Երեւանում այսօր բացվեց ՆԱՏՈ-ի «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» ծրագրով այս տարի Վրաստանում անցկացվելիք «Համատեղ լավագույն ջանքեր 2002» զորավարժությունների հիմնական պլանավորման եռօրյա կոնֆերանսը, որին մասնակցում են 13 երկրների, այդ թվում Թուրքիայի զինվորականները:
Ինչպես լրագրողներին ասաց Հայաստանի պաշտպանության նախարարության արտաքին կապերի վարչության պետ, գեներալ-մայոր Միքայել Մելքոնյանը, հրավիրվել էին նաեւ Ադրբեջանի ներկայացուցիչները, որոնց ժամանումը սպասվում էր երեկ, սակայն նրանք չեն ժամանել՝ առանց որեւէ պատճառաբանության:
Կոնֆերանսը վարում է ՆԱՏՈ-ի կողմից ամռանը Վրաստանում անցկացվելիք զորավարժությունների համահրամանատար նշանակված գնդապետ Սերժ Լաբբեն: Զորավարժությունների մյուս հրամանատարը ներկայացնելու է Վրաստանը:
Գեներալ-մայոր Մելքոնյանը շեշտեց, որ կոնֆերանսը Երեւանում անցկացվող առաջին խոշոր միջացառումն է «Գործնկերություն՝ հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում:
Հայաստանը նաեւ մասնակցելու է Վրաստանի զորավարժություններին: Միքայել Մելքոնյանի խոսքերով, դա կլինի «առնվազն մեկ ջոկ՝ մինչեւ տասը զինվոր եւ սերժանտ, ինչպես նաեւ մի քանի սպաներ, որոնց կարգավիճակը, պաշտոնը եւ զորավարժություններում կատարելիք դերը կորոշվի այսօր»:
Հայաստանի պաշտպանության նախարարության արտաքին կապերի վարչության պետը նորմալ համարեց նաեւ Ադրբեջանի մասնակցությունը առաջիկա զորավարժություններին: «Հենց այդ զորավարժությունների խնդիրն ու նպատակն էլ այն է, որպեսզի նույնիսկ հակամարտություններ, հակասություններ ունեցող կողմերին մի ընդհանուր նպատակի շուրջ միավորեն». - ասաց նա:
2003 թվականին նմանատիպ զորավարժությունները անցկացվելու են Հայաստանում: Գնդապետ Լաբբեի խոսքերով, առաջարկությունը Հայաստանն է արել, եւ դա «գերազանց նախաձեռնություն է»:
Միքայել Մելքոնյանը ասաց, որ նման զորավարժություններ Հայաստանի տարածքում անցկացվելու են առաջին անգամ:
«Դրանք լինելու են խաղաղարար, փրկարար բնույթի զորավարժություններ», - ասաց նա: Նախատեսվում է, որ Հայաստանում անցկացվելիք զորավարժությանը 16-17 երկիր կմասնակցի. յուրաքանչյուրից մեկ ջոկ՝ 10-11 զինվոր եւ 5-ից 6 սպա: Միքայել Մելքոնյանը չբացառեց նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի զինվորականների մասնակցությունը:
«Քանի որ սա «Գործնկերություն՝ հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում է անցկացվում եւ քանի որ Թուրքիան ՆԱՏՈ-ի անդամ է, մենք պատրաստ ենք մասնակցել ՆԱՏՈ-ի բոլոր զորավարժություններին: Հաջորդ տարի Հայաստանի զորավարժություններին մասնակցելու համար որեւէ պրոբլեմ չունենք», -«Ազատություն» ռադիոկայանին ասաց կոնֆերանսին մասնակցող Թուրքիայի պատվիրակության ղեկավար Նաիմ Բաբուօղլին, ավելացնելով, թե Հայաստանի զորավարժություններին մասնակցելու համար որոշում դեռ չեն ընդունել, սակայն կարծում է, որ առնվազն դիտորդ կուղարկեն:
Հայաստանի՝ ՆԱՏՈ-ի հետ հարաբերությունների ակտիվացումը, ըստ գեներալ-մայոր Միքայել Մելքոնյանի, չի կարող անդրադառնալ Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա:
«Ռուսաստանի հետ մեր ակտիվ ռազմաքաղաքական, ռազմավարական համագործակցությունը երբեք խոչընդոտ չենք համարել ՆԱՏՈ-յի հետ մեր հնարավոր համագործակցության համար», - ասաց Մելքոնյանը, ավելացնելով, որ նման հարց չի դրվում նաեւ Ռուսասատանի կողմից:
Հրաչ Մելքումյան, Երեւան