Մատչելիության հղումներ

Հնդկական ընկերությունը առաջիկա հինգ տարիներին կկառավարի «Նաիրիտ-1»-ը


Շաբաթ օրը ստորագրված համաձայնագրով Հայաստանի քիմիական արդյունաբերության խոշորագույն ընկերությունը՝ «Նաիրիտ-1»-ը, հինգ տարի ժամկետով կառավարման հանձնվեց Մեծ Բրիտանիայում գրանցված հնդկական ’’Ռանսաթ’’ ընկերությանը։ Ըստ ներդրումային ծրագրի, «Ռանսաթ»-ը պարտավորվում է երեք տարվա ընթացքում «Նաիրիտ»-ի արդիականացման մեջ ներդնել 25 միլիոն դոլար ու կաուչուկի արտադրությունը հասցնել 25 հազար տոննայի։

«Նաիրիտ»-ի կառավարման իրավունքը մեզ հնարավորություն կտա բանակցել ու հասկանալ ամեն ինչ՝ կապված այդ ձեռնարկության հետ։ «Նաիրիտ»-ն ունի բավականին շատ պարտատերեր եւ այդ հնարավորությունը մենք կօգտագործենք, որպեսզի լուծենք պարտքերի հարցը», ասաց «Նաիրիտ»-ի նորանշանակ գործադիր տնօրեն Անիլ Կումարը, ավելացնելով, որ գործադիր կառավարումը իրականացվելու է հիմնականում տեղական երիտասարդ կառավարիչների ուժերով:

«Նաիրիտ1»-ի պարտքը ներկայումս կազմում է շուրջ 5 մլն դոլար: Այն գոյացել է մատակարարված էլեկտրաէներգիայի, գազի, ջրի դիմաց չվճարումների հետեւանքով։ Անիլ Կումարի մատուցմամբ, «Նաիրիտ»-ը կվերագործարկվի այն ժամանակ, երբ կավարտվեն բանակցությունները բոլոր պարտատերերի հետ, ու կկազմվի պարտքերի մարման ժամանակացույցը։

«Ռանսաթ»-ը մտադիր է «Նաիրիտ»-ում նոր տեխնոլոգիա ներդնել. կաուչուկ ստանալ ոչ թե բնական գազից սինթեզվող ացետիլենից, այլ ներկրվող բութադիենից, ինչն ավելի էժան է ու էկոլոգիապես մաքուր։

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք հնդկական ընկերությանը չի՞ մտահոգում Հայաստանի երկաթուղային շրջափակումը, «Նաիրիտ»-ի նոր տնօրենն ասաց. «Հայաստանի աշխարհագրական դիրքը մեզ չի մտահոգում, քանի որ արտադրածը դեպի եվրոպական շուկա տանելու համար կօտագործենք Վրաստանի Փոթի նավահանգիստը, իսկ ասիական շուկաներ՝ Իրանի Բանդրբաս կայարանը»:

Անիլ Կումարն այսօր նաեւ, թե վերջնական արդյունքում «Նաիրիտ»-ի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը, այսինքն, առնվազն 51 տոկոսը, իբրեւ սեփականություն անցնելու է «Ռանսաթ»-ին, ավելացնելով, թե իրենք դեմ չեն սեփականության հարցում համագործակցել ուկրաինական «Ինտերկոնտակտ» ընկերության հետ, որը նույնպես «Նաիրիտ»-ը գնելու ցանկություն էր հայտնել։

Փաստաթղթի ստորագրման արարողությանը մասնակցում էր նաեւ «Ինտերկոնտակտ»-ի գործադիր տնօրեն Վիտալի Բուչկոն, որը թեեւ չբացառեց «Նաիրիտ»-ի ներդրումային ծրագրին իր ընկերության մասնակցությունը, սակայն հրաժարվեց ավելի մանրամասն խոսել:

«Եթե Հայաստանը ցանկանում է իր տնտեսությունը զարգացնել, ապա պետք է զարկ տա օտարերկրյա ուղղակի ներդրումներին եւ ոչ թե օգնություններին, իսկ Լոնդոնը լավագույն տեղն է, որտեղ կարելի է գտնել այդ ներդումները», - ասաց Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմոթի Ջոնսը, ակնարկելով, որ իր երկրի կառավարությունը ամեն կերպ սատարելու է այս ծրագրին։

Հայաստանյան պաշտոնյաները ակնհայտորեն գոհ էին կնքված գործարքից: «Ես պարզապես գոհ եմ, որ գտնվեց ընկերություն, որը այդ համարձակությունը վերցրեց իր վրա», - ասաց արդյունաբերության եւ առեւտրի նախարար Կարեն Ճշմարիտյանը:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG