Մատչելիության հղումներ

Խորհրդարանը սկսեց քննարկել «Ազգային անվտանգության մասին» օրինագիծը


Չնայած վերջերս ընդունված «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքին, անվտանգության մասին համապարփակ փաստաթուղթ կամ հայեցակարգ անկախ Հայաստանում դեռեւս չկա:

Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված օրինագիծը ամրագրում է երկրի անվտանգության համակարգի գործառույթները, ներքին եւ արտաքին սպառնալիքների բացահայտումը եւ, ինչն ամենաշատը կարեւորեցին հեղինակները՝ սահմանում է հանրապետության նախագահին առընթեր անվտանգության խորհրդի կարգավիճակը, կազմավորման կարգը, հիմնական խնդիրները եւ այլն:

Անվտանգության խորհրդի աշխատանքն այս պահին հիմնականում կարգավորում է գործող Սահմանադրության ընդամենը մեկ դրույթ. «Երկրի նախագահը կարող է կազմավորել խորհրդակցական մարմիններ»:

Օրինագծի համահեղինակներից Վահան Հովհաննիսյանը իր ելույթում ասաց, թե այդ ինստիտուտը ներկայումս «էֆեկտիվ լինելուց բավական հեռու է»: Համահեղինակներից Վիկտոր Դալլաքյանի խոսքերով, սրանով հստակեցվելու է, թե որտեղ են քննարկվելու երկրի համար կարեւորագույն նշանակություն ունեցող խնդիրները, որտեղ են ընդունվելու որոշումները եւ ով է լինելու պատասխանատուն:

Դալլաքյանը՝ գործող Սահմանադրությունից վկայակոչելով հետեւյալ դրույթը՝ «Նախագահի առաջարկությամբ Ազգային Ժողովը պատերազմ է հայտարարում», ասաց, որ ներկա օրինագիծն ամրագրում է, որ նման առաջարկությամբ նախագահն Ազգային Ժողովին դիմում է անվտանգության խորհրդի հետ խորհրդակցելուց եւ եզրակացություն ստանալուց հետո:

Խորհրդարանում պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանը մի կարեւորագույն խնդիր էլ մատնանշեց, որ պիտի լուծի օրենքը՝ հաշվի առնելով եղած նախադեպերը. - «Չկան եւ չեն կարող Հայաստանում ստեղծվել անվտանգություն ապահովող ինչ-որ մարմիններ, որոնք նախատեսված չեն այս օրենքով: Դրանք ոչ մի տեղ չպետք է ստեղծվեն, հատկապես՝ իշխանության որեւէ մակարդակի վրա»:

Թե' գլխադասային հանձնաժողովների, թե' կառավարության տեսակետն օրինագծին դրական են՝ մինչեւ երկրորդ եւ ամբողջովին ընթերցում որոշակի փոփոխությունների ակնկալիքով: Այս մասին հատկապես իր ելույթում նշեց ազգային անվտանգության առաջին փոխնախարար Գրիգոր Գրիգորյանը:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG