Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ազգային ժողովի փետրվարի 19-ի նիստը, որի ընթացքում հայրենի խորհրդարանը ձեռնամուխ եղավ սահմանադրական նախագծերի քննարկման կարգին, լավագույնս ապացուցեց, որ հնգյակը երկրի համար բախտորոշ այս հարցում, մեղմ ասած, թեթեւամտություն է դրսեւորում: Քանզի խորհրդարանը, չորս ժամ շարունակ փողոցային ռազբիրատների մակարդակով, բազարային վիրավորանքների եւ հայհոյախառն փոխհրաձգությունների ոճով տապալելով քննարկման առաջին իսկ «ռաունդը», ցուցադրեց, թե ինչպիսի ահավոր փորձանքներ կբերենք մեր գլխին՝ երկրի ճակատագիրը վստահելով «ազգընտիր» խորհրդարանի հիստերիկ, իրենց խոսքերը եւ գործողությունները վերահսկելու անընդունակ երեսփոխանների բազմությունը», - որակավորում է «Հայոց Աշխարհ»-ը, կից առանձնացնելով նաեւ նախագահ Քոչարյանի արձագանքը, թե այդ նիստում «խորհրդարանական համակարգի կողմնակիցները շատ պատկերավոր կերպով ցույց տվեցին, որ նման համակարգը Հայաստանում ուղղակի չի գործելու: Այդ առումով ավելի լավ քարոզչություն նախագահական համակարգի համար երեւի դժվար է հորինել»:

Ըստ «Հայկական ժամանակ» թերթի, «Քոչարյանի այս փաստարկը, սակայն, աննախադեպ թույլ է, քանզի ամենաշատ ծեծկռտուքները գրանցվում են Իտալիայի եւ Ճապոնիայի խորհրդարաններում, եւ այս երկրները, ունենալով կառավարման խորհրդարանական համակարգ՝ մեծ ութնյակի անդամներ են»:

Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը «Ազգ»-ի թղթակցի հետ կիսվել է. «Վերջերս մի գիրք էի կարդում՝ «Տրդատ Մեծ»։ Մեր տրանսպորտի փոխնախարարներից մեկն է գրել՝ Էդիկը: Այնտեղ մի միտք շատ դուր եկավ։ Ասում է՝ պետական գործիչներն անում են ոչ թե այն, ինչ ցանկանում են, այլ այն, ինչ պարտավոր են անել։ Ահա ես էլ անում եմ այն, ինչ պարտավոր եմ»:

«Հասարակական կարծիքի կողմից ընկալվում եք իբրեւ Ռուսաստանի հետ մեր պետության ամեն կարգի, այդ թվում նաեւ տնտեսական հարաբերությունների հարցերը համակարգող: Որքանո՞վ է այս ընկալումն իրական եւ որքանո՞վ է դա նորմալ»։ Այս հարցին ի պատասխան, Սարգսյանը, մասնավորապես, նշում է. «Ես բավական շատ պաշտոններ եմ վարել, որպեսզի կարողանամ սեւը սպիտակից ջոկել։ Կարծում եմ, սրանից ելնելով են ինձ այդ աշխատանքը հանձնարարել, ես էլ կատարում եմ»։

Ինչ վերաբերում է բուն բանակին, պաշտպանության նախարարը հավաստիացնում է. «Մեր բանակի մարտունակությունը անընդհատ վերելք է ապրում, մշտական առաջընթաց կա»:

«Մամուլում հեգնում են, թե գեներալական կոչումները շատ ենք շռայլում. պատերազմի ժամանակ 21 գեներալ ունեինք, պատերազմից հետո ավելացել են եւս 22-ը»։ «Այդպիսի պնդումները հերթական սադրանքներից են», - արձագանքում է Սերժ Սարգսյանը։ - «Ուզում են, որ ես թվեր բերեմ, ապացուցեմ, որ այսօր ավելի լավ է, քան 1998-ին էր, որպեսզի վաղը գրեն, թե տեսնո՞ւմ եք՝ իրեն հակադրում է Վազգենին, իր աշխատանքն ավելի բարձր է դասում... Ընդհանրապես ես այսպիսի մոտեցում ունեմ. անհասկանալի է, թե ինչու մարդը պիտի զբաղեցնի գեներալական պաշտոն, բայց կրի գնդապետի ուսադիրներ։ Եթե իր պաշտոնին համապատասխանում է, աշխատանքի մեջ իրեն արդարացնում է, գեներալական կոչումը պետք է տալ»։

Կատաստրոֆա չի՞ առաջանա, արդյոք, մեր տարածաշրջանում, եթե հակաահաբեկչական գործողություններ ծավալվեն մեզ համար մեծ նշանակություն ունեցող Իրանի եւ Իրաքի դեմ: Ինչպե՞ս է գնահատում այս հնարավորությունը Սերժ Սարգսյանը: «Լիարժեք պատասխան տալու համար անհրաժեշտ է լիարժեք ինֆորմացիա։ Մենք այդպիսի լիարժեք ինֆորմացիայի հնարավորություն չունենք։ Բայց ես մի բանում վստահ եմ՝ Միացյալ Նահանգները, ձեռնարկելով հակաահաբեկչական գործողություններ, հենց այն նպատակն է հետապնդում, որ կատաստրոֆաների տեղիք չտա»։

Այս հարցազրույցում Սերժ Սարգսյանը եւս մեկ անգամ ընդգծում է՝ Մեղրիի միջանցքը զիջելու խոսակցությունները վաղուց փակված են:

«Հայկական ժամանակ» թերթը, սակայն, ուսանողների հետ երեկվա հանդիպման ժամանակ արտգործնախարար Օսկանյանի որոշ արտահայտություններից կրկին տպավորվել է, թե Մեղրու տարբերակը շարունակում է մնալ օրակարգում եւ ավելացնում է, «Օսկանյանի սեթեւեթանքները Հայաստանի տարածքային ամբողջականությունը չեն կարող երաշխավորել: Նման երաշխիք չի կարող տալ տարածաշրջանի ուժեղագույն բանակը, քանզի խնդիրը այստեղ շատ ավելի լուրջ է, քան կարելի է պատկերացնել: Արեւմուտքը Մեղրին Հայաստանից օտարելու գործում շահագրգիռ է մեկ պատճառով. նրան պետք է աշխատեցնել Թուրքիան, այսպիսով՝ նաեւ Եվրոպան Միջին Ասիային կապող ճանապարհները, ինչին խոչընդոտում է Հայաստանը՝ իր ստրկական պրոռուսական եւ նույնքան ստրկական հակաթուրքական դիրքորոշման պատճառով: Քանի դեռ կա այս մոտեցումը՝ Արեւմուտքը փորձելու է Մեղրին օտարել Հայաստանից: Այս փորձերը կդադարեն միայն մի դեպքում, երբ Հայաստանը ցույց տա, որ կարող է դառնալ կամուրջ Եվրոպայի եւ Միջին Ասիայի միջեւ եւ այլեւս չի ուզում լինել ուղեփակոց»:

«Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը այսօր փորձում է երեւակայել, թե ինչ տեղի կունենար, եթե Պողոս Պողոսյանին «սպանած լինեին Թիֆլիսի կենտրոնում, ու սպանողներն էլ Շեւարդնաձեի թիկնազորից լինեին»: «Նախ», - գրում է թերթը. - «ազգային մամուլի առաջին էջերը, «Հայլուրի» հաղորդագրությունները նվիրված կլինեին հենց այս իրադարձությանը: «Թբիլիսիում սպանվել է Ջավախքի հայության ինքնավարության ջատագովը», «Շեւարդնաձեն սպանում է ջավախահայության ինքնորոշման գաղափարը»... Մի խումբ ակադեմիկոսներ առավոտից իրիկուն հեռուստացույցով կպատմեին, թե Մեծ Հայքի որ գավառն է եղել Ջավախքը, եւ թե ինչպես է Ստալինը մեր հողերը տվել իր ազգակից վրացիներին... Վահան Հովհաննիսյանը կհայտարեր, որ Պողոսյանի վերջին խոսքերը եղել են՝ «Մահ կամ ազատություն»: Արմեն Ռուստամյանը կասեր՝ մենք դեռ ամիսներ առաջ Եվրախորհրդի ամբիոնից ենք ասել, որ վիրահայության կյանքը վտանգված է... Եվ այն ժամանակ, երբ Թբիլիսիի կենտրոնական դատարանում պետական մեղադրողը Շեւարդնաձեի թիկնապահ Խրեմուլիի համար երկու տարվա ազատազրկում կուզեր, ահա այդ ժամանակ ՀՀ Ազգային ժողովը միաձայն որոշում կընդուներ Հայաստանի եւ Ջավախքի միացման մասին»:

Նախագահին առընթեր Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի անդամ Վարդան Հարությունյանի գնահատականով, որ բերված է «Առավոտ» թերթում, «այս մի փորձությունն էլ ապացուցեց, որ Հայաստանում ժողովրդավարություն գոյություն չունի բացարձակապե՛ս»:

«Կարծում եմ, Ռոբերտ Քոչարյան մարդը չի հասկանում, թե ինչն է իրեն ձեռնտու եւ ինչը՝ ոչ», - ասում է իրավապաշտպանը: - «Քոչարյանն ամեն ինչ արեց, որ չլինի նույնիսկ ձեւական պատասխանատվություն։ Ընդհակառակն՝ նա ցուցադրաբար ապացուցեց, որ իր շրջապատի մարդիկ անձեռնմխելի են եւ նրանք ամեն ինչ կարող են անել... Մարդասպանության ցուցադրական կոծկումը շատ ավելի ծանր հանցագործություն է։ Ամենավերին մակարդակով ապահովվեց, որ այս սպանությունը մնա անպատիժ։ Եվ այս պարագայում այլեւս կարեւոր չէ՝ մի՞ հոգի էր սպանողը, թե՞ 7»։


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG