Մատչելիության հղումներ

Ֆիլիպ Դը Սյուրմեն. «Եռանախագահողները նոր, կոնկրետ մտահղացումներով են գալու տարածաշրջան»





Ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացում նոր փուլ է սկսվում: Ինչպես պարզվում է, ԵԱՀԿ-ը Մինսկի խմբի համանախագահները պատրաստվում են գալ հակամարտության տարածաշրջան նոր առաջարկներով, նոր գաղափարներով: Երկարատեւ լռությունից հետո, եռանախագահները կրկին դիվանագիտական ակտիվություն են ցուցաբերում՝ ասես փաստելու համար, որ Վաշինգտոն - Փարիզ - Մոսկվա Ղարաբաղյան դիվանագիտական առանցքը կենդանի է եւ շարունակում է գործել:

«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված բացառիկ հարցազրույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ֆիլիպ Դը Սյուրմենը հաստատեց ամերիկացի իր գրոծընկերոջ՝ Ռուդոլֆ Փերինայի այն հայտարարությունը, որ տարածաշրջան կատարելիք հաջորդ այցին իրենց հետ բերելու են բացարձակապես նոր գաղափարներ:

«Համագործակցությունը եռանախագահների միջեւ կատարյալ է, եւ մենք հույս ունենք, որ այն արդյունավետ կլինի: Երկու նախագահները՝ Ռոբերտ Քոչարյանը եւ Հեյդար Ալիեւը, խնդրել են մեզ հնարավորին չափ ակտիվ լինել: Մի քանի շաբաթ առաջ մենք հանդիպել են նախագահ Ալիեւին, հետո արտգործնախարար Վարդան 0սկանյանին: Եվ այժմ էլ կապի մեջ ենք երկու կողմերի հետ: Երկու կողմերն էլ աջակցում են մեր ջանքերին: Մենք շատ շուտով գնալու ենք տարածաշրջան, եւ ճիշտ է, որ մենք ունենք նոր, գործնական գաղափարներ: Մենք վստահ ենք, որ կարող ենք որոշ արդյունքների հասնել», - ասաց Ֆիլիպ Դը Սյուրմենը:

Իսկ այս նոր վստահությունը արդյոք նշանակու՞մ է, որ եռանախագահները քննարկել եւ համաձայնեցրել են իրենց նոր մտահղացումները բանակցող կողմերի հետ: Ըստ Ֆրանսիացի դիվանագետի, հակամարտության կողմերը աշխատում են այդ նոր առաջարկների վրա: «Հուսով ենք, որ կարող ենք համաձայնություն գտնել այդ մտահղացումների շուրջ», - ասաց Ֆիլիպ Դը Սյուրմենը:

Ֆրանսիացի համանախագահը այդ առաջարկները բնութագրեց իբրեւ շատ գործնական: Դա չի նշանակում, որ նախորդներ առաջարկները լիովին փոխվում են: Բայց սրանք շատ կոնկրետ առաջարկներ են:

Իսկ կոնկրետ ինչպիսի՞ն են այդ կոնկրետ առաջարկները:
«Ես չեմ ասի, թե մենք հեղափոխություն ենք կատարելու: Բայց նոր մտահղացումները բանակցությունները կդնեն ճիշտ ուղու վրա», - ասաց Ֆիլիպ Սյուրմենը, բնութագրելով այս նոր նախաձեռնությունը իբրեւ առաջընթաց:

Ֆիլիպ Դը Սյուրմենի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ նշանակման մասին հայտարարվեց անցյալ տարի Քի Ուեստում: Այն ժամանակ նորանշանակ դիվանագետը հայտարարեց, թե պատրաստվում է բանակցային գործընթացում Թուրքիային զուգահեռ ներգրավել նաեւ Իրանին: Սյուրմենը մինչեւ համանախագահի պաշտոնը ստանձնելը Ֆրանսիայի դեսպանն էր Իրանում եւ մտադիր էր իր իրանյան փորձառությունն օգտագործել այդ երկրի հետ Ղարաբաղյան հարցով խորհրդակցելու գործում: Եռանախագահները, ի դեպ, Ղարաբաղյան բանակցային գործընթացի հարցով արդեն սկսել են շփումները Իրանի հետ:

Ֆիլիպ Դը Սյուրմենը ժխտեց, թե այժմ, երբ Իրանը հայտնվել է ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի հրապարակած «չարիքի առանցք» երկրների ցուցակում, եռանախագահները խզելու են կապերը Իրանի հետ:

«Մենք արդեն խորհրդակցել ենք Իսմայիլ Չեմի հետ Անկարայում եւ մտադիր ենք նաեւ տեղեկացնել Իրանին խաղաղ գործընթացի ներկայիս փուլի մասին», - ասաց նա:

Այս երկրները, սակայն, չեն մասնակցում բանակցային գործընթացին: Գործընթացի կողմերն են ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները:

«Սակայն մենք հաշվի ենք առնում նաեւ տարածաշրջանի պետությունների շահերը, քանի որ առանց դրա հակամարտության հանգուցալուծումն անհնար է: Մենք մտադիր ենք ստանալ ողջ տարածաշրջանի համագործակցությունն այս հարցում, իսկ դա անհնար է առանց Իրանի եւ Թուրքիայի», - ասաց Ֆիլիպ Դը Սյուրմենը, ավելացնելով, որ Բուշի «չարիքի առանցքը» ամենեւին չի ազդելու Ղարաբաղի հարցում Իրանի հետ խորհրդակցելու՝ Մինկսի խմբի ծրագրի վրա:

Ֆրանսաիցի դիվանագետը ասաց նաեւ, թե «ընդհանուր պետության» եւ դրա պարունակած կարգավորման տարրերը «պատկանում են անցյալին»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե «ինչպե՞ս կանվանեիք նոր առաջարկները, ի՞նչ անուն կդնեիք», Ֆիլիպ Դը Սյուրմենը պատասխանեց՝ «ամիլիորեյթ», ինչը նշանակում է բարելավել, վերակառուցել:

Այսպիսով, Մինսկի խումբը գալիս է տարածաշրջան բարելավման առաքելությամբ: Այցի ժամանակացույցը դեռեւս ճշտվում է կողմերի հետ:

«Սակայն, ամենայն հավանականությամբ, այցը տեղի կունենա մարտ ամսին», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մինսկի խմբի Ֆրանսիացի համանախագահ Ֆիլիպ Դե Սյուրմենը:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG