Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Հայաստանում խոշտանգումների եւ դաժանության դեպքերին վերաբերող «Ամնեսթի ինտըրնեշնլ» (Amnesty International) կազմակերպության զեկույցի առնչությամբ «Առավոտ» թերթի մեկնաբանը նշում է. «Հակասական է միջազգային հանրության արձագանքը նույն երեւույթի տարբեր դրսեւորումներին։ Մի կողմից՝ նրանք դատապարտում են ահաբեկչությունը եւ հաճախ առանց դատ ու դատաստանի հաշվեհարդար տեսնում ահաբեկիչների հետ, մյուս կողմից՝ պաշտպանում նրանց իրավունքները եւ իրենց հովանու տակ վերցնում ահաբեկիչներին»։

Խոսքն այն մասին է, որ հիշյալ կազմակերպությունը հատկապես մտահոգված է «Հոկտեմբերի 27»-ի գործով կալանավորվածների հանդեպ բռնությունների կիրառման մասին պնդումներով: Ի պատասխան մեկնաբանն ակնարկում է. «Եթե միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները եւս կրկնակի չափանիշներով չեն առաջնորդվում՝ հուսով ենք, այս տարվա զեկույցում տեղ կգտնեն թալիբների կրած տառապանքների եւ նրանց նկատմամբ գործադրված միջոցների դեմ բողոքներ»։

Ավելի ու ավելի է մոտենում ժամանակը, երբ մասնավորապես խորհրդարանական ուժերը հստակ պիտի ասեն՝ ի վերջո կողմ են Հայաստանում մահապատժի կիրառմանը, թե ոչ՝ դրանով նաեւ կամա-ակամա հայտնվելով ներքաղաքական ճամբարներից մեկում: Դաշնակցության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը «Հայոց Աշխարհ»-ի թղթակցին ասել է. «Իմ կարծիքով, պետք է ամեն ինչ անել, որ կատարենք Եվրախորհրդի առջեւ կամովին ստանձնած պարտավորությունները: Հակառակ դեպքում դա կբերի երկրի միջազգային մեկուսացման՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Մանավանդ, որ Ղարաբաղի հարցով քննարկումներ են լինելու Եվրախորհրդում, եւ կարող ենք հայտնվել անբարենպաստ իրավիճակում»:

«Միասնություն» խմբակցությունը ներկայացնող Տիգրան Թորոսյանի կարծիքով, դեռեւս ժամանակ ունենք աշխատանք տանելու, որպեսզի եւ' մեր պարտավորությունները կատարենք, եւ' «Հոկտեմբերի 27»-ի հետ կապված ճիշտ վճիռ ընդունենք: Հատկապես՝ «երկրի ներսում լուրջ քննարկումներ անցկացնելու եւ ելքեր գտնելու առումով»: Կոմկուսի խմբակցությունից Գագիկ Թադեւոսյանի համոզմամբ էլ, «եթե այս դեպքի կապակցությամբ բացառություն չի արվելու, ապա պետք է Եվրախորհրդին հրաժեշտ տանք: Եթե խաղի կանոններ են պարտադրվում, ոչ մի տարբերություն չկա՝ մեզ Տիզբոնից են ղեկավարում, Մոսկվայից, թե Ստրասբուրգից»:

Հայկոմկուսի Կենտկոնի մի քանի անդամների հայտարարությունը «Հայկական ժամանակ» թերթին տրամադրելու մեղադրանքով երեկ պաշտոնանկ է արվել ՀԿԿ կենտրոնական վերահսկիչ հանձնաժողովի նախագահ Վանյա Մխիթարյանը: «Սրանց գործելաոճը իշխանություններից ոչնչով չի տարբերվում», - արձագանքում է վերջինս: - «Պետական գույքի կառավարման փոխնախարար աշխատելիս, երբ ես բնական հանածոների թալանի վերաբերյալ տվյալները հրապարակեցի, այն ժամանակ եւս մեղավորներին պատժելու փոխարեն ինձ պաշտոնանկ արեցին»:

«Թերթում հրապարակված հայտարարությունը իմ պաշտոնանկության համար ընդամենը առիթ հանդիսացավ, իսկ իրական պատճառը կուսակցության ֆինանսական փաստաթղթերը ստուգելու՝ իմ մտադրությունն էր», - ընդգծում է Վանյա Մխիթարյանը: - «Դարբինյանը եւ նրա կամակատարները ուղղակի քրեական հանցագործներ են եւ հափշտակում են կուսակցության դրամական միջոցները. ես այդ կապացուցեմ: Կուսակցության ֆինանսական մուտքերը եւ ելքերը բացարձակապես մեկմեկու չեն համապատասխանում»:

Կոմկուսի կենտկոմի քարտուղար Նորիկ Պետրոսյանը իրենց պաշտոնաթերթում այսօր ընկերների հետ կիսվում է, թե «առանձին ղեկավար կոմունիստների նյութապաշտությունը ներկայացվում էր դավաճանություն Աստծո եւ ազգի առաջ, բայց այսօր, երբ ժողովուրդը ենթարկված է ինքնաոչնչացման, հայաթափվում է Հայաստանը, մեր ագիտացիան ու պրոպագանդան անկիրք դժգոհությունից ու նույնքան անկիրք բողոքներից այն կողմ չեն անցնում»:

«Մենք պետք է հասկանանք ու գնահատենք այն ատելությունը, որ այնպես անխաթար պահում են իրենց մեջ երբեմնի բարեկեցիկ կյանքով ապրած, բայց այսօր ունեզրկված ու հարստահարված մեր հայրենակիցները», - կարեւորում է «Հայաստանի կոմունիստ»-ի խմբագիրը, շեշտելով նաեւ, որ իր համար անհասկանալի է, երբ կոմունիստը հայտարարում է, որ այսօր ոչ մի քաղաքական ուժ չի կարող միայնակ Հայաստանը դուրս բերել ճգնաժամից:

«Իրավունք» թերթի ուղիղ կապում Ազգային ժողովի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանն էլ ընդգծում է, որ «եթե անգամ մեկ-երկու հարցով հնարավոր լինի խիստ տարբեր մոտեցում ունեցող կուսակցության հետ համագործակցել, էլի օգտակար է»: ՀՀԿ-ն դեռեւս վաղ է համարում դաշինք կազմելու մասին քննարկումները, ինչպես եւ նախագահի թեկնածության պաշտպանությամբ հանդես գալը: Մյուս կողմից, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը «Հայկական ժամանակ»-ում ասում է. «Հայաստանում իրավիճակն այնպիսին է, որ ցանկացած խնդիր կարող է հանգեցնել արտահերթ ընտրությունների»:

«Պարզ է, որ 98-ի նախագահական ընտրությունները կեղծվել են հօգուտ Քոչարյանի, եւ... այդ գործում իր մեծ լուման է ունեցել Վազգեն Սարգսյանը»: Թղթակցի այս հարցադրմանը Բազեյանը պատասխանում է այսպես. «Ես հարցը համարում եմ ոչ ճիշտ. ես անձամբ որեւէ ընտրակեղծիքի չեմ մասնակցել»:

«Ըստ էության, 98-ին մենք քվեարկել ենք Վազգեն Սարգսյանի օգտին», - ավելացնում է նա: - «Ընտրություններից կարճ ժամանակ անց հասկացանք, որ քաղաքական լուրջ սխալ ենք թույլ տվել, եւ դա էր պատճառը, որ խորհրդարանական ընտրությունների գնացինք 98-ին մեր քաղաքական հակառակորդ Կարեն Դեմիրճյանի հետ: Իսկ հոկտեմբերի 27-ից հետո արդեն ջնջվեցին 99-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG