Մատչելիության հղումներ

«Զանգվածային լրատվության մասին» օրենքի նախագիծը չի համապատասխանում եվրոպական չափանիշներին


Հայաստանի կառավարության կողմից հաստատված «Զանգվածային լրատվության մասին» օրենքի նախագիծը, որ գրեթե ամեն կողմից սուր քննադատության է արժանանում, համեմատելու է մղում այդ նախագծի դրույթները եւ մամուլի ազատության ու պատասխանատվության նորմերն ու փորձը Արեւմուտքում:

Նախ նշենք, որ լրատվամիջոցների մասին հատուկ եւ առանձին օրենք շատ եվրոպական երկրներում պարզապես չկա: Իսկ ԱՄՆ֊-ում Սահմանադրության առաջին ուղղումը կա միայն. «Կոնգրեսը չի կարող ընդունել խոսքի կամ մամուլի ազատությունը ոտնահարող օրենք»:

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի «Խոսքի ազատություն» անունը կրող 10-րդ հոդվածի առաջին մասը ամրագրում է, որ յուրաքանչյուր ոք ազատորեն կարծիք հայտնելու, տեղեկատվություն ստանալու եւ փոխանցելու իրավունք ունի՝ առանց պետական մարմինների միջամտության եւ անկախ պետական սահմաններից»: Նույնն է ասում Հայաստանի գործող Սահմանադրությունը:

Կոնվենցիայի հոդվածի երկրորդ մասը այդ ազատությունից բխող պարտականությունների ու պատասխանատվության մասին է, երբ տեղեկատվության տարածումը սպառնում է ազգային անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը, հասարակական անդորրին, այլոց համբավին, գաղտնի տեղեկատվությանը:

Հայաստանի կառավարության առաջարկած՝ «Զանգվածային լրատվության մասին» օրինագիծը տպավորություն է թողնում, թե մերոնց քիմքին առաջին հերթին պատասխանատվության մասն է եկել:

Հայաստանի լրագրողները մերժելի են համարում այս օրինագիծը: Հեղինակներից արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն էլ այս առիթով «Երկիր» թերթի թղթակցին ասել է. «Հանցագործների համար էլ քրեական օրենսգիրքն է մերժելի»: Հարությունյանը դժգհում է, թե կոնտեքստից կտրված են մեջբերել իր այդ խոսքը...

Այս օրինագիծը, թերեւս, յուրովի պատասխան է հայկական մամուլի՝ տարիներ շարունակ բարձրաձայնած խնդիրներին՝ քրեական օրենսգրքից քաղաքացիական օրենսգիրք տեղափոխել զրպարտությունը վերաբերող հոդվածը, «Պետական տուրքի մասին» գործող օրենքում բացառություն անել լրատվամիջոցների համար, հարկային արտոնություններ տալ մամուլին::

Օրինակ, Ֆրանսիայում, որտեղից, կարծիք կա, թե ինչ֊-որ իմաստով սերում են մեր կիսանախագահական համակարգն ու Սահմանադրությունը, մամուլին հարկային արտոնություններ ու փոստային, հեռախոսային հատուկ սակագների իրավունք է տրված:

Հայաստանի կառավարության օրինագծում նորամուծված է լրատվական գործունեության արտոնագրում եւ ոչ գոնե գրանցում, ինչպես հիմա է: Արտոնագրվածները տարեկան պետական տուրք են վճարում, եւ, ինչպես նկատում են օրերս հայտարարություն ստորագրած՝ Հայաստանի մի շարք լրատվամիջոցներն ու լրագրողական կազմակերպությունները, տպագիր մամուլն արտոնագրելու պահանջը մահակ է նրա գլխին, քանի որ պետական տուրքի վճարումը միառժամանակ ուշացնելը արտոնագրի կասեցման, ապա նաեւ դադարեցման հիմք է:

Եվրոպական երկրներում գրանցում պահանջվում է, բայց արտոնագրում, փաստորեն, չկա: Գրանցումը (որոշ երկներում՝ պարզապես հաշվառում), օրինակ, Ֆրանսիայում իրականացվում է գլխավոր դատախազին ուղղված հայտարարագրի տեսքով, որում նշվում են անվանումը, հրատարակիչը, հասցեն: Եվ իշխանություններն իրավունք չունեն մերժելու թերթի գրանցումը կամ գրանցման պահանջներն օգտագործելու որպես գրաքննության միջոց:

Եվրոպական զարգացած երկրներում թերթ կամ հանդես հիմնելու համար կառավարության թույլտվության անհրաժեշտությունը չկա, եւ դա ընկալվում է որպես մամուլի ազատության կարեւորագույն գործոն: Իսկ ԱՄՆ֊ում տպագիր հրատարակությունների միայն գրանցման գաղափարն իսկ անիրական է, որովհետեւ միշտ իբրեւ սահմանափակում է դիտվել:

Հայաստանի կառավարության նախագիծը առաջարկում է ստեղծել լրատվական գործունեության նկատմամբ պետական հսկողությունն իրականացնող՝ Հայաստանի Հանրապետության կառավարման լիազոր մարմին, որն իր այդ ֆունկցիան իրականացնում է տարածված լրատվությունն ուսումնասիրելու միջոցով:

Չարյաց փոքրագույնն է, որ անորոշ է, թե ինչ է նշանակում կառավարման լիազոր մարմին, ով է ձեւավորում...Հայաստանի լրատվամիջոցները հայտարարում են, որ տարածված լրատվությունն ուսումնասիրելն այլ բան չէ, քան գրաքննություն:

Ի դեպ, Ֆրանսիայում չկա ո'չ մամուլի խորհուրդ, ո'չ մամուլի ինքնակարգավորման որեւէ այլ մարմին:

Եվրոպական երկներում էլ կան խոսքի եւ մամուլի, տեղեկատվության ազատության սահմանափակումներ: Բայց դրանք, որ ամենակարեւորն է, դույզն֊-ինչ չեն վնասում ազատությունը:

Ֆրանսիայում զրպարտությունը քաղաքացիական իրավախախտում է: Զրպարտություն է համարվում ցանկացած փաստացի հայտարարություն, որը ոտնահարում է անձի պատիվն ու հեղինակությունը:

Փորձը ցույց է տալիս, որ Ֆրանսիայում կարեւոր է, որ լրագրողն ապացուցի՝ փաստերը ստուգելիս բարեխիղճ է եղել: Իսկ նախարարների, պատգամավորների, պետական ծառայողների եւ հասարակական գործիչների համար բավական խիստ են չափանիշները՝ ապացուցելու, որ իրոք զրպարտությամբ վնաս է հասցվել իրենց: Պետական հաստատությանը զրպարտելու համար կարող է քրեական գործ հարուցվել: Մյուս կողմից, 1993 թվականին կատարված փոփոխությամբ՝ լրագրողը կարող է դատարանում էլ չբացահայտել տեղեկությունների աղբյուրը:

Եվրոպական շատ երկրներ, բացի Մեծ Բրիտանիայից եւ Ֆրանսիայից, արդարացնում են կառավարության գործունեության մասին գաղտնի տեղեկությունների հրապարակումը, եթե դա ծառայում է հասարակության շահերին:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG