Մատչելիության հղումներ

Քոչարյանը հանգստացնում է լրագրողներին զանգվածային լրատվամիջոցների մասին նոր օրինագծի կապակցությամբ





Նախագահ Քոչարյանը այսօր պատասխանելով վերջին օրերին մամուլում սուր քննադատության արժանացած զանգվածային լրատվամիջոցների մասին օրենքի նախագծի վերաբերյալ լրագրողների հարցերին, ասաց, թե լրագրողները կարող են չանհանգստանալ, թեեւ միաժամանակ պնդեց, որ զանգվածային լրատվության ոլորտի գործունեությունը պետք է կարգավորվի օրենքով:

Նախագահը ասաց, որ հանձնարարական է տվել կառավարությանը, որպեսզի նախագիծը շրջանառության մեջ դրվի միայն եվրոպական փորձագետների դրական եզրակացությանն արժանանալու դեպքում:

«Ուղղակի կան որոշ հարցեր, որոնց վերաբերյալ մենք չպետք է փորձենք հեծանիվ հորինել: Մենք մտել ենք եվրոպական ընտանիք, եւ պետք է ընդունենք այդ խաղի կանոնները», - կառավարության ընդունելությունների տան սրահում կազմակերպված թեթեւ արդյունաբերական ապրանքների ցուցահանդեսը դիտելուց հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Հայաստանի նախագահը վերստին հավաստեց իր դիրքորոշումը, թե նախագահական կառավարման համակարգը Հայաստանում այլընտրանք չունի:

Երեկ Ազգային ժողովում խորհրդարանական կառավարում նախատեսող Սահմանադրության նախագծի քննարկման հատուկ կարգը քվեարկության դնելու-չդնելու շուրջ պատգամավորների մի քանի ժամ տեւած անպտուղ վեճը, որը վերաճեց փոխադարձ վիրավորանքների եւ սպառնալիքների, Ազգային ժողովի նախագահին հարկադրեցին ընդհատել նիստը:

«Կարծում եմ, որ պառլամենտական պետական համակարգի կողմնակիցները երեկ շատ պատկերավոր ձեւով ցույց են տվել, որ նման համակարգը ուղղակի Հայաստանում չի գործելու: Այդ առումով, երեւի, ավելի լավ պրոպագանդա նախագահական համակարգի համար դժվար է հորինել», - ասաց նախագահը:

«Թամաշա» որակելով երեկ խորհրդարանում տեղի ունեցածը, Ռոբերտ Քոչարյանը հավելեց. - «Կան մարդիք, որոնք հաճույք են ստանում աղմուկից, ղալմաղալից, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է գնանք այն ճանապարհով, որը անընդհատ երկիրը պահելու է նման հիստերիկ ղալմաղալների մեջ»:

Խոսելով թեթեւ արդյունաբերության խնդիրների մասին, Հայաստանի նախագահն այսօր ասաց, թե բոլոր նախադրյալները կան անցյալ տարվա միտումները շարունակելու համար, քանի որ բնագավառը այդ հնարավորությունները ունի:

Անցյալ տարի ոլորտում 35 տոկոսով ավելացրել էր թողարկումը, 2000 նոր աշխատատեղ էր ստեղծվել։

«Պոտենցիալ ունենք, մեծ ներդրումների կարիք այստեղ չկա: Մեր գործարանները հիմնականում հագեցած են բավական ժամանակակից սարքավորումներով.... Հեռանկարները բավականին լուրջ են», - ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Նախագահը հատկապես կարեւորում է մայրաքաղաքից դուրս եղած թեթեւ արդյունաբերական հզորությունների գործարկումը: Այդ արտադրությունների հիմնական խնդիրները կապված են շրջանառու միջոցների եւ վաճառքի շուկաների բացակայության հետ:

Միջոցների պակասը, սակայն, հնարավոր չէ լրացնել վարկերի միջոցով, քանի որ բանկերը առաջարկած գույքը չեն ընդունում իբրեւ գրավի առարկա: Նախագահը խոստացավ լուծել այդ խնդիրը:

Հավանաբար, այս նպատակով կօգտագործվեն Լինսի հիմնադրամի միջոցները, որոնցով մասնավոր բանկերին երաշխիքներ կտրվեն թեթեւ արդյունաբերական ձեռնարկություններին՝ տրամադրված վարկերի դիմաց։

Ռոբերտ Քոչարյանն այսօր ասաց, թե պետությունը առաջիկայում հատուկ ուշադրություն է դարձնելու թեթեւ արդյունաբերության զարգացմանը, ու հավանաբար այդ նպատակով հատուկ ծրագիր կմշակվի, ինչպես արվել է ադամանդագործության եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտների համար։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG