Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Լրանում է «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավարության մեկ տարին, եւ ինչպես փաստաբան Տիգրան Ջանոյանն է ասում «Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում, «մենք կանգնած ենք դատաքննության սկզբնական փուլում»: Դեռեւս առջեւում է երեք ամբաստանյալների, 90-ից ավելի տուժողների, ավելի քան 100 վկաների հարցաքննություն, ինչը կտեւի բավական երկար, դեռեւս չշոշափվող ժամանակ:

Այսուհանդերձ, փաստաբանը ընդգծում է. - «Դատավարության ձգձգման մասին խոսք լինել չի կարող: Դատավարության հենց առաջին օրն արդեն պարզ էր, որ այս դատավարությունը օրերի կամ ամիսների հարց չէ»:

«Ինչո՞ւ չեն կատարվում իշխանությունների բազմաթիվ խոստումները՝ կոռուպցիայի դեմ իրական պայքարը վերջապես սկսելու վերաբերյալ: Չէ՞ որ չնայած երկիրը թաղված է կոռուպցիայի ու կաշառակերության մեջ, մեզանում տասը տարվա ընթացքում եւ ոչ մի իսկապես խոշոր բացահայտում տեղի չի ունեցել: Այնպես է մեզանում ստացվել, որ խոշոր գողերը մտնում են պատմության մեջ: Մանրերը հայտնվում են բանտերում: Պրոֆեսիոնալիզմի բացակայության պատճառով»: Այս շրջանակի հարցերն է այսօր կրկին շարադրում «Հայոց Աշխարհ»-ի խմբագիրը, ինչպես նշել է՝ լավ հասկանալով, որ դրանք ում էլ ուղղի, միեւնույն է կախված կմնան օդում:

Իսկ հարցերը բազմաթիվ են. «Ի՞նչ նպատակով են եւ' այն ժամանակ, եւ' հավանաբար նաեւ այսօր, իրավապահ մարմինները կոմպրոմատ հավաքում բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ: Իրավունք ունե՞նք արդյոք ենթադրել, որ այդ տեղեկությունները սպասում են իրենց ժամին եւ օգտագործվում բացառապես ճնշում գործադրելու, ներքաղաքական ռազբիրատների, ոմանց բերանները փակելու, ոչ պիտանի դարձած մարդկանց զբաղեցրած պաշտոններից «սուսուփուս» հեռացնելու համար...Ինչո՞ւ, որպես կանոն, չի նշվում պաշտոնանկությունների պատճառը: Եթե մեղավոր են կոռուպցիայի մեջ, ապա ինչո՞ւ նրանց չեն դատում: Եթե տապալել են գործը, ապա ինչո՞ւ, ֆիզիկայի այդ ո՞ր օրենքով են կրկին ջրի երես դուրս գալիս՝ նոր, ոչ պակաս պատասխանատու եւ եկամտաբեր պաշտոնում... Ինչո՞ւ են հարկային նախարարները զվարճացնում մեզ արտոնյալ վիճակում գտնվող եւ հարկեր չվճարող օբյեկտների առկայության մասին հայտարարություններով, բայց չեն նշում կոնկրետ օբյեկտների ու դրանց տերերի անունները: Չէ՞ որ, ինչպես իրավացիորեն նկատել է ժամանակին Լոմոնոսովը, եթե մի տեղից ինչ-որ բան պակասում է, մեկ ուրիշ տեղում անպայման նույնքան ավելանում է: Եթե բյուջեն չի ստանում իր հասանելիք գումարները, ուրեմն դրանք բաժան-բաժան են անում մեկ ուրիշ տեղում: Որտե՞ղ եւ ովքե՞ր»:

«Օրինաց Երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը «Հայկական ժամանակ»-ում այսօր ասում է. «Շարունակվում է մարտնչող տգիտության մուտքը պետական կառավարման մարմիններ: Կուսակցական մոլուցքից ելնելով՝ կառավարությունը փութաջանորեն, բոլոր մարզերում, բոլոր համայնքներում հրահանգավորել է բոլոր համայնքների ղեկավարներին, գյուղապետերին, մարզպետներին, պետական կառավարման մարմինների ղեկավարներին՝ աշխատանքի տեղավորել Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին... Այսօր հանրապետության շրջանների ղեկավարների 60-70%-ը Հանրապետական կուսակցության անդամներ են: Ես հիշում եմ ՀՀՇ-ի ժամանակները, եւ այդ պրոցեսը այժմ ընթանում է ավելի բուռն թափով... Կրկին փորձ է արվում իրենց վարկաբեկած, արատավորած մեխանիզմներով կանխորոշել ընտրությունների արդյունքները... Հայաստանում այսօր ստեղծված է կառավարման տեսանկյունից անկայուն իրավիճակ, երկիշխանություն կամ եռիշխանություն: Երկրում չի գործում միասնական իշխանական համակարգ, այսօր կատարյալ անպատասխանատու իրավիճակ է: Այն քաղաքական ուժերը, որոնք ձեւավորել են կառավարություն, որեւէ պատասխանատվություն չեն կրում երկրում կատարվող զանգվածային ապօրինությունների համար», - եզրափակել է «Օրինաց Երկրի» ղեկավարը:

Նախկին վարչապետ Արամ Սարգսյանն էլ «Հայկական ժամանակ»-ում նշում է, որ առավել բարդը պետական ֆինանսական միջոցները ընտրալծակ ծառայեցնելու դեմ քայլերը անելն է: Ինչ վերաբերում է առաջիկա նախագահականի թեկնածուներին, Արամ Սարգսյանը իրեն հարմար թեկնածու չի համարում եւ ավելի հակված է կարծելու, որ Ռոբերտ Քոչարյանը իր թեկնածությունը չի առաջադրի:

«Չինովնիկների ճանկերը՝ լրատվամիջոցների կոկորդին» վերնագրի տակ «Ազգ»-ի մեկնաբանն անդրադարձել է «Զանգվածային լրատվության մասին» օրենքի նախագծին, նշելով, որ կառավարությունը այդ օրենքով էլ է ուզում նախապատրաստվել ընտրություններին, եւ դրա այսպես ասած «փիլիսոփայությունը» այդ ընթացքում հասարակությունից անձեռնմխելի մնալն է: Այս օրենքի նախագծի ու Սահմանադրության արմատական հակասություններ են մատնանշում «Երկիր» եւ «Հայկական ժամանակ» թերթերի խմբագիրները, ընդհանուր առմամբ գնահատելով, որ, ըստ էության, գրաքննություն է մտցվում:

Նույն գնահատականն է տրված եւ «Առավոտ»-ի խմբագրականում. «Օրենք, որով ցանկացած ընդդիմադիր ԶԼՄ-ի կարող ես զրկել ձայնից՝ կամ կեղծ ինֆորմացիա տարածելու, կամ էլ քաղաքացու առողջությանը վնաս հասցնելու մեղադրանքով։ Օրենքի ցանկացած կետը իշխանություններին ծառայող դատավորներին կամայական մեկնաբանության ու որոշումների հիմք է տալիս»։

Իր ծննդյան տարեդարձի հարցազրույցում Հրանտ Մաթեւոսյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ կիսվել է այսպես. «Այս օրը վիթխարի կորուստների ժամանակ է: Ես չպիտի ցանկանայի, որ այս տարիքում այս կորուստներն ունենայի: Փաստորեն, դժվար օրերս պահված էին այս տարիքի ժամանակներին, որը, ճիշտն ասած, այսօր ինձ համար շատ ծանր բեռ է: Անձս, գրողս ծանր է տանում դա: Ջլատված, ծվատված հանրապետությունը, քաղաքական կյանքում տկարացած հանրապետությունը, թշվառացած ժողովուրդը...շատ վատ եմ տանում: Լավատեսորեն նայելու համար հարկավոր է ուղղակի ուրանալ իրականությունը: Ինչը մինչեւ հիմա կարողանում են հաջողությամբ անել, չլսելու-չտեսնելու տալ»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG