Մատչելիության հղումներ

Կառավարությունը հաստատեց կենսաթոշակային համակարգի բարելավմանը միտված օրենքների նախագծերը


Կառավարության այսօրվա նիստում քննարկվեցին ու հավանության արժանացան «Անհատական համարանիշի մասին» եւ «Անհատական տվյալների մասին» օրենքների նախագծերը։ Նիստից հետո սոցիալական ապահովության նախարար Ռազմիկ Մարտիրոսյանը ասաց, թե այդ օրենքների՝ Ազգային ժողովի կողմից հաստատվելուց ու գործողության մեջ դրվելուց հետո զգալիորեն կբարելավվի հաշվառման վիճակը հանրապետությունում:

«Յուրաքանչյուր քաղաքացի ստանալու է իր համարանիշը, որը սոսկ թվերի գումար չէ, այլ՝ որոշակի տեղեկատվության կրող ծածկագիր, որը ուղեկցելու է անձին իր ամբողջ կյանքի ընթացքում», - ասաց Ռազմիկ Մարտիրոսյանը:

Ըստ նախարարի, անհատական համարանիշներն իրենց նշանակությունը պահպանվելու են առնվազն 400 տարի, դրանք չեն կրկնվելու ու չեն փոխարինելու անձնագրին։

Այլեւայլ գործածությունների հետ մեկտեղ անհատական համարանիշների հիման վրա իրականացվելու է նաեւ մարդկանց սոցիալական ապահովագրության վճարումների անձնավորված հաշվառում:

«Կենսաթոշակային համակարգում, կենսաթոշակային պարտադիր ապահովագրությունում մենք անցնում ենք կուտակային սկզբունքին, երբ յուրաքանչյուր քաղաքացի իր աշխատանքային գործունեության ընթացքում պետք է ինքը վաստակի իր կենսաթոշակը: Այսինքն՝ այն բոլոր սոցիալական վճարները, որ նա կատարելու է, պետք է հաշվառվեն եւ հետագայում կենսաթոշակ ստանալիս հաշվի առնվեն»:

Պարզ ասած, անհատական հաշվառման միջոցով մարդու կենսաթոշակը հնարավորինս կմոտեցվի այն գումարին, որը նա իր աշխատանքային գործունեության ընթացքում փոխանցել է իր անհատական հաշվին։

Անհատական համարանիշները պարունակելու են այն բոլոր տեղեկությունները, որոնք անհրաժեշտ են ոչ միայն կենսաթոշակներ նշանակելու, այլեւ, ասենք, աշխատանքային առաջխաղացման կամ աշխատանքից հեռացման խնդիր լուծելու համար, քանի որ պարունակելու են քաղաքացու աշխատանքային գործունեությանը վերաբերող համապարփակ տեղեկություններ:

Այժմ մեր պետական կենսաթոշակային համակարգը գործում է սերունդների համերաշխության սկզբունքով, այսինքն՝ այսօր աշխատողները վճարում են ծերերի կենսաթոշակը, ու այդ առումով, կենսաթոշակ ասածը իր բնույթով ընդամենը պետական նպաստ է։

Ռազմիկ Մարտիրոսյանի խոսքերով, այսօր մեր տնտեսության մեջ մոտ 600 հազար փաստացի աշխատողներ կան, որոնք ստիպված են պահել ավելի քան 550 հազար կենսաթոշակառուների:

Մեզանում կենսաթոշակները, ըստ նախարարի, խիստ ցածր են նաեւ այն պատճառով, որ շատ մարդիկ ստվերային աշխատանք ունեն, թաքուն վաստակներ են ստանում եւ սոցիալական վճարներ չեն կատարում: Առեւտրի ոլորտում, ասենք՝ տոնավաճառներում, գործատուները իրենց հաշվետվություններում արտացոլում են փաստացի վճարած աշխատավարձերի լավագույն դեպքում 20 տոկոսը, մնացածը տրվում է առձեռն:

Անհատական համարանիշների ներդումը, Ռազմիկ Մարտիրոսյանի համոզմամբ, թույլ կտա վերջ տալ այդ եւ նման երեւույթներին։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG