վանում են հասարակական կազմակերպություններին, ճշգրտորեն որոշարկելով առաջնահերթությունները. սկզբում պաշտոնական բանակցությունների ավարտ, հետո, վերեւից եկող հրահանգով` «խաղաղություն, բարեկամություն» ժողովուրդների միջեւ»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG