Մատչելիության հղումներ

Համաշխարհային բանկի փորձագետի կարծիքով, ամենաանհրաժեշտը ներդրումներն են «մարդկային կապիտալի մեջ»


Արդեն կայացած Հայաստան - Սփյուռք երկու համաժողովները որոշ չափով նպաստել են Հայաստանում սփյուռքահայ կապիտալի աշխուժացմանը: Մասնավորապես, ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման բնագավառում հատկապես շոշափելի է ամերիկահայ կապիտալի դերակատարությունը:

Շուտով Երեւանում կայանալու է Հայաստան - Սփյուռք երրորդ համահայկական համաժողովը: Ի՞նչ դեր կարող է խաղալ դրանում հայկական Սփյուռքը արտաքին ներդրումների աճին, նոր աշխատատեղերի ստեղծմանը նպաստելու առումով։

«Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում Համաշխարհային բանկի՝ Հայաստանի գծով գլխավոր փորձագետ Լեւ Ֆրենկմանը, անդրադառնալով ներդումներին, ասաց, որ դրանք ավելի շուտ անհրաժեշտ է կատարել մարդկային կապիտալի մեջ, մարդկանց կրթել ու վերաորակավորել, սովորեցնել կառավարման ու շուկայավարման կանոնները: «Այստեղ է, որ Սփյուռքը պետք է իր օգնության ձեռքը մեկնի», - ավելացրեց Ֆրենկմանը:

«Սովորաբար Սփյուռքին նայում են իբրեւ էժան փողերի աղբյուրի: Այստեղ հետեւյալ մտայնությունն է իշխում. թող նրանք փողերը տան, իսկ մենք, առանց նրանց էլ շատ լավ գիտենք, թե ինչ պետք է անենք: Մինչդեռ Հայաստանի գլխավոր պրոբլեմը ոչ թե փողն է, ոչ թե այստեղ ինչ-որ բան արտադրելը, այլ՝ արտադրածը վաճառելը», - ասաց նաեւ Համաշխարհային բանկի փորձագետը։ - «Իսկ Հայաստանի գլխավոր առավելությունը իր Սփյուռքում դրսի շուկաներին քաջատեղյակ բազմաթիվ վաճառականներ ունենալն է, որոնք կարող են շահեկանորեն վաճառել այստեղ արտադրածը»։

Սփյուռքը, ըստ Լեւ Ֆրենկմանի, կարող է Հայաստանում արմատավորել նաեւ քաղաքակիրթ գործարար վարքականոնները ու մենեջմենթի կուլտուրան, ինչը այնքան պակասում է տեղական գործարարներին։

Համաշխարհային բանկի փորձագետը նաեւ գնահատեց 2001 թվականին մեր տնտեսության մեջ գրանցված արդյունքները, մասնավորապես՝ 9,5 տոկոս տնտեսական աճը եւ ցածր սղաճը:

«Արդյունքները տպավորիչ են, դրանք ավելի լավն են, քան կարելի էր սպասել, սակայն դրանց հիման վրա եզրակացնել, թե ամեն ինչ հիանալի է, թե մենք արդեն դուրս ենք եկել մի բաց մայրուղի ու դրանից հետո ամեն ինչ ինքն իրեն կգնա, իհարկե, բոլորովին ճիշտ չի լինի», - ասաց նա:

Ֆրենկմանի համոզմամբ, արտաքին դոնորների օգնության հաշվին տնտեսությունը երկարաժամկետ աճ ունենալ չի կարող:

Անդրադառնալով մասնավոր ներդրումներին, Ֆրենկմանը վկայակոչում է Արեւելյան Եվրոպայի երկրների, մասնավորապես, Լեհաստանի փորձը, որտեղ մի քանի տարի շարունակ բարձր տնտեսական աճ գրանցվեց՝ առանց շոշափելի արտաքին ներդումների։ Իսկ ներդրումները հետո եկան, երբ երկիրը բարենպաստ ներդրումային միջավայր ստեղծեց։

«Մենք կարո՞ղ ենք կրկնել նույն Լեհաստանի անցած հետագիծը, որն ի դեպ, նույնպես, հարուստ ու զարգացած Սփյուռք ունի» հարցին ի պատասխան, Լեւ Ֆրենկմանը, թեեւ չբացառեց այդ հնարավորությունը, սակայն, հարկ համարեց ընդգծել, որ Հայաստանը դեռեւս չի սպառել առանց ներդումների տնտեսական աճի հնարավորությունը, քանի որ, ի տարբերություն լեհերի, մեզ մոտ տնտեսական անկումն այնքան խորն է եղել, որ տնտեսական աճը իրականում ընդամենը տնտեսության նախկին մասշտաբների վերականգնում է նշանակում։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG