Մատչելիության հղումներ

Հայաստանը բողոքի նոտա է ներկայացրել Իսրայելին


Հայաստանի արտգործնախարարությունը բողոքի նոտա է հղել Իսրայելի արտգործնախարարությանը՝ Վրաստանում եւ Հայաստանում այդ երկրի դեսպան Ռիվկա Կոհենի վերջերս Հայոց ցեղասպանության մասին արված հայտարարության կապակցությամբ:

Հայաստանյան մամուլը անցած շաբաթ մեջբերել էր Ռիվկա Կոհենի տեսակետը, թե անցած դարասկզբի Հայոց ցեղասպանությունը սոսկ «ողբերգություն» էր եւ չի կարող համեմատվել Հրեական Ողջակիզման հետ: Դեսպանը սխալ էր համարել նաեւ այդ իրադարձությունների միջեւ զուգահեռներ անցկացնելը:

Ռիվկա Կոհենի մեկնաբանությունները վրդովմունք էին առաջացրել Հայաստանում, ընդհուպ մինչեւ նրան «պերսոնա նոն գրատա» հայտարարելու կոչերի:

Ըստ Հայաստանի արտգործնախարարության հասարակայնության հետ հարաբերությունների վարչության տարածած հաղորդագրության, նոտայում նշվում է, որ «Հայաստանն անընդունելի է համարում Հայոց Ցեղասպանության իրողությունը հերքելու կամ նսեմացնելու ցանկացած փորձ՝ ինչ պատճառաբանությամբ էլ դա արվի: Հայաստանը երբեք նպատակ չի ունեցել զուգահեռներ անցկացնելու Հայոց Ցեղասպանության եւ Հրեական Ողջակիզման միջեւ՝ համարելով, որ մարդկության հանդեպ գործած ցանկացած հանցագործություն «եզակի» է՝ իր ուրույն քաղաքական, իրավական, պատմական եւ բարոյական հետեւանքներով»:

Կոհենի մեկնաբանությունը, թերեւս, Իսրայելի արտաքին գործերի նախարար Շիմոն Պերեսի դիրքորոշման արտացոլումն է: Պերեսը անցյալ տարի լրագրային մի հարցազրույցում հրաժարվել էր հայերի զանգվածային սպանությունները ու տեղահանությունը «ցեղասպանություն» որակել:

Անցյալում, սակայն, Իսրայելի կառավարության որոշ անդամներ հնչեցրել են Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու կոչեր:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG