Մատչելիության հղումներ

«Հեռահաղորդակցության մասին» օրենքում փոփոխություն մտցնելու հարցով արտահերթ նիստը չկայացավ


Չորեշաբթի օրը 48 պատգամավորների ստորագրություն հավաքած Արշակ Սադոյանի նախաձեռնությամբ նշանակված Ազգային ժողովի արտահերթ նիստը չկայացած՝ քվորում չլինելու պատճառով:

Քվորում ապահովելու համար պահանջվող 66 պատգամավորի փոխարեն դահլիճում ընդամենը 45 պատգամավոր էր, այսինքն՝ ավելի քիչ, քան ստորագրել էին արտահերթ նիստ հրավիրելու պահանջի տակ:

Փոփոխությունը, նախաձեռնողների ակնկալիքով, պիտի արգելեր րոպեավճարի կիրառումը Հայաստանի տարածքում՝ մինչեւ բոլոր բաժանորդների համար հավասար պայմանների ստեղծումը: Փետրվարի մեկից ուժի մեջ րոպեավճարի կիրառումը վերաբերում է միայն թվայնացված հեռախոսակայանների բաժանորդներին, որոնք կազմում են բոլոր բաժանորդների մոտ երկու երրորդը:

Նախաձեռնությունը պաշտպանել էին «Իրավունք եւ միաբանություն» եւ «Օրինաց Երկիր» խմբակցությունները, խորհրդարանում Հայաստանի ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ) եւ Հայկոմկուսը ներկայացնող պատգամավորներ:

Նախաձեռնությունը չէին պաշտպանել կապի ոլորտում կառավարության գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր պատգամավորական հանձնաժողովի անդամները:

Այսօր ավելի վաղ, կառավարության անդամներին ուղղվող հարցերի շարքում, Արշակ Սադոյանը, հիշեցնելով րոպեավճար չներդրվելու մասին կառավարության խոստումները, հարցրեց վարչապետին, թե արդյո՞ք նա հրաժարական տալու է, քանի որ րոպեավճարն ի վերջո, Կառավարություն -«ԱրմենՏել» 60-օրյա բանակցությունների արդյունքում ներդրվեց:

Կառավարության անունից հարցին պատասխանած արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, որը նաեւ կառավարության անունից վարում էր նշված բանակցությունները «ԱրմենՏել»-ի ղեկավարության հետ, ասաց, որ կառավարությունը հրաժարական չի տալու՝ միաժամանակ «75 տոկոսով իրականության չհամապատասխանող» հայտարարելով Արշակ Սադոյանի բերած տվյալները «ԱրմենՏել»-ի կողմից ներդրումային պարտավորությունները չկատարելու վերաբերյալ:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG