Մատչելիության հղումներ

ՀԺԿ-ն կողմնակից է, որ հանրաքվեի դրվեն սահմանադրական փոփոխությունների երկու նախագծերը


Խորհրդարանական կառավարում առաջարկող վեցյակի սահմանադրական նախագծին Հայաստանի ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ), ի տարբերություն իր դաշնակից «Հանրապետություն» կուսակցության, չի միացել, քանի որ նպատակահարմար չի գտնում կտրուկ անցումը խորհրդարանական կառավարման, թեեւ այդ նախագծին բարձր գնահատական է տալիս:

ՀԺԿ֊ն, փաստորեն, գնում է նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագծի մի շարք դրույթները փոփոխելու ուղղությամբ: Այդուհանդերձ կուսակցությունը կողմ է, որ երկու նախագիծն էլ դրվեն հանրաքվեի: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ուրբաթ օրը ասաց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:

ՀԺԿ նախագահը «շատ էական» չի համարում, թե երբ կնշանակվի սահմանադրական հանրաքվեն (այս տարվա աշնանը՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ միասին, հաջորդ տարեսկզբին՝ նախագահական կամ ավելի ուշ՝ խորհրդարանական ընտրությունների հետ): Կարեւորը, ըստ նրա, այն է, որ Սահմանադրությունը «իրոք ժողովրդի կամքով ընդունվի»:

Ստեփան Դեմիրճյանը «անհեթեթություն» անվանեց երեկ մամուլում հնչած տեսակետը, թե ՀԺԿ - «Ազգային միաբանություն» - «Հանրապետություն» ընդդիմադիր եռյակը ղեկավարվում է ՀՀՇ֊ի կողմից, որը՝ եռյակի իշխանության գալու դեպքում, հաջորդ քայլով ինքն է դառնալու իշխանություն:

«Եռյակը որեւէ մեկի կողմից չի ղեկավարվում եւ չի ղեկավարվելու: Սա նույն տեխնոլոգիաներն են, որոնք կիրառվում էին 1998 թվականին Կարեն Դեմիրճյանի դեմ: Եվ սա խոսում է միայն այդ սցենարները մշակողների մտավոր ունակությունների մասին», - ասաց ՀԿԺ նախագահը:

Ստեփան Դեմիրճյանը չհամաձայնեց կարծիքին, թե ընդդիմադիր եռյակը վերջին շրջանում պասիվ է դարձել:

«Եթե ամեն օր հանրահավաք չի արվում, դա չի նշանակում, թե համագործակցություն չկա», - ասաց Ստեփան Դեմիրճյանը, մեկ անգամ էլ կրկնելով իր տեսակետը, որ այդ համագործակցության՝ նախընտրական դաշինքի վերածվելու մասին դեռեւս վաղ է խոսել:

ՀԺԿ նախագահը «անհեթեթ» որակեց տեսակետը, թե «Հոկտեմբերի 27»֊-ի ահաբեկիչներին մահապատժի դատապարտելու եւ այն իրականացնելու դեպքում գործի լիարժեք բացահայտման շուրջ կասկածները կարող են մեծանալ:

«Եթե մահապատիժը մնում է, դա չի նշանակում, որ հենց վաղը մահապատիժը նրանց նկատմամբ կիրառվելու է», - ասաց նա: - «Անկախ դրանից, մենք գտնում ենք, որ բացառիկ ծանր հանցագործությունները դեպքում, մահապատիժը պետք է կիրառվի»:

Ստեփան Դեմիրճյանը առհասարակ վաղ է համարում մահապատժի վերացումը Հայաստանում. «Դա կարող է խրախուսել ահաբեկչությունը, հաշվեհարդարները»:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG