Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ» թերթի մեկնաբանի ընդգծմամբ, երեկ կառավարությունում հաշվետվությունից հետո նախարար Անդրանիկ Մանուկյանի եւ լրագրողների հանդիպման ընթացքում հնչած որոշ մտքեր այնքան սենսացիոն են, որ կարող են ստվերել ցանկացած հաշվետվություն: «ԱրմենՏելին» չսիրելը Մանուկյանի մոտ ջիհադական դրսեւորումներ ունի», - ձեւակերպում է մեկնաբանը, նկատի ունենալով նախարարի հետեւյալ արտահայտությունը. - «Ինչքան հնարավոր լինի, օրենսդրորեն, մասնավոր, ոնց կուզեք, որպես նախարար, որպես մարդ, որպես Անդրանիկ Մանուկյան, ինչ հնարավոր լինի կանեմ «ԱրմենՏելի» դեմ: Դուք շատ լավ իմացեք, եթե հնարավոր լիներ «ԱրմենՏելին» վտարել Հայաստանից՝ կվտարեի»:

Մեկնաբանը չի կասկածում, որ Հայաստանի տնտեսության մեջ ամենախոշոր ներդրումներ կատարած օտարերկրյա այդ ընկերությունը հենց այնպես «կուլ չի տա» Անդրանիկ Մանուկյանի ասածները, Հայաստանում փող լվանալու մեղադրանքը:

«Հայոց Աշխարհ» թերթի մատուցմամբ, Դաշնակցությունը կոռուպցիայի դեմ պայքարի դրոշակակիրն է, եւ հհշամետ լրատվամիջոցները, դրանից սրտնեղած, փորձում են սեւացնել ՀՅԴ-ին: Իսկ որ կոռուպցիան իրականում մարմնավորում են նախկին իշխանությունները, թերթը մեխում է՝ այսօր անդրադառնալով մի քրեական գործի, ըստ որի՝ երկու տարի առաջ ազգականներից մեկը 30 հազար դոլար է կորզել գլխավոր դատախազության քննչական մասի նախկին պետ Սուրեն Գյոզալյանից:

«Որտեղի՞ց նրան այդքան գումար», - հարց է դնում «Հայոց Աշխարհ»-ը: Կարծես ի պատասխան, «Հայկական ժամանակ» թերթում էլ «Որտեղի՞ց քեզ փող» վերնագրի տակ ներկայացվում է «Կրեդիտ-Երեւան» բանկի ավանդատուներից մեկի պատմածը, թե տեսել է, ինչպես Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը այդ բանկից 50 հազար դոլար է հանել:

«Վերջին արտակարգ պատահարն ու դրանից հետո ստեղծված իրավիճակը միանգամից ջրի երես հանեցին քաղաքացիական ավիացիայի կառավարման ոլորտում վերջին 1-2 տարիներին թույլ տրված կոպիտ սխալները», - անդրադառնում է «Հայոց Աշխարհ»-ի թղթակիցը, փաստեր բերելով, մասնավորապես, որ քաղաքացիական ավիացիայի վարչության տրամադրության տակ եղել են բավարար չափով ազատ միջոցներ՝ գոնե մեկ ինքնաթիռի վրա պահանջվող սարքավորումը տեղադրելու համար, բայց բոլոր գումարներն ուղղվել են ղեկավարների աշխատասենյակների վերանորոգմանը, ավելորդ հանգստյան տուն գնելուն:

«Հիմա «Հայկական ավիաուղիներ»-ը ուղեւորների սպասարկումը ստիպված զիջելով այլ ավիաընկերությունների, զրկվելու է հասույթներից», - տխուր հետեւանքներն է ի մի բերում մեկնաբանը: - «Ավելին՝ դեռ մեծ հարց է, թե դեպի Եվրոպա չվերթերը վերսկսելուց հետո «Հայկական ավիաուղիները» կկարողանա՞ն վերադառնալ շուկա, այսինքն՝ օտարերկրյա ավիաընկերություններից հետ բերել իրենց իսկ ուղեւորներին»:

«Առավոտ» թերթի երեկվա՝ «Երկու քրեական գործ Վազգեն Սարգսյանի դեմ» վերնագրով հրապարակման կապակցությամբ հանրապետության գլխավոր դատախազությունը «Հայաստանի Հանրապետություն» թերթում ներկայացնում է պարզաբանումներ, թե «ինչպես Վազգեն Սարգսյանի դեմ, այնպես էլ նրա մասնակցությամբ կատարված որեւէ արարքի կապակցությամբ երբեւէ քրեական գործ չի հարուցել»:

Մուշեղ Սաղաթելյանի դեմ քրեական գործի նախաքննության ժամանակ որպես վկա հարցաքննված Վովա Հախվերդյանը ցուցմունք է տվել, որ «1996 թվականի հոկտեմբերի 26-ին իր նկատմամբ բռնություններ գործադրողը եղել է ոչ թե Մուշեղ Սաղաթելյանը, այլ Մովսես Գեղանգուլյանը եւ Վազգեն Սարգսյանը»:

«Հետագա նախաքննության ընթացքում նրա այդ ցուցմունքները հիմնավորող բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել», - նշում է գլխավոր դատախազությունը: Մինչդեռ «Առավոտ» թերթը այսօր տպագրել է գլխավոր դատախազին առընթեր հատկապես կարեւոր գործերի քննիչ Բաբայանի հունվարի 17-ի որոշումը, ուր գրված է. «Վազգեն Սարգսյանի, Արծրուն Մարգարյանի եւ
Մովսես Գեղանգուլյանի վերաբերյալ քրեական գործի մասով վարույթը կարճել նրանց մահվան կապակցությամբ»:

«Վերջին օրերի ընթացքում մեզանում ինտենսիվորեն ու մեծ ջանասիրությամբ ասպարեզ է նետվում այն գաղափարը, որ Մոսկվան արդեն վերանայել է իր քաղաքականությունը անդրկովկասյան տարածաշրջանի նկատմամբ, եւ աստիճանաբար իր հենման կետը Երեւանից տեղափոխում է Բաքու»: Այս նախաբանի տիրույթներում «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը ընդգծել է. «Եթե անգամ պահպանվի ու իր հետագա զարգացումը ստանա ռուս-ամերիկյան փոխգործակցության սերտացման միտումը, ԱՄՆ-ը մեր տարածաշրջանը չի կարող ամբողջությամբ թողնել Ռուսաստանի եւ' ռազմական, եւ' քաղաքական, եւ' տնտեսական վերահսկողության գոտում: Նա կա'մ պետք է տարածաշրջանից պոկի մահմեդական Ադրբեջանը եւ այն վերահսկի Միջին Ասիայի ու Աֆղանստանի հետ միասին, կա'մ էլ փորձի ողջ Անդրկովկասում հաստատել ռուս-թուրքական հակակշիռների վրա հիմնված կառավարելի բալանս: Ուստի ցանկացած պարագայում, տեսանելի ապագայում, որքան էլ Ռուսաստանը մտերմանա Ադրբեջանի հետ կամ սիրաշահի Վրաստանին, նա առանց իր աջակցության ստեղծված ռազմական լծակի՝ հայկական բանակի, ու աշխարհաքաղաքական հենակետի՝ Ղարաբաղի, չի կարող վճռորոշ դերակատարություն ունենալ Անդրկովկասի գործերում: Այդ պատճառով, երկու կողմերի կամքից անկախ, օբյեկտիվորեն հայ-ռուսական փոխգործակցությունը եղել եւ շարունակում է մնալ ու զարգանալ փոխադարձ շահերի հաշվառման սկզբունքների վրա»:

«Չնկատելու տալ ռուս-ադրբեջանական հարաբերությունների ակնառու հաջողությունները սխալ կլիներ», - իր հերթին անդրադառնում է «Առավոտ»-ը: - «Մոսկվայի եւ Ադրբեջանի հարաբերությունների ջերմացումը լրագրողական չափազանցության հետեւանք չէ»: Ըստ հայտարարությունների, «ստացվում է, որ այսուհետ Հարավային Կովկասում Ռուսաստանն ունի երկու՝ միմյանց հետ հակամարտող ստրատեգիական գործընկերներ... Մենք այսքան տարի անմնացորդ նվիրվեցինք ստրատեգիական գործընկեր համարվելու գործին՝ հուսով, որ Ռուսաստանն էլ կփոխադարձի մեր զգացմունքները: Բայց՝ ոչ: Այժմ Հայաստանը, Ռուսաստանը եւ Ադրբեջանը դասական սիրային եռանկյունի են ձեւավորել: Քաղաքականության մեջ էլ է գործում դասական սիրավեպի կանոնը. ով քեզ ավելի քիչ է սիրում, քո կիրքը հենց նրա հանդեպ է բոցավառվում»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG